Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միությունը, ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցաբար կազմակերպել էին Համբարձման տոնին նվիրված միջոցառում:
Կազմակերպիչները կարևորելով սերունդների` հայրենասիրական արժեքներով դաստիարակվելու գործում ազգային-եկեղեցական տոների հանդիսավոր կերպով նշումը, մայիսի 13-ին, Հայաստանի երգչախմբային ընկերության համերգասրահում կազմակերպել էին Համբարձման տոնը նշանավորող հանդիսավոր համերգ:
Համերգին ներկա էին հոգևորականներ, Երևանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ, սիրիահայերի «Կիլիկյան» դպրոցի մանկավարժական համակազմը, «Արարատ» հոգևոր միության անդամները և աջակիցները: Բացման խոսքում «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց. «Ուրախ ենք ամենքիդ ներկայությունը այստեղ վայելելու համար, եկեղեցին զորավոր է ձեր ներկայությամբ: Միջոցառմանը գտնվելով, դուք արտահայտում եք ձեր վերաբերմունքը եկեղեցու և Աստծո հանդեպ: Հանդիսությունը վերաբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնին: Եվ երբ Ավետարանում Հիսուս Քրիստոսի համբարձումը ներկայացվում է, ասվում է, որ Հիսուս Քրիստոս համբարձվեց երկինք, իսկ առաքյալները վերադարձան դեպի Երուսաղեմ: Երուսաղեմի տաճարում առաքյալներն ուրախությամբ գովաբանում էին Աստծուն: Անշուշտ արդարացված չէր լինի առաքյալների վերաբերմունքը, եթե Հիսուս Քրիստոսի Համբարձումը սկսվեր և և ավարտվեր միայն ուրախությամբ և Նրա փառաբանությամբ: Հետո տեսնում ենք, որ առաքյալները անցնում են ի գործ, սկսում են քարոզչություններ իրականացնել երկրի տարբեր ծայրերում, ինչպես նաև Հայաստանում` Թադևոսը և Բարդուղմեոսը: Եվ ինչպես Հիսուս Քրիստոսի Համբարձումը, նմանապես և որևէ տեսակի եկեղեցական արարողություն հեռավոր անցյալում կատարված հիշողություն չէ, մենք այն գիտակցությունը ունենք, որ այսօր էլ պետք է իրապես ուրախանանք, փառաբանենք Փրկչի Համբարձումը և պարտավորություն առնենք մեր ուսերին՝ քարոզելու և վկայելու մեր քրիստոնյա լինելու իրողությունը: «Արարատ» հոգևոր միությունը հենց այս խնդիրն է դրել իր գործունեության մեջ՝ փոխանցել հոգևոր գիտելիք և հնարավորություն տալ անձին, որ այդ գիտելիքով քարոզչություն իրականացնի ու իր հոգևոր պարտականությունն արդարացնի հանդեպ Աստված: Մեր այս ձեռնարկի մեջ ներառված են գերատեսչություներ, մշակութային, կրթական ոլորտի անձեր, ովքեր իրենց աջակցությունն են բերում եկեղեցուն և նմանատիպ միջոցառումների իրականացմանը»: «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախումբը և «Արարատ» պարախումբը` միջոցառման ընթացքում հանդես եկան եկեղեցական ու ժողովրդական երգերով և ժողովրդական պարերով: Միջոցառումն իր խոսքով ամփոփեց Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը.
«Ահավասիկ ինչ կարող է ստեղծել մեր ժողովուրդը, ինչ կարող է պահպանել, ինչ կարող է պայծառացնել, և ինչի մեջ կարող է ապահովագրել մեր ապագան: Այսօր այս գեղեցիկ հարկի տակ հավաքվել էինք տոնակատարելու եկեղեցու մեծագույն տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը մեր եկեղեցին տոնախմբեց մայիսի 9-ին և եկեղեցական տոնաշարքի համաձայն՝ 10 օր շարունակ, մինչև Հոգեգալստյան օրը, մեր եկեղեցին Համբարձում է տոնում: Եվ այս օրերին գեղեցիկ միջոցառումներ են անցկացվում, դրանցից մեկն էլ «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովվի` Տեր Հակոբի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումն է, որտեղ միաձուլված են եկեղեցին և մշակույթը: Կարող ենք վստահ ասել, որ ազգային ու ժողովրդական ավանդույթներն անքակտելի են եկեղեցուց: Ուրեմն Համբարձման տոնը մի գեղեցիկ առիթ է, կրթական ոլորտում տարածել եկեղեցական և ազգային ավանդույթները: Այս միջոցառումից հետո, վստա՛հ եմ, որ բոլորի մոտ մեկ ցանկություն առաջ եկավ՝ քարոզիչը դառնանք այս ավանդույթների»:
|