Արամը բաճկոնի օձիքով ծածկել էր ականջները և մի ձեռքով բերանի կողմը բռնել այն: Սառը կաթիլները, որ ոչ ձյուն էր, ոչ էլ անձրև, առատորեն թափվում էին վրան: Իսկ ոռնացող քամին թվում էր` ուր որ է կվերցնի նրան ու ծառերի չոր ճյուղերի հետ կքշի հեռու: Քամին ու փոթորիկը ոչ միայն դրսում էին, այլև նրա մտքերում: Հազար ու մի հիմար ու տհաճ պատկերներ էին գալիս անցնում, և նա կատաղությունից սեղմած ատամների արանքից շշնջում էր.
-Այդ երեխան եղբորիցս է, հաստատ նրանից է:
Ապա, կարծես կռիվ տալով իր մեջ գտնվող ուրիշ մեկի հետ, ով հակառակվում էր իրեն,որ նման բան չի կարող լինել, ասում էր.
-Հա՞, դե եթե այդպես չէ, ինչո՞ւ է այդքան նման նրան. ոչ նրանից է, հաստատ նրա երեխան է, ես դա չեմ կարող հանդուրժել, չեմ կարող…
Աչքերը ամբողջովին արյունով էին լցվել, խանդը կնոջ հանդեպ նրան խելագարության էր հասցնում: Ուր նայում էր, ում նայում էր, ամեն տեղ միայն մի տեսարան էր աչքին` կինը եղբոր գրկում:
Խանդ կոչվող զգացումը, երբ բույն է դնում մարդու մեջ, նա չի էլ հասկանում` ինչու է խանդում, դեպքեր, փաստեր, կամ պատճառներ ու ապացույցներ դրա համար կարևոր չեն, նա կարող է նաև առանց դրանց խանդել: Խանդելու համար պետք են միայն կասկածներ: Իսկ Արամին ամեն ինչ էր կասկածելի թվում. Ճանապարհին հարևան պառավը կողքով անցնելիս մրմնրջում էր, ինքն իր հետ: Արամը դա կարող էր վերագրել, որ կնոջ ու եղբոր կապի մասին է մրմնջում: Թաղի ջահել հարսները իր մոտենալը տեսնելով ամոթխած գլուխները կախում էին ու բարևին գլխով պատասխանում: Արամը մտածում էր, որ հաստատ տեսել են կնոջը եղբոր հետ, ամաչում են իր դեմքին նայել: Գյուղի մեծահասակ տղամարդիկ, որ հավաքվում էին գյուղամեջի մեծ ընկուզենու տակ, չիբուխ ծխում ու զրուցում, ինքը կողքներով անցնելիս լռում էին, սպասելով, որ անցնողը բարևի կամ ոնցություն իմանա: Արամը մտածում էր որ կնոջ ու եղբոր մասին էին խոսում, հենց իրեն տեսան, լռեցին:
Արամը խելագարի պես խանդում էր, և ոչ թե, որ եղբորը տեսել էր կնոջ հետ, կամ նման բան լսել, այլ ուղղակի խանդոտ էր:
Արդեն տաս տարի ամուսնացած էր Սիլվայի հետ, և այդ ընթացքում գյուղում ոչ մի տղամարդ չէր եղել, որին չկասկածեր, թե կնոջ վրա աչք ունի: Ավելի կասկածամիտ ու խանդոտ դարձավ, երբ մեկ տարի առաջ պատերազմից վիրավորված ոտքի ու ծնոտի պատճառով տուն եկավ ու տեսավ, որ երրորդ երեխան, որն իր բացակայության ընթացքում մեծացել էր, որքան է նման եղբորը: Նա չմտածեց էլ, որ նորմալ է,որ մարդիկ կարող են անգամ իրենց նախապապին նման լինել, այլ միանգամից վճռեց` երեխան եղբորից է, թե ինչպես կարող էր լինել, մանրամասների մեջ էլ չխորացավ, երկար բարակ չմտածեց, կասկածեց ու վերջ: Առանց պատճառ ասելու, դադարեց շփվել եղբոր հետ, մոր հարցերին թե ինչու ինքը, կամ երեխեքը իրենց տուն չեն գնում, անպատասխան էր թողնում:
Ներս մտավ անտաշ քարից սարքած փոքրիկ տունը: Կինը, որ ճոճին կռթնած երեխային էր կերակրում վեր թռավ տեղից, երեխան սկսեց լացել:
-Ինչի՞ վեր կացար,- գոռաց Արամը,-կտրի դրա սասը, թե չէ վայ քեզ:
Կինը նորից կրթնեց երեխայի վրա: Ութ և հինգ տարեկան տղաներն ու յոթ տարեկան աղջիկը քաշվել էին թախտի մի անկյունն ու կծկված հպվել միմյանց, ու սպասում էին, որ նորից կսկսվեն գոռգոռոցներն ու ծեծկռտուքը: Երեխաների վրա վերևից անձրևի կաթիլ էր թափվում: Արամը հիմա էլ նրանց վրա գոռաց.
-Անասուն հո՞ չեք այ լակոտներ, չեք տեսնում անձրևը վրաներդ է թափվում, այստեղ եկեք:
Երեխաները վախվորած մոտեցան նրան: Նա գրպանից երեք կոնֆետ հանեց ու մեկնեծ երեխաներին, նրանց մանկական աչքերը կայծկլտացին ու դանդաղ դողացող ձեռքերը մեկնեցին կոնֆետին, բայց Արամը բան հիշելով, վեր թռավ նստած տեղից:
-Սպասեք…
Երեխաները հետ քաշվեցին: Նա մի պահ նայեց կոնֆետներին, ապա ինքը տվեց այն երեխաներին: Նրանք կոնֆետը վերցնելով բարձրացան նորից թախտին: Կինը վերջացնելով երեխային կերակրելը զինվորի նման պատրաստ կանգնեց ամուսնու առջև, սպասելով, որ նա կսկսի հայհոյանքները, ապա ձեռքով կբամփի գլխին, իսկ հետո աքացու տակ կգցի, բայց ի զարմանս նրա և երեխաների, դա տեղի չունեցավ, Արամն այսօր շատ հանգիստ էր: Նա հայացքը հառել էր անորոշությանը, դեմքը խաղաղ էր, միայն ծնոտի նյարդերն էին կծկվելով մերթ ընդ մերթ այն մի կողմ թեքում:Երեխաները պառկել էին քնելու: Սիլվան լաթի կտորներ մտցրեց կաթացող տանիքի անցքերը, ապա մոտեցավ երեխաներին` ծածկելու: Նա նայեց երեխաներին, յուրաքանչյուրն իր ձեռքի մեջ բռնել էր իր կոնֆետի թուղթը, տեսնելով, որ փոքրի ձեռքի թուղթը ուրիշ է` Սիլվայի մարմնով սարսուռ անցավ, մայրական բնազդով ինչ-որ տհաճ բան զգաց, բայց համարձակություն չունեցավ ամուսնուն հարցնելու, թե ինչու են տարբեր, և կամ որտեղից նրան կոնֆետները:
Երեխաներին մի անգամ էլ նայելով, նա անթեղեց մխացող կրակը, ապա պառկեց ամուսնու ոտքերի տակ:
Երկար ժամանակ չէր կարողանում քնել, բայց ի վերջո հոգնած կոպերը փակվեցին: Առավոտյան սովորականի նման արթնացավ, երկար փչելով վառեց կրակը, կարասին դնելով վրան, ջուր լցրեց, ապա նախորդ օրը երեխաների բերած նորածիլ բանջարը, իսկ աղի փոխարեն կոլտնտեսությունից բերած պանրի աղաջուրը:
Մեծ տղան նստելով անկողնու մեջ, փոքրին նկատի ունենալոց ասաց.
-Մամ, ապերը բանջար շատ է սիրում, իրա համար եմ ձեռքերս ցավացնելով քաղել:
-Ապրես բալես, ես էլ եփում եմ, որ ուտի, քանի օր էր ուզում էր,-ասաց Սիլվան, ու չգիտես ինչ ուժի դրդմամբ արագ մոտեցավ երեխային, միգուցե այն պատճառով, որ նա բոլորց շուտ էր արթնանաում, իսկ այսօր ինչ-որ երկար է քնում: Սիլվան մոտեցավ թեթև հրեց երեխային, երեխան չարձագանքեց, ավելի ուժեղ հրեց, նորից նույինն էր, բռնեց ձեռքը` սառն էր ու թույլ, ապա ականջը մոտեցրեց քթին` չէր շնչում, ձեռքը դրեց երեխայի կրծքին` անդորություն էր: Սիլվան ճչաց.
-Վայ երեխես, երեխես չի շնչում:
Արամը կարծես թե հենց դրան էր սպասում, վեր թռավ տեղից ու կաղալով մոտեցավ կնոջը.
-Ին՞չ ես գոռում:
-Երեխես, երեխես չի շնչում, տունս քանդեցիր, երեխուս թույն տվեցիր, կոնֆետով խաբեցիր, կարծում ես չեմ հասկանում:
-Ձայնդ կտրի շան քած,-գոռաց Արամն ապտակելով կնոջ բերանին:
Արյունը շատրվանի նման ժայթքեց:
-Ախր ինչո՞ւ,-արյունոտ բերանից բռնելով ու ընկնելով գետնին հարցրեց կինը,- էդ անմեղ երեխեն քեզ ի՞նչ էր արել:
-Ապա ի՞նչ էիր ուզում լիրբ, -հարցրեց Արամը ընկած կնոջը աքացի տալով,- որ ամբողջ գյուղը հետևիցս ծիծաղի, թե կնիկս ախպորցս երեխա է բերել:
-Ախր դա այդպես չի, մաքուր անունս ամբողջ գյուղով մեկ խայտառակ արեցիր հերիք չէր, հիմա էլ երեխուս սպանեցիր:
-Ասացի կտրի ձայնդ,-ասաց Արամը ու մոլեգնաբար մեկ մի ոտքով, մեկ մյուսով սկսեց հարվածել կնոջը:
Ճոճի երեխան ճչում էր, երկու մեծերը կծկված սեղմվել էին իրար ու լուռ հեկեկում էին:
Չգիտես ինչու ամբողջ կյանքում գարնանային այդ առավոտը մի այլ ձևով էին հիշում` անխոս, անհիշատակ, միգուցե նրա համար, որ ապերը սիրած բանջարը չկերավ, կամ էլ,որ երեկոյան ծեծկռտուքը առավոտ էր տեղափոխվել……..