«Եվ Ես ձեզ հետ եմ» - Առաքյալները այս իրավունքով էր, որ սկսեցին իրենց քարոզչությունը երկրի չորս ծայրերում. մեր Տեր Հիսուս Քրիստոսի անմիջական ներկայությունը և աջակցությունը իրենց հետ ունենալով: Եվ այս իրավունքով էր, որ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները քարոզչություն իրականացրեցին Հայաստանում: Եվ այս իրավունքով է, որ Հայաստանյանց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին առաջնորդել և առաջնորդում է իր ժողովրդին դեպի փրկություն, դեպի երկնքի արքայություն, դեպի դրախտ: Մեր պատմության բոլոր քառուղիներով եկեղեցին հաստատուն է մնացել իր այս առաքելությանը, և մեր Տիրոջ խոսքը « Եվ Ես ձեզ հետ եմ» մշտական մասնակցություն ունենալով իր քարոզչության ճանապարհին:
Անմիջականորեն Հիսուս Քրիստոսից իր քարոզչության իրականացման իրավունքը ստանալով, մեր եկեղեցին որպես իրավահաստատ իր առաքելությունն է իրականացրել և իրականցնում է՝ զորացնելով հավատը, աստվածգիտությունը, եկեղեցասիրությունը իր ժողովրդի կյանքում, նաև ներգրավելով իր հավատացյալներին այս կարևոր գործում:
«Արարատ» հոգևոր միությունը, որպես Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փոքրիկ հատիկ այս սկզբունքի վրա է իրականացնում իր գործունեությունը: Եվ այս համոզումով էր, որ 1988 թվականին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, այդ շրջանի Առանորդական Փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, այժմյան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Արարատ» հոգևոր միությունը: Միության ստեղծման հիմնական նպատակն էր հայ մարդուն ուսուցանել աստվածային պատգամները, Առաքելական մայր եկեղեցու ուղղափառ դավանությունը, սրբազան ավանդություններն ու Հայ եկեղեցու պատմությունը, ձևավորել բարի, ազնիվ ու առաքինի նկարագրով, հոգևոր գիտելիքներով զինված հայորդիներ:
Վեհափառ հայրապետը ինչ տեսլականով, որ հիմնադրեց միությունը, այդ նույն ճանապարհով էլ այն ընդհանում է այսօր:
Թեմակալ առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այժմ «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվն է Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը:
Այօր միությունը հոգևոր մի կառույց է, որն ունի համանուն երգչախումբ, պարախումբ, լրագրողների, սրբանկարչության, համակարգչային հմտությունների, անգլերենի դասընթացներ, Էթիկայի դպրոց և բազմաթիվ ձեռնարկներ` քարոզչական, սոցիալական, կրթական, մշակույթային, ինֆորմացիոն, ինչպես նաև իրականացնում է ուխտայցեր:
Միության գործունեության արտահայտություններից մեկն էլ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 13-ից 20-ը նախաձեռնած ուխտագնացությունն էր դեպի Սուրբ Երկիր` Երուսաղեմ:
Ավետյաց երկիր մեկնեցին, «Արարատ» երգչախումբը, իրենց հոգևոր երգերով տեղի եկեղեցիներում աղոթելու, Սուրբ և Անմահ Պատարագներին դպրաց բաժինը կատարելու, ինչպես նաև համերգային ծրագրով` տեղի հայկական համայնքին ներկայանալու համար: Շողակաթ հեռուստաընկերության նկարահանող խումբը, նկարահանելու և լուսաբանելու ուխտագնացության ընթացքը, Երուսաղեմի Հայոց ժառանգությունը, ինչպես նաև տեսագրելու Տերունական վայրերում «Արարատ» երգչախմբի հոգևոր կատարումները, որոնք ներկայացվելու են հանրությանը, որպես տեսահոլովակներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ով, պիտի մկրտվեր Հորդանան գետում և համացանցում ամենօրյա ֆոտոռեպորտաժներով պիտի ներկայացներ ուխտագնացության ընթացքը և շատերի վկայությամբ Հայրենիքում դիտողներն էլ, կարծես մասնակից դարձան ուխտագնացությանը:
Նաև ուխտավորներ, որոնց թվում էին տարբեր ոլորտի և մասնագիտության անձեր՝ տնտեսագետ Ռոզա Ծառուկյան, բժշկուհի Կարինե Սարգսյան, գործարարներ Գագիկ Գրիգորյան և Խաչիկ Զաքարյան, Արարատ հոգևոր միության աշխատակազմը՝ Ծովիկ Դավթյանի գլխավորությամբ և այլ անձիք, որոնցից յուրաքանչյուրը Ավետյաց երկիր էր մեկնում, իր հավատքի ճանապարհին ավելի ամրանալու, ու զորանալու նպատակով:
Հայաստանից ժամանող ուխտավորներին Սուրբ Երկրում միացան հայ ուխտավորներ Սանկտ Պետերբուրգից, Մինսկից, Ռիգայից, Կալինինգրադից, հոգևոր առանորդությամբ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանի և Տ. Խոսրով քահանա Ստեփանյանի : Թեև աշխարհի տարբեր ծայրերում, սակայն մեզ բոլորիս միավորում է Հայ Առաքելական եկեղեցին ու Հաղորդության խորհուրդը: Մայիսի 13-ին, Հայաստանի ուխտավորները առաջնորդությամբ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի միասնաբար Հայր մեր և ճանապարհի աղոթքներով մեկնարկեցին թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարեցին Թել Ավիվի Բեն Գուրիոն օդնավակայան, մեկ ժամ անց նրանց միացան Սանտկ Պետերբուրգի և Կալինինգրադի, իսկ ավելի ուշ Ռիգայի ու Մինսկի ուխտավորները:
Երեկոյան, հինգ ուղղություններից ժամանած ուխտավորները արդեն Jerusalem Tower հյուրանոցում էին:
Մայիսի 14-ից արդեն ուխտավորները քայլում էին այն տարածքներում, որտեղով Քրիստոս էր անցեր:
Առավոտյան 9:00-ին այցելեցին Սուրբ Հակոբյանց մայրավանք, այնուհետև Սիոն լեռան սրբավայրեր, Վերնատուն, Դավիթ Մարգարեի գերեզման, Սուրբ Աստվածածնի ննջման եկեղեցի, և Սուրբ Պետրոս առաքյալի զղջման եկեղեցի:
Ուխտավորները առիթ ունեցան ոչ միայն ծանոթանալու Սուրբ վայրերի պատմությանը, այլև հաղորդ դառնալու հոգևոր բովանդակությանը: Ամեն սրբավայրում հոգևորականների հետ ուխտյալ հայորդիները միասին աղոթեցին: Աղոթքներին միացան «Արարատ» երգչախմբի երիտասարդուհիները «Հայր Մեր», «Սուրբ Սուրբ», «Էջմիածին», «Տեր եթե զշրթունս իմ բանաս», «Խնկի ծառի նման ես», «Երանելի Սուրբ Կույս Մարիամ» հոգևոր մեղեդիները Տերունական վայրերում երգչախմբի անդամների միջոցով իրապես դարձան աղոթք:
Մայիսի 15-ին առավոտյան 8:00-ին ուխտավորները մասնակցեցին Պատարագի` Սուրբ Աստվածածնի Տաճարում` Սուրբ Կույսի Գերեզմանի վրա: Պատարագը մատուցեց Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը, դպրաց բաժինը կատարեց «Արարատ» երգչախումբը: Պատարագից հետո ուխտավորները արժանացան Սուրբ հաղորդության խորհրդին:
Կեսoրին մեկնեցին Հորդանան, ուր Հովհաննես Մկրտիչը մկրտել էր Քրիստոսին: Տեր Հակոբի ու Տեր Սարգսի ձեռամբ մասնակցությամբ «Արարատ» երգչախմբի և ներկայությամբ ուխտավորների տեղի ունեցավ երկու անձերի` Գագիկ Շամշյանի և Էմիլ Սադաջովսի մկրտության արարողությունը` կնքահայրությամբ Տ. Տիրան աբեղա Հակոբյանի, և Տ. Խոսրով քահանա Ստեփանյանի: Այնուհետև տեղի ունեցավ ճաշի արաողություն, հընթացս որի բոլոր ներկաները առիթ ունեցան իրենց շնորհավորանքներն ու զգացումները փոխանցելու նորոգ Մկրտյալներին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ հոգևոր անվանբ Սարգիս և Ռիգայից Էմիլ Սադաջովսին՝ հոգևոր անվամբ Հովհաննես: Ճաշի ավարտից հետո խումբը այցելեց Մեռյալ ծով:
Հաջորդ կանգառը Փրկչի Հարության տաճաում էր: Երեկոյան ժամը 21:00-ին, տաճարի դռները փակվեցին և բացվեցին առավոտյան ժամը 05:00-ին:
Հոգեշնորհ Տ. Տիրան աբեղա Հակոբյանի ուղեկցությամբ և բացատրություններով ուխտավորները ծանոթացան և աղոթեցին Ս. Հարության Տաճարի սրբատեղիներում` Գողգոթա, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Վարդան, Ս. Կարապետ, Գյուտ Խաչի խորանների մոտ, ինչպես նաև Տիրոջ Ս. Գերեզմանին:
Մասնակցեցին գիշերային ժամերգության, և ժամ 4:00-ին, Ս. Պատարագին, որը մատուցվեց անմիջապես Քրիստոսի Ս. Գերեզմանին: Ս. Պատարագը մատուցեց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանը, դպրաց բաժինը կատարեց «Արարատ» երգչախումբը: Ս. Պատարագի ավարտին բոլոր ուխտավորները և առաջնորդող հոգևորականները արժանացան Ս. Հաղորդության:
Մայիսի 16-ին առավոտյան խումբը շարժվեց Էք Լոդ քաղաք, այցի գնալով Ս. Գևորգի գերեզմանին, որտեղ 1870թ եկեղեցի է կառուցվել: Ս. Գևորգը մեծ և անվախ զորավար էր, բնիկ Երիքովցի: Նա չվախեցավ Դիոկղետիանոսի առաջ խոստովանել Քրիստոսին որպես Աստուածորդի և բազմաթիվ չարչարանքներից հետո ընդունեց նահատակության պսակը: Եղան Յոպպե / Եաֆֆա/ հին քաղաքում, այցելեցին Ս. Նիկողայոսի Հայոց վանք, այնուհետև Միջերկրական ծով:
Մայիսի 17-ին առավոտյան 8:00-ին ուխտավորների խումբը հատելով Իսրայելա-Պաղեստինյան սահմանը այցելեցին Բեթղեհեմ` Ս. Ծննդյան տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի: Պատարագիչ հոգևորականն էր Ռիգայի հայոց համայնքի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը:
Երուսաղեմ վերադարձին, եղան Համբարձման լեռում, և Հայր Մեր եկեղեցում`որտեղ աշխարհի 160 լեզուներով գրված է Հայր մեր աղոթքը:
Երեկոյան 19:00-ին «Արարատ» երգչախումբը / խմբավար` Լիլիթ Եդիգարյան/ համերգային ծրագրով հանդես եկավ Ս. Հակոբյանց վանքի «Ժառանգավորաց» վարժարանի սրահում: Երգչախումբը կատարեց հոգևոր, ժողովրդական և հայրենասիրական երգեր:
Համերգին ներկա էին Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, Սուրբ Հակոբյանց միաբանության հոգևոր հայրեր, ճեմարանանական սաներ, երուսաղեմաբնակ հայեր, Հայաստանից, Ռիգայից, Պերերբուրգից, Մինսկից, Կալինինգրադից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև ազգությամբ հրեաներ:
Սրբազան հոր վկայությամբ, երգչախմբի ելույթը բացառիկ մի իրադարձություն էր, քանզի առաջին անգամ էր, որ Հայաստանից ժամանած երգչախումբ է ելույթ ունենում Երուսաղեմի համայնքում, որը համայնքային կյանքում մի նոր շունչ մտցրեց:
Համերգի ավարտին բոլոր ներկաները հոտնկայս ու երկար ծափահարություններով արտահայտեցին իրենց ոգևորությունն ու շնորհակալությունը:
Մայիսի 18-ին վաղ առավոտյան ուխտովոր հայորդիները ճանապարհվեցին Նազարեթ՝ Ս. Աստվածածնի Ավետման և Սուրբ Հովսեփի եկեղեցիներ, Կաննայի Հրաշքի եկեղեցի: Կափառնայում տեղի ունեցավ ճաշի արարողության : Հետ որի խումբը առիթը ունեցավ Գալիլայի լճակով նավարկելու: Նավարկությունը բացառիկ էր նրանով որ Հայաստանի հիմնի հնչողության ներքո կայմին բարձացվեց հայկական եռագույնը: Բոլոր ուխտավորները հոտընկայս ու հուզմունքով հոգևոր հայրենիքում զգացին նաև ֆիզիկական հայրենիքի շունչն ու ներկայությունը: Աղոթքին զուգահեռ նավի վրա եղան նաև երգի ու պարի ուրախ պահեր:
Ուխտայցի վերջին օրը մայիսի 19-ին, Ս. Յակոբյանց Մայրավանքում ուխտավորները մասնակցեցին Ս. Պատարագի արարողության:
Պատարագիչն էր Արժ. Տ. Հակոբ քհն. Խաչատրյանը, իսկ դպրաց բաժնի երգեցողությունը կատարեց Երուսաղեմի Հայոց Ժառանգավորաց Վարժարանի երգչախումբը: Ս. Պատարագի ընթացքում ուխտավորներն արժանացան Ս. Հաղորդության Խորհրդին: Ս. Պատարագից հետո կատարվեց հատուկ հոգու և մարմնի բժշկության կարգ:
Այնուհետև ուխտավորները եղան Ս. Հրեշտակապետաց վանքում, Այնտեղ նրանց ցույց տրվեց Ս. Ձիթենու ծառը, որի պտուղները հրաշագործ զորություն ունեն:
Ձիթենին նախապես եղել է չոր փայտի կտոր, որին չարչարանքների ժամանակ կապել են Քրիստոսին, որից հետո ծառը կանաչել է և դարձել պտղատու:
Վերջին շրջանում հոգևորականները նշում են մոտ 200 դեպք, երբ պտուղն ուտելուց հետո երկար տարիներ երեխա չունեցող կանայք երեխա են ունեցել:
Ուխտավորների հոգևոր առաջնորդները հանդիպում են ունեցել Երուսաղեմի Ս. Հակոբյանց Միաբանության Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նուրհան Արք. Մանուկյանին:
Երեկոյան Հոգշ. Տ. Թեոդորոս վրդ. Զաքարյանը ուխտավորներին հանձնեց ուխտավորի վկայականները:
Վերջին օրը արդեն մտերմացած ու բարեկամացած բոլոր ուղություններից գտնվող հայերը մեկ ընտանիքի նման հավաքվեցին հյուրանոցի նախասրահում: Բոլորի զգացողությունները ուղղակի անբացատրելի էր, իսկ այն տպավորությունը որ թողել էր «Արարատ» երգչախմբի համերգը, զրույցների մշտական թեման էր, և Ռիգայի ուխտավորները ցանկություն հայտնեցին, որպեսզի երգչախմբի հաջորդ համերգը տեղի ունենա իրենց համայնքում:
Հոգևորը փոփոխությունը առկա էր յուրաքանչյուրի մոտ: Ուխտավորներից Հրանտը, որ Մինսկի քաղաքացի էր, խոստովանեց, որ ինքը Երուսաղեմ եկել է, որպես տուրիստ, բայց հետ է վերադառնում, որպես ուխտավոր, լցված հոգևոր ներդաշնակությամբ:
Ուխտավորների և համայնքի վկայությամբ նախադեպը չունեցող մի երույթ էր, այս ուխտագնացությունը, որովհետև իր մեջ ներառում էր նաև համերգային ծրագրիր, որը վստահաբար թողեց մի անմոռանալի հետք, Հայ Երուսաղեմյան պատմության մեջ:
Թող որ ի կատար լինի, բոլոր ուխտավորների ուխտը, և յուրաքանչյուր քրիստոնյա առիթը ունենա Քրիստոսի Գերեզմանին աղոթելու:
Մայիսի 20-ին ուխտավորները վերադարձան Հայաստան:
Այս ձեռնարկը «Արարատ» հոգևոր միության ձեռնարկներից մեկն է միայն, որ հաջողեց ու ծառայեց իր նպատակին և կունենա շարունակական բնույթ, ինչպես միությունում գործող ցանկացած ծրագիր: