
Վերջերս մեծ աղմուկ է բարձրացրել հայ հոգևորականների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության 20 ամյակին նվիրված զորահանդեսին: Երկար տարիներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին զուրկ է եղել իր քարոզչությունն ու ծառայությունն իրականացնելուց և հայորդիներին իր հորդորն ուղղելուց: Փոխարենն ուրախ լինենք, որ այսօր հոգևոր դաստիարակությունը մի շարք ոլորտներում առաջնային է /այդ թվում հայոց բանակում/` մեր վերաբերմունքով ծանր քար ենք նետում առանց աjդ էլ տասնյակ տարիներ քողարկված ու հալածված մեր մայր Եկեղեցու վրա: Ակնհայտ ու բացահայտ է աղանդների քայքայիչ ազդեցությունը հատկապես երիտասարդության շրջանում, տարատեսակ եվրոպական չափանիշներով հայկական ընտանիքների քայքայումն ու ապագա սերունդի խարխուլ մտածելակերպը: Էլ ինչու ենք մեր վարկաբեկող ու քննադատող հայացքն ուղղում 70 տարի հոգածությունից դուրս մնացած մեր մայր եկեղեցու հոգևորականությանը, ու նրա կատարած ծանր աշխատանքը նման կերպ ընդունում: Իսկ որ ոլորտում չկան անարժան ծառայողներ, որ ոլորտն է փայլում իր բացարձակ անսխալությամբ, գուցե կառավարական, իրավական, վարչական կամ գուցե դատական… չենք ժխտում, որ ոչ մեկում: Պարզապես չենք ուզում, թե իսկապես չենք նկատում Հայ Առաքելական եկեղեցու հոգածության տակ գտնվեղ հայորդաց տների գործունեությունը, որտեղ հարյուրավոր երեխաներ, բացի տարբեր ոլորտներում մասնագիտանալուց, ստանում են հոգևոր դաստիարակություն, տարբեր եկեղեցասեր երիտասարդների կատարած աշխատանքը եկեղեցու առաքելության ծիրից ներս, բարեգործություններ մանկատներում և ծերանոցներում, բանտեր և տարբեր բժշկական հաստատություններ այցելող հոգևորականների ծանր ապրումները, խուլ ու համրերի համար հատուկ ժեստերի լեզուն սովորելն ու նրանց հոգևոր աշխարհ <<տեղափոխելը>>: Պարզապես մեր տհաճ սովորությունն է, ամեն տեղ վատ բան փնտրելն ու քննադատելը` բաժակի մեջ փոթորիկ:
Ես, որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ երիտասարդ, ուզում եմ, որ առավել շատ խոսվի այն մասին, թե ինչ գործունեություն է ծավալում մեր եկեղեցին, պարզապես վստահ դիքորոշում կա, որ ծնողը երբեք չի բարձրաձայնում, թե ինչպես է կատարել իր զավակի հանդեպ ունեցած պարտավորությունները և ինչպես է խոնհարաբար ծառայում իր զավակին` ակնկալելով, որ նա էլ հավուր պատշաճի կնդունի ու կգնահատի իր կատարած <<պարտքը>>:
Մերի Մակարյան
|