Ասում են` Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայ եկեղեցու սիրտն է, այն դարբնոցը, ուր կրթվում է Եկեղեցու ապագա հոգևորականությունը: Այս տարի Հայաստանից և սփյուռքից ԳՀՃ և Վազգենյան հոգևոր դպրանոց ընդունվեցին 43 ուսանողներ, իսկ Հառիճի «Թրբանճյան ընծայարան»` 20 աշակերտ: Ի՞նչ ծրագրեր և բարեփոխումներ են սպասվում նոր ուսումնական տարում. այս և այլ հարցերի շուրջ մեզ հետ զրուցում է ԳՀՃ տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: -Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա ընդունելության արդյունքները: - Այս տարվա արդյունքները գոհացուցիչ էին. աճել էր և´ ընդհանուր, և´ սփյուռքից դիմորդների թիվը: Իսկ հաջորդ տարի նոր հեռանկարներ ունենք. նպատակ կա ուսանողներ հավաքագրել սահմանամերձ շրջաններից և հատկապես գյուղերից: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այնտեղի բնակիչները տեղյակ չեն Մայր Աթոռի կրթական գործունեության մասին, քանի որ զարգացած չէ հաղորդակցությունը: Նրանք ուրախությամբ արձագանքեցին մեր այցելությանը, և ծրագրում ենք այս տարի հատուկ առիթներով հանդիպումներ կազմակերպել, ծանոթացնել ճեմարանի ծրագրերին: -Պատմեք, խնդրում եմ, նոր ծրագրերի և բարեփոխումների մասին: -Երեք տարի ուսումնասիրվել և քննարկվել են լավագույն համալսարանների փորձը, ծրագրերը, մշակվել է մեր ավանդության ոգուն համահունչ մի ծրագիր: Այն ենթադրում է լավագույն կրթություն, որը մոտ կլինի եվրոպական չափանիշներին, չհեռանալով, սակայն, մեր ավանդության շրջանակներից: Այս տարի Մոսկվայի Պատրիարքության հետ կնքվել է պայմանագիր, որը թույլ է տալիս ուսանողների և դասախոսների փոխանակում իրականացնել: Արդեն Մոսկվայից ուսանող ունենք, ով հայագիտություն է ուսանում այստեղ: Բացի այդ` իրենք ծրագրում են բյուզանդագիտական ամբիոնի կողքին նաև հայագիտականը բացել: Մեզ համար կարևոր է նաև ուսանողների համար անհատական ծրագրեր իրականացնելը. հիմնել ենք հատուկ մատենաշար` «Սերմնացան», որը նրանց հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց հեղինակած ստեղծագործությունները (թարգմանություններ և այլն): «Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. հիմա ի՞նչ կ'լինի մեզ» (Մատ.19.27). ի՞նչով կառանձնացնեիք ճեմարանը. ի՞նչ կարող է այստեղից ստանալ ուսանողը: -Նախ նշեմ, որ ճեմարան կարող է գալ այն մարդը, ով որոշակի գիտելիք ունի այստեղի առանձնահատուկ միջավայրի մասին, գիտի`ուր է գալիս: Մեր նպատակը լավ հոգևորական պատրաստելն է, ով կհասկանա ժամանակի պահանջները: Այստեղ ուսանողների համար ապահովված են բոլոր պայմանները՝ կեցության, որակյալ կրթություն ստանալու համար: Հաճախակի կազմակերպում ենք դասախոսություններ արտասահմանի և Հայաստանի տարբեր ոլորտների լավագույն մասնագետների և գիտնականների մասնակցությամբ: Ճեմարանն ունի համալսարանի կարգավիճակ, և չենք պարտադրում, որ ուսանողն անպայման պետք է հոգևորական դառնա: Մենք նրան անվճար և որակյալ կրթություն ենք տալիս, և եթե չի ցանկանում հոգևորական դառնալ, թող չդառնա, բայց վստահ եմ, որ նա լավ քաղաքացի է լինելու, որովհետև անցել է ճեմարանով: Եվ երբեմն համալսարանից մեր հեռացրած ուսանողների մասին դրական խոսքեր ենք լսում. ասում են, որ նա իրեն ճեմարանցու պես է պահում… -Ճեմարանականը` օրինապահ քաղաքացի… -Ընդհանրապես, մեր ազգի ամենամեծ խնդիրներից մեկն իրավական մտածողություն չունենալն է: Եվ այդ մշակույթը երեխան բերում է իր հետ: Մենք աշխատում ենք, որ նրա մոտ ձևավորվի իր իրավունքների և պարտականությունների գիտակցումը: Իհարկե, ես կատարյալ ուսանող չեմ եղել, և ոչ էլ մենք չոր օրենքով ենք ապրում, սակայն մեզ մոտ գնահատվում է կարգապահությունը, և ես խիստ եմ այս առումով: Բանակում ծառայած մի երիտասարդ նույնիսկ մի անգամ նշեց, որ մեզ մոտ ավելի խիստ է, քան բանակում: Իհարկե, իրենց տարիքում ազատության ձգտումը շատ մեծ է, սակայն ուսանողը չպետք է ուշանա ժամերգությունից, դասերին պատրաստ լինի: Ի վերջո, ես չեմ ուզում, որ վաղվա հոգևորականը օրենքը խախտի, և քննադատեն մեզ, այլ` առաջին օրինապահը լինի: -Այս տարի լրացավ ճեմարանի հիմնադրի` Գևորգ 4-րդ Կաթողիկոսի ծննդյան 200-ամյակը: Իսկ մյուս տարի նշվելու է ճեմարանի 140 ամյակը: Ի՞նչ նախաձեռնություններ են սպասվում այս առիթով: -Արդեն սկսել ենք ճեմարանի համար դասագրքեր հրատարակել, որոնք բոլորը նվիրվել են Գևորգ 4-րդի 200-ամյակին`որպես երախտիքի խոսք: Իսկ 140 ամյակի առիթով պատրաստվում ենք խաչքար կանգնեցնել ճեմարանի բակում`որպես ձոն այն բոլոր հայրապետներին, ում անունը կապված է ճեմարանի հետ: Պատրաստում ենք նոր հրատարակություններ: Արդեն ձեռնարկվել էր «Նշանավոր ճեմարանականներ» շարքը` երկու հատորով, սակայն շատ մեծեր դեռևս սպասում են իրենց գործունեության լուսաբանմանը: Պատրաստում ենք ճեմարանի տեսուչներին վերաբերող մի հատորյակ, ուր նրանց գործունեությունը լուսաբանված կլինի, ինչպես նաև ճեմարանին վերաբերող հուշերի հատորյակ, մեր կառույցի պատմության նկարազարդ ալբոմ…: - Ձեր խոսքը երիտասարդներին: Ես առաջին հերթին ցանկանում եմ, որ նրանք գնահատեն կրթությունը: Բացի այդ` ուսանողի, առհասարակ, մարդու մեջ գնահատում եմ անկեղծությունն ու նվիրումը, անկեղծ` ինքն իր և մարդկանց հանդեպ: Եթե մարդն անկեղծություն և նվիրում ունենա, մնացած ամեն բան կլրացվի, ամեն բանի հնարավոր է հասնել:
Հարցազրույցը` Մարիամ Ավետիսյանի
Աղբյուրը` https://www.facebook.com/infoservicesofmothersee?fref=ts
|