Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ծառայել պարտավոր են բոլորը 
+ 01.06.2014 +
Բաց նամակ 
+ 30.07.2013 +
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ 
+ 24.05.2013 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
Ժամանակների գնհատականը 
+ 15.08.2012 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
ԱՆՑՈՒԴԱՐՁ 
+ 07.12.2014 +
Կարոտում եմ մանկությունս 
+ 25.07.2013 +
«Տանգոն մենակ չեն պարում» 
+ 22.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 9 » Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգության.
23:12
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգության.
Դարերի ընդմիջումից հետո Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովում խոսվեց եկեղեցու բարեկարգման եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին, մասնավորապես` կարեւորելով ժողովի առաքելությունը հատկապես ծիսական, կանոնական եւ դավանաբանական հարցերի ուսումնասիրման եւ սահմանումների բանաձեւման գործում: Ընդգծված բարեփոխումների մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ Հայ Եկեղեցու ծիսականոնական կյանքը: Ուստի պատահական չէ, որ եպիսկոպոսաց ժողովի օրակարգային հարցերից էր նաեւ Ս. Մկրտության խորհուրդը: NEWS.am-ի հետ զրույցում Ժողովի եւ մասնավորապես Ս. Մկրտության խորհրդի հետ կապված հարցերին է անդրադարձել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական բաժնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Ի՞նչ գործառույթներ ունի եպիսկոպոսաց ժողովը եւ կա՞ն արդյոք այդ մասին պատմական տեղեկություններ:

Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր բարձրագույն իշխանության մարմինն է, որը դավանաբանական, ծիսական, եկեղեցագիտական, կանոնական, բարոյական, միջեկեղեցական հարցերի շուրջ որոշումներ է կայացնում: Հարկ է նշել, որ ժողովների միջոցով խնդիրներ լուծելու այս ավանդույթը սկիզբ է առել դեռեւս առաքելական շրջանից, կենցաղավարել Ընդհանրական Եկեղեցում եւ բնականաբար որդեգրվել նաեւ մեր եկեղեցու կողմից: Հայոց Եկեղեցու պատմության ընթացքում նույնպես տեղի են ունեցել մի շարք ժողովներ, որոնք ոչ միայն պատասխանել են եկեղեցին տվյալ ժամանակաշրջանում հուզած հարցերին, այլ նաեւ սահմանվել են որոշակի կանոններ: Վերջին շրջանի համար պետք է հիշատակել 1917 թ. հունիսին Ս. Էջմիածնում Գեւորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կողմից եւ 1956 թ. մարտին Կահիրեում Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից հրավիրված ժողովները, ինչպես նաեւ 1962, 1969 եւ 2003 թթ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված եպիսկոպոսաց հավաքները:

Համայն հայության հոգեւոր կենտրոնում՝ Ս. Էջմիածնում, օրեր առաջ տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովը տարբերվեց նրանով, որ դրան մասնակցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասը: Ուրախությամբ պիտի արձանագրենք նաեւ, որ պատմական այս ժողովն անցավ աղոթքի եւ եղբայրական սիրո մթնոլորտում:

Որո՞նք են ծիսական, կանոնական այն հարցերը, որոնք առաջիկա եպիսկոպոսաց ժողովը պետք է քննարկի եւ արդյո՞ք այժմ պահանջ կա ծիսական կամ կանոնական հարցեր քննարկելու:

Այսօր, առավել քան երբեւէ, ժամանակի պահանջն է եւ իրական անհրաժեշտություն պարբերաբար անցկացնելու եպիսկոպոսական նմանատիպ ժողովներ, քանզի եկեղեցում առաջացել եւ կուտակվել են բազում հարցեր, որոնք հստակ պատասխաններ են պահանջում: Ժամանակակից մարտահրավերները, հասարակությունների համատարած աշխարհիկացումը, հոգեւոր-բարոյական արժեքների խեղաթյուրումը, կենսաբարոյագիտական բազում խնդիրներ, արարչագործության պսակ հանդիսացող, Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված մարդու առաքելության եւ նշանակության նենգափոխումը եւ այլ բազում հարցեր հուզում են մեր ժողովրդին: Իսկ եպիսկոպոսաց ժողովը հենց այն մարմինն է, որը պետք է արձագանքի առկա խնդիրներին եւ ընդունի որոշումներ ողջ Հայոց Եկեղեցու համար, որոնք ուղենիշային կլինեն նաեւ մեր հավատացյալների համար: Այլ խոսքով՝ այսօր կենսական պահանջ է, որպեսզի Հայոց Եկեղեցին իր դիրքորոշումն ու կեցվածքն արտահայտի վերոգրյալ խնդիրների վերաբերյալ:

Եկեղեցին, լինելով աստվածահիմն հաստատություն, նաեւ կենդանի օրգանիզմ է, որը մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգության: Մեր եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, որ հոգեւորականությունը միշտ զգացել է ժամանակի զարկերակը եւ հենց տվյալ ժամանակի լեզվով բացատրել աստվածային ճշմարտությունները ու մեր ժողովրդի զավակներին առ Աստված առաջնորդել: Այսօր էլ իրավիճակը նույնն է. մարդիկ ցանկանում են իմանալ եւ լսել, թե ի՛նչ է մտածում կամ ի՛նչ դիրքորոշում ունի Մայր Եկեղեցին այս կամ այն հարցի շուրջ:

Չպետք է մոռանալ, որ ծեսը մի ճանապարհ է, որով մարդ նաեւ մասնակից է դառնում եկեղեցու կյանքին: Ծեսն ինքնին գործնական միջոց է հոգեւորականի համար՝ շփվելու հավատացյալի հետ եւ հաղորդակից լինելու նրա հոգեւոր պահանջմունքներին: Ուստի ծիսական կյանքի կարգավորումը եւ դրանից բխող կանոնական խնդիրների հստակեցումը շատ կարեւոր են եւ առաջնային, ինչպես նաեւ ուղղորդող եկեղեցու անդամների համար:

Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովը որդեգրեց Հայոց Ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը: Արդեն հստակ է, որ առաջիկա եպիսկոպոսաց ժողովներին կքննարկվի եւ կընդունվի սրբադասման կանոնը, որի արդյունքում տեղի կունենա նաեւ Հայոց Ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասումը: Նշենք, որ եպիսկոպոսաց ժողովը հանձնարարեց Սրբադասման հանձնախմբին շարունակել Ցեղասպանության նահատակների անհատական եւ խմբային սրբադասման ուսումնասիրությունները: Վստահ ենք, որ սա լինելու է պատմական եւ շրջադարձային պահ մեր Եկեղեցու կյանքում վեցդարյա ընդմիջումից հետո: Սույն ժողովում նաեւ կքննարկվի եւ կընդունվի Ս. Մկրտության խորհրդին առնչվող հարցերի ուղեցույցը եւ ուսուցողական-խրատական ձեռնարկը, որոնց հարցում անհրաժեշտություն նկատվեց հավելյալ ուսումնասիրությունների:

Տարբեր հարցազրույցների եւ նաեւ ժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է Ս. Մկրտության խորհրդի կատարման միօրինակության անհրաժեշտությունը: Ինչո՞վ էր այն պայմանավորված:

Ս. Մկրտությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու խորհուրդներից առաջինն է, որով մարդ մաքրվում է ադամական կամ սկզբնական մեղքից՝ դառնալով քրիստոնյա եւ Եկեղեցու անդամ: Ինչպես Հիսուս Քրիստոս է ասում. «Եթե մեկը ջրից եւ Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ. Գ 5), իսկ մեկ այլ տեղում՝ «Ով հավատա եւ մկրտվի, փրկվելու է, իսկ ով չհավատա, դատապարտվելու է» (Մարկ. ԺԶ 16): Հետեւաբար Քրիստոսի Եկեղեցուն անդամագրվելու եւ քրիստոնյա դառնալու համար Ս. Մկրտությունը գլխավոր եւ անհրաժեշտ պայմանն է, որից հետո սկսվում է քրիստոնյայի հոգեւոր կյանքը: Հաշվի առնելով Ս. Մկրտության խորհրդի նշանակությունը եւ դերակատարությունը մարդու կյանքում՝ Հայոց Եկեղեցու Ծիսական հանձնախումբը ձեռնամուխ եղավ այս խորհրդի հետ կապված մի շարք խնդիրների ուսումնասիրությանը՝ միասնական բնագրի, խորհրդին առնչվող հարցերի ուղեցույցի, երախայի եւ կնքահոր համար նախամկրտական-ուսուցողական ձեռնարկի պատրաստություն:

Այժմ մեր եկեղեցիներում Ս. Մկրտության արարողությունը գործնականում կատարվում է վերջին հարյուրամյակում տպագրված Մաշտոցներով, որոնցում ծեսի բնագիրը տարբերվում է իր միավորներով եւ ժամանակային տեւողությամբ: Բացի այդ, հոգեւորականն ինքն է ընտրում, թե ինչ Մաշտոցով կատարի խորհրդակատարությունը, որը երբեմն բազում հարցեր է առաջացնում հավատացյալների մոտ՝ կապված մասնավորապես ծեսի երկար կամ կարճ լինելու հետ: Ուստի հաշվի առնելով վերոգրյալ խնդիրները եւ նկատի առնելով ժամանակի պահանջը՝ Ծիսական հանձնախումբը պատրաստեց Ս. Մկրտության եւ Ս. Դրոշմի արարողությունների միասնական մեկ բնագիր հայկական բոլոր եկեղեցիների համար, որպեսզի հույժ կարեւոր այս խորհուրդների հարցում պահպանվի ծիսական միօրինակությունը: Ի գիտություն տեղեկացնենք, որ եպիսկոպոսաց ժողովում հաստատված բնագիրը պատրաստվել է՝ հիմնվելով մեր ձեռագիր եւ տպագիր ողջ ժառանգության վրա: Կատարվել է հսկայածավալ աշխատանք, որի արդյունքներն էլ հանձնվեցին եպիսկոպոսաց ժողովի ուշադրությանը:

Մյուս խորհուրդների ծեսի ընթացակարգը նույնպես տարբե՞ր է: Հաջորդ ժողովների քննարկման նյութ կարո՞ղ են դառնալ այդ խորհուրդների միօրինականացման հարցերը:

Բնականաբար ծիսական կյանքը մշտապես կարիք ունի բարեկարգման, նորացման եւ կանոնակարգման: Կարծում ենք, որ Ս. Մկրտության միասնական բնագրի մասին եպիսկոպոսաց ժողովի ընդունած որոշմամբ հիմք է դրվում մի երկարատեւ գործընթացի, որի նպատակն է ընդհանրապես Հայոց Եկեղեցու ծիսականոնական կյանքի բարեկարգումն իր ամբողջության մեջ: Այսօր առաջնային անհրաժեշտություն է ոչ միայն խորհուրդների արարողության բնագրերի միօրինակություն ապահովելը մեր եկեղեցական կյանքից ներս, այլ առավել եւս դրանց առնչվող կանոնների հստակեցումը, կանոնակարգումը եւ ժամանակի պահանջներից դրդված նոր կանոնների ստեղծումը: Օրինակ՝ այժմ Ս. Պսակի խորհրդին առնչվող բազում խնդիրներ կան, որոնք մեծ մասամբ ոչ թե բնագրային են, այլ առավելաբար կանոնական-իրավական՝ կապված խառնամուսնությունների, ամուսնալուծության ինստիտուտի, հոգեւոր-բարեպաշտական եւ այլ խնդիրների հետ: Ուստի եկեղեցին պարտավոր է ժամանակակից մարտահրավերների համատեքստում պատասխանել առաջացած բոլոր հարցերին՝ հիմնվելով Ս. Գրքի, Սրբազան Ավանդության եւ հայրախոսական աղբյուրների հիման վրա: Նմանատիպ հարցեր կան նաեւ թաղման ծեսի, Կարգ հիվանդացի եւ այլ ծիսական հարցերում: Հետեւաբար, ժամանակն է հաստատուն քայլերով ամբողջական բարեփոխման ենթարկել եւ առավել հստակեցնել մեր եկեղեցու ծիսականոնական կյանքը: Ի վերջո՝ եկեղեցու առաքելությունը երեկ եւ այսօր նույնն է՝ առաջնորդել մարդուն դեպի փրկություն, իսկ եկեղեցու խորհուրդներն օգնում են մարդուն առավել մերձենալու Տիրոջը:

Հայր սուրբ, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եպիսկոպոսաց ժողովի իր խոսքում անդրադարձավ եկեղեցական կյանքում աշխարհականների մասնակցության եւ առավել ներգրավման խնդրին: Որքանո՞վ է աշխարհականաց դասն ընդհանրապես մասնակից մեր եկեղեցու կյանքին:

Հայոց Եկեղեցին այս առումով նույնպես տարբերվում է մյուսներից իր լայնախոհությամբ եւ ժողովրդավարական սկզբունքներով, քանզի ոչ հոգեւորական դասը՝ աշխարհականները, մեծ դերակատարություն ունեն հատկապես մեր Եկեղեցու վարչական, համայնքային եւ այլ կառույցներում, որոնք աջակից եւ զորավիգ են հոգեւորականներին՝ իրենց առաքելությունն առավել նվիրվածությամբ եւ ամբողջականորեն կատարելու գործում: Աշխարհականների մասնակցությունը եկեղեցական կյանքում անկասկած նորություն չէ մեզ համար, քանզի սկիզբ է առնում դեռեւս 444 թ. տեղի ունեցած Շահապիվանի ժողովով, որին մասնակցում էին ոչ միայն եպիսկոպոսներ, վանականներ, սարկավագներ, երեցներ, այլ նաեւ նախարարներ, ազատներ եւ շինականներ: Չպետք է մոռանալ նաեւ այն կարեւոր փաստը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը, որի ճնշող մեծամասնությունն աշխարհականեր են: Գերագույն Հոգեւոր Խորհրդի կազմում նրանք նույնպես ներկայացված են: Ինչ վերաբերում է ներկայիս Հայոց Եկեղեցու թեմերում ներդրվող թեմական ուղենիշային կանոնադրությանը, որի առնչությամբ հաճախ հնչում են քննադատություններ, թե եկեղեցական դասը ամեն իշխանություն ջանում է իր ձեռքը վերցնել, տեղեկացնենք, որ ըստ ուղենիշների, որոնք հրապարակված են, ներթեմական վարչական բոլոր կառույցներում աշխարհականների ներկայությունը, հետեւաբար եւ ձայնը գերակշիռ է: Օրինակ` ծխական խորհրդի կազմում միակ եկեղեցականը հոգեւոր հովիվն է, թեմական խորհրդում 1/3 եկեղեցականներ են, 2/3 աշխարհականներ, նույնն է պարագան նաեւ թեմական-պատգամավորական ժողովի:


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 667 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024