Անձնական տպավորությունս այնպիսին է, որ բանտարկյալի ստեղծագործական կյանքը վկայությունն է ազատության իր ընկալման սրբագրման. նկարների հեղինակը, որ աստվածատուր ազատության սխալ գործադրմամբ հայտնվել է բանտում, այժմ իր ստեղծագործ մղումներով փորձում է սրբագրել ազատության իր ընկալումները` փշրելով նախ իր հոգու կապանքները` նախքան կալանքից ազատվելը:
Արտյոմ Սարգսյանն իր ստեղծագործական աշխատանքներով պատգամ է հղում մի շարք ուղղություններով.
1. Ինքն իրեն, որ մարդը բարձրագույն արժեք է` ստեղծված Աստծո պատկերով և կոչված բարիք գործելուն:
2. Իրեն բախտակից մյուս ազատազրկվածներին, որ սայթաքումը վերականգնելի է ընկած վիճակի գիտակցությամբ, վեր կանգնելու վճռականությամբ, հատուցման անհրաժեշտությամբ և այսու մարդկային արժանապատվության վերականգմամբ:
3. Հասարակությանը, որ ազատազրկման պայմաններում էլ մարդը կարող է սպառողից վերածվել արտադրողի, բարիք արարողի` պատրաստ վերադառնալու հասարակություն որպես լիիրավ անդամ:
4. Արդարադատության համակարգին, որ վերափոխման կարճ ճանապարհը ստեղծագործական կյանքն է, որի համար համապատասխան պայմաններ են հարկավոր:
Ահա մի հատված Արտյոմ Սարգսյանի հարցազրույցից.
«Այսօր տասներեք տարվա մեջ առաջին անգամ եմ ճաղավանդակներից դուրս հայտնվում, սա ինձ համար յուրահատուկ օր է: Գիտեք, բանտախցում հայտնվելուց հետո ես միայն հասկանում, թե ինչքան թանկ է ազատության մեջ անցկացրած ամեն մի վարկյանդ, հասկանում ես, որ ոչ մի բան այս կյանքում չի կարող փոխարինել ազատությանը: Դատապարտվելուց հետո միայն հասկացա, որ չի կարելի գործել պահի ազդեցության տակ, անկախ ամեն ինչից` ցանկացած քայլ կատարելուց առաջ պետք է մի վարկյան սթափվել ու հետո առաջ շարժվել: Եթե ժամանակին ես այդ ամենը հասկանայի ու գիտակցեի, գուցե այսօր դատապարտված չլինեի եւ ամբողջ կյանքիս համար մարդասապանի պիտակ ձեռք չբերեի: Այս տարիների ընթացքում իմ միակ զբաղմունքը նկարչությունն էր, փորձեցի գտնել մի բան, որն իրենից եւ արժեք ներկայացնի եւ հանրության համար որեւէ կարեւորություն կամ նշանակություն ունենա, հիմնականում դա դրդեց ինձ զբաղվել նկարչությամբ: Իմ նկարների շնորհիվ ես ինձ սկսեցի պիտանի զգալ, գիտեք, որքան դժվար է ինքդ քո մեջ ներել քեզ ու փորձել առաջ գնալ: Կյանքի հանդեպ հետաքրքրություն եւ ապրելու ցանկություն ինձ իմ նկարները ներշնչեցին»:
Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից