Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցավ մամո ասուլիս: Թեման օրեր առաջ Բելոռուսի Գրոդնո քաղաքում տեղի ունեցած հոգևոր երգեցողության մրցույթ-փառատոնն էր: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս ժամկոչյանի օրհնությամբ փառատոնին մասնակցում էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախումբը՝ հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ:
Փետրվար 22-ին Գրոդնոյի Դրամատիկական թատրոնում տեղի ունեցած «Коложский Благовест» միջազգային 13-րդ փառատոնի մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ, միջազգային ժյուրիի որոշմամբ, Հայաստանը ներկայացնող «Հավատամք» երգչախումբը փառատոնին մասնակից 37 երգչախմբերի մեջ ճանաչվել է որպես «Լավագույն եկեղեցական երգչախումբ» և նվաճել առաջին հորիզոնականը, իսկ «Հավատամք» երգչախմբի խմբավար Րաֆֆի Միքայելյանն արժանացել է «Լավագույն խմբավար» անվանակարգ մրցանակին:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Այս մրցանակը չի պայմանավորվում միայն երգչախմբի լավ երգելով, այլև՝ մեր հոգևոր և ազգային մշակույթի բարձրարժեք լինելով»:
«Հավատամք»
երգչախմբից Լիլիթ Դուրինյանն էլ ասաց. «Սկզբում լարված էինք և անհանգիստ, բայց ամեն կատարումից հետո հանդիսատեսի ծափահարությունը ոգևորիչ էր և խրախուսում էր մեզ: Համերգից հետո մեզ մոտենալով՝ ասում էին. «Այնպիսի տպավորություն է, թե դուք աղոթում եք, ոչ թե երգում»:
«Հավատամք»
երգչախումբը մի քանի երկրներից առաջարկ է ստացել մասնակցելու մրցույթների, ինչպես նաև՝ հանդես գալու համերգային ծրագրերով:
|