Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Սուրբ Սարգսի տոնի առիթով Խոկման հատուկ արարողություն Հա... 
+ 24.01.2013 +
ՃԵՄԱՐԱՆՆ ՈՒ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆԸ… 
+ 04.10.2013 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Դու ուզեցիր 
+ 26.07.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Ծարավի եմ... 
+ 28.03.2013 +
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ 
+ 14.09.2013 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
Դատավճիռն իրականացրին հայորդիները 
+ 28.08.2012 +
Ես կգամ 
+ 22.06.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 25 » Հուդայի վերջին գիշերը
00:30
Հուդայի վերջին գիշերը

Հուդան երկար ժամանակ կանգնած մնաց այն տեղում, որտեղ մահացու համբույրն էր տվել Հիսուսին: Հայացքով հետևում էր Մարդու Որդուն Երուսաղեմ ուղեկցող ջոկատին: Ջահերի ու լամպերի արյունոտ լույսով պարուրված` մերկացրած սրերի ու տեգերի ստվերներ ձգելով չորսդին` հեռվում շտապով անհետանում էր այդ երթն ինչպես գիշերային կողոպտիչների ավազակախումբ: Երբ հորիզոնում մարմրեցին լույսերի վերջին ցոլանքները, Հուդան, փաթաթվելով իր երկար կարմիր թիկնոցի մեջ, դեմքով դարձավ դեպի քաղաքն ու սկսեց սպասել:
Կեսգիշերն անց էր: Լուսինը խամրած լույսով լուսավորում էր անբերրի դաշտերը, սրբազան քաղաքի աշտարակներն ու ամրությունները: Անորոշ ու ահագնացող խուլ գվվոց էր բարձրանում տաճարի հրապարակից: Անապատում տարածվեց բուի մահաբոթ կռինչը:Մի ահագին չղջիկ կողքանց բախվեց Հուդայի դեմքին: Հուդան զզվանքով դեմքը ծածկեց թիկնոցով:
Շարունակ սպասում էր:Հանկարծ ուրախ հուզումով շրջվեց դեպի պարտեզի մուտքը, դուրս եկավ ծառերի արանքից ու շտապեց իրեն ընդառաջ եկող մարդուն, ով ըստ երևույթին ինչ-որ մեկին էր փնտրում Գեթսեմանիի պարտեզի անթափանց խավարում:Մի հրեա ծերունի էր` սապատավոր, երկար սպիտակ մորուքով: Քայլում էր գավազանին հենվելով: Քահանայապետի գանձապահն էր: Անվստահ քայլերով մոտենալով` կանգ առավ մի պահ, որ Հուդան էլ մոտենա, ապա ակնթարթային շարժումով նրան նետեց կաշվե մի քսակ` ավելի արագ քայլերով, քան եկել էր:
-Նույնիսկ անտեր շանն ավելի սիրալիրությամբ են ոսկոր նետում,-մռլտաց Հուդան:
Նայեց քսակին ու ժպտաց: Քսակը ծանր էր, շուռումուռ տալիս արձակում էր ականջի համար ախորժելի ձայներ: Վազեց մի բացատ ու լուսնի լույսի տակ բացեց: Առաջին րոպեին շլացած նայում էր` ասես կուրացած արծաթի փայլից: Մի երկվայրկյան հետո սկսեց հաշվել պարունակությունը` ձեռքով ծանրութեթև անելով յուրաքանչյուր դրամը: Անհանգիստ սկսեց ուսումնասիրել մի դրամ, որի վրա կիսով չափ ջնջված էր կայսեր կիսադեմքը:
 -Սա Օգոստոսն է` հանգուցյալ կեսարը: Ես նախընտրում եմ Տիբերիոսինը` դրանք բոլորովին նոր են,- ասաց Հուդան կիսաձայն ու ինքնագոհ ժպտաց.- քահանայապետները կատարեցին իրենց խոստումը, դա լավ է, շատ լավ:
 Քսակը շտապով թաքցրեց գոտու մեջ ու քայլեց դեպի Երուսաղեմ: Լավ էր զգում իրեն, համարում երջանիկ: Լիովին հանդարտվելու համար սկսեց հիշել վաճառքի գիշերը, Կայափիայի նենգ խոսքերը: Նա մատնեց մի մարգարեի, ով կանխատեսում էր Մովսեսի օրենքի կործանումը. Կեղծ-թագավոր Իսրայելի, սուտ-Մեսիա, ով վռնդեց առևտրականներին տաճարից ու փակում էր Արքայության դռներն հարուստների առաջ: Նա` համեստ Իսկարիովտացին, փառավոր կերպով վրեժ լուծեց հանուն իր հայրերի Աստծո, Դավթի, հանուն Հռոմի: ՈՒ հենց այն նույն օրը, երբ արևը կլուսավորի կեղծ-Մեսիայի չարչարանքներն ու տառապանքները, Աստծո ճշմարիտ ժողովուրդը` ղևտացիները, սադուկեցիները, դպիրները, փարիսեցիներն ու Պիղատոս Պոտացի Հռոմի կառավարիչը` կեսարի մեծաբարո, ու գոռոզ փոխանորդը, հանձինս իրեն` աննշան Իսկարիովտացու, կողջունեն մեծագործություն կատարածին:
«Անունս կհիշվի այնքան երկար, որքան հիշվում է Դավթի, Հակոբի ու Եղիայի անունները»,- մտածեց ինքնագոհ ու ակամա ժպտաց այդ մտածումից:
Հուդան մտավ Երուսաղեմ:Քաղաքը լուռ էր ու խաղաղ, բայց այդ խաղաղության մեջ մի չարագուշակ մռայլություն կար:
 «Երևի հիմա քահանայապետը հարցաքննում է Հիսուսին»,- մտածեց ինքնիրեն:
Քայլեց դեպի քահանայապետի ապարանքը: Դեռ հեռվից նկատեց լուսավորված պատուհանները: Մոտեցավ: Նկատվում էին անցուդարձ անող ստվերներ :Հասավ ապարանքին, մտավ նախաբակ:
 Լսվեց աքլորականչը:
 -Լուսաբացը մոտ է,- շշնջաց անհասկանալի ուրախությամբ:
Կանգ առավ դարպասների մոտ: Բակի մեջտեղում վառված էր մի մեծ խարույկ: Տասներկուսից մեկը` Պետրոսը, նստած էր կրակի մոտ ու տաքացնում էր ձեռքերը` զրուցելով երիտասարդ աղախնի հետ: Երևում էր, որ չափազանց լարված էր ու դժբախտ: Լսեց միայն վերջին` փոքր-ինչ բարձր արտասանված բառերը.
-Ճշմարտապես երդվում եմ քեզ, որ ես այդ մարդուն չեմ ճանաչում:
Աքաղաղը կանչեց երկրորդ անգամ:
Աղախինն հեռացավ:
Պետրոսը փաթաթվեց իր թիկնոցի մեջ ու խորասուզվեց մտածումների մեջ, որոնք Հուդային թվացին չափազանց դառը, քանի որ դեմքին սառել էր կսկիծը: Աննկատ մոտեցավ խարույկին: Կայափիայի պրետորիայից լսվում էր խուլ աղմուկ, որն ընդհատվում էր երկարատև լռության ընդմիջարկություններով: Լսվում էին մերթ զայրագին ու արհամարհական ձայներ, մերթ լուրջ ու կարճառոտ խոսքեր: Դրանց տպավորությունից երևի գալիլիացի ձկնորսը կծկվեց ու սկսեց լացել` թերևս վստահ, որ միայնակ է խարույկի մոտ:
Աքաղաղը կանչեց երրորդ անգամ:
Պետրոսը ցնցվեց. սարսափի գրեթե անասնական ճիչ արձակեց ու ոտքի ելավ: Տեսավ Հուդային. երկու առաքյալներն էլ` ուրացողն ու մատնիչը հայտնվեցին դեմ-դիմաց:Պետրոսի հայացքն արտահայտում էր ատելություն, Հուդայինը` քամահրանք:
Հաջորդ րոպեին Հուդան արդեն ելքի դարպասի մոտ էր: Երկար թափառեց տաճարի բակում, ուր վաճառանոցը բացվելու էր առավոտյան: Այժմ տեղ էր ընտրում արտաքին տաղավարների շարքում, ուր պիտի բացեր դրամափոխի իր կրպակը:
Վստահ էր, որ քահանաներն իրեն տեղ կհատկացնեն ու շուտով, շատ շուտով եգիպտական հռոմեական ու ասիական դրամները կհոսեն իր` Հուդայի մատներից: Հուդան ժպտաց, նույնիսկ փքվեց` պատկերացնելով իրեն հարուստ դրամափոխի դերում, ու իր կողքին կիսաքաղց թափառաշրջիկներին, ովքեր հետևում էին սուտ-Մարգարեին` սիրահարված աղքատությանն ու ապաշխարությանը:
 Մի քանի ղևտացիներ քահանայի հսկողությամբ բացում էին տաճարի ճաղաշար դարպասները:Հուդան մոտեցավ նրանց մի այնպիսի մարդու հուշիկ քայլերով, ասես մտնում էր իր սեփական տուն: Ժպտաց ղևտացիներին, ձեռքի բարեկամական շարժումով ողջունեց նրանց: Քահանան, սակայն, նոթերը կիտեց ու մռայլ տեսքով մոտենալով` կտրեց նրա ճանապարհը:
 - Կա՛նգ առ, հե՛տ դարձիր ու գնա՛, հեռացի՛ր: Օրենքը պիղծերին արգելում է մտնել այս սրբազան վայրը: Հեռացի’՛ր: Այս գիշեր քեզ տվել են 30 արծաթ` իբրև վարձ մատնածդ արյան: Աշխատանքդ պարգևատրված է լիուլի: Հեռացի՛ր, թե չէ կքշեմ քեզ ինչպես շնացողի, մարդասպանի կամ կռապաշտի, ինչպես հռոմեացու: Հուդան հեռացավ տաճարից ու քայլերն ուղղեց դեպի Պիղատոսի ատյանը` հաստատ համոզումով, որ հռոմայեցիներն իրեն ավելի մեղմ կվերաբերվեին, քան քահանաները, և կպաշտպանեին, եթե հարկը պահանջեր, նրանցից:
 «Այդ ռաբբիները ֆանատիկոսներ են, ես պարզապես խղճում եմ նրանց»,- արտասանեց մտքում:
Հուդան սկսեց իրեն պատկերացնել Պիղատոսի շրջապատում, իբրև ամենազոր փոխարքայի մատակարար` կեսարի բարեհաճ վերաբերմունքը վայելող մեծահարուստ մեկը, որի դուռն են գալու քահանայապետները կեսարի հետ հարաբերություններ մշակելու ակնկալիքով: Այս մտքերի մեջ` Հուդան արհամարհական ու հանդուգն հայացքով պատասխանում էր հանդիպած դպիրների փարիսեցիների ու ղևտացիների քամահրոտ հայացքներին, ովքեր մատով ցույց էին տալիս իր կողմը, իսկ մոտիկանալիս` նողկանքով մի կողմ էին քաշվում` խուսափելով նույնիսկ նրա ստվերից` ինչպես պիղծ մի բանից:Հուդան լսեց մի անսովոր աղմուկ, հետաքրքրված արագացրեց քայլերն ու ակամա հայտնվեց մի սարսափելի տեսարանի առաջ:
Խելակորույս բազմությունն հորձանք էր տալիս Պիղատոսի պալատի դարպասների առաջ. Հուդայի ողջ երկրի ու Երուսաղեմի ողջ աղբն էր հավաքված այդտեղ` գողեր, շնացողներ, անբարո կանայք, երդմնազանցներ, ավազակներ կեղծ-դրամավաճառներ, մարդասպաններ, ովքեր դուրս թափվելով իրենց որջերից, եկել-հավաքվել էին այդտեղ ու հիմա այրվող աչքերով բռունցք արած ձեռքերը վեր պարզած թափահարում էին ու աղաղակում.
 Բարաբբային, Բարաբբային…
Հուդան ձուլվեց ամբոխին: Ամեն տեսակ տականքների քսմսվելով կարողացավ հասնել մինչև առաջին շարքերը: Զգաց, որ պարուրվում է անբնական համընդհանուր ու ամենակուլ չարության սարսափելի փոթորկով, ինչպես ջրի շրջապտույտի մեջ հայտնված մեկը:
Հազարավոր կրծքերից դուրս թռավ նույն սարսափելի ճիչը.
- Խաչել նրան, խաչել նրան…
Տեսավ Պիղատոսի շվարած կերպարանքը. վերջինս լվաց ձեռքերն ու մտավ պրետորիա: ՈՒղեկիցները հետևեցին նրան: Դրսում մնաց միայն մի երիտասարդ կենտուրիոն, որ կանգնած սյուների արանքում հետևում էր ամբոխին: Կենտուրիոնի առաջ մի ծեր օրենսգետ տենդագին խռովքով, բայց արժանապատվորեն կարդում էր Օրինաց գիրքը:
Աստիճանաբար ժողովրդի կատաղությունը հանդարտվեց: Հուդան տարօրինակ զգացողություն ուներ: Թվում էր` ներսում ինչ-որ մութ գործ է կատարվում:
Կենտուրիոնին մոտ կանգնած մի քահանա տեսավ Հուդային. մոտեցավ ու հազիվ լսելի ինչ-որ բան շշնջաց նրան` հայացքով Հուդայի կողմը ցույց տալով: Կենտուրիոնը նայեց Հուդայի կողմը: Նրանց հայացքներն հանդիպեցին: Հուդան պարզորոշ հռոմայեցու հայացքում կարդաց զզվանք:
Հուդան շտապեց հեռանալ:
 Այդ պահին բացվեցին բրոնզով զարդարված ծանր դռները և երևաց Պիղատոսը:
Փողոցում տիրեց մեռելային լռություն: Նշմարվեց նաև Հիսուս` արյուն-քրտինքի մեջ կորած, փշե պսակը գլխին: Երերում էր կանգնած տեղում` բռնված երկու զինվորներով: Երերալով առաջ եկավ դեպի Աստծո ընտրյալ ժողովուրդը:
Ապշահար ամբոխը քար կտրած նայում էր առաջացող ուրվականին: Հուդան սարսափով շրջեց երեսը: Պիղատոսը հենվեց բազրիքին ու դիմեց ժողովրդին.
-Ահա այս մարդը,-նա կնքամատանիով ձեռքը մեկնեց դեպի Հիսուս:
Ու հանկարծ ժողովուրդը թնդաց կատաղի ճիչով.
-Խաչիր նրան, խաչիր նրան:
Մի քանի կանայք սկսեցին ողբալ, փետել մազերը: Ավելի համարձակը փաթաթվեց Տիբերիոսի արձանին ու ճչաց.
-Վայ նրան, վայ Երուսաղեմին, վայ Աստծուն, վայ ինձ:
Պրոկոնսուլի պահակազորի գլուխ անցած կենտուրիոնը , նիզակն առաջ պարզած, կոպտորեն սկսեց ցրել ամբոխին ու ճանապարհ բացել տխուր արարողության համար:Հուդան թաքնվեց հարևանների թիկունքում, որպեսզի չհանդիպեր Հիսուսի հայացքին, սակայն հռոմայեցի զինվորներից մեկը նիզակի կոթով հարվածեց նրան:
- Ինչո՞ւ ես եկել, որ ծաղրես քո ժողովրդի մարգարեին ու քո ներկայությամբ անպատվես Հռոմի մեծությունը: Մեր աստվածներն արհամարհում են դավաճաններին: Հեռացիր այստեղից, գտիր քո համար մի մեկուսի տեղ ուր կարող ես թաքնվել ու ծածկել քո խայտառակությունը:
Հուդան քայլում էր ամբոխի միջով, որն ամեն կողմից շրջապատել էր հռոմայեցի զինվորներին:Հուդան որսում էր երբեմն-երբեմն իրեն ուղղված ծաղրական խոսքեր ու արտահայտություններ Զգուշության համար թեքվեց մի ամայի նրբանցք:Որոշեց վերադառնալ տուն ու մտորել ներկայի ու սպասվող ապագայի մասին:Պատահաբար բախվեց կանանց ու երեխաների. ճանաչեց` երեք օր առաջ նրանք էլ արմավենու ճյուղերով դիմավորում էին Հիսուսին Երուսաղեմ հանդիսավոր մուտքի ժամանակ: Ճանաչեցին իրեն: Փորձեց խոյս տալ ու փոխեց ճանապարհը:Երեխաներն հետևում էին նրան անիծում ու անպատիվ խոսքեր ասում իր հասցեին:Շուտով երեխաներին միացան նաև մեծահասակներ:
Հուդան սկսեց վազել:Հասավ քաղաքի ամրություններին: նրան հետևող խումբը սկսեց քարերի տարափ տեղալ:Շուտով հայտնվեց քաղաքի դարպասների առաջ:Դուրս եկավ քաղաքից մի կերպ գլուխն ազատած իրեն հետևող ամբոխից:Ապահով մի տեղում ձեռքը տարավ գոտուն ու ուրախացած շունչ քաշեց.երեսուն արծաթը տեղում էր:
Կեսօրին մտավ մի ամայի պարտեզ ու մինչև երեկո պատսպարվեց այնտեղ: Նույնիսկ կարողացավ քնել ու երեկոյան վեր կացավ լիովին առույգ:Հեռվում նկատեց Գողգոթայի բլուրը` վրան երեք խաչեր. իրեն բավարարված զգաց.կեսարը իր փոխարեն վրեժ էր լուծել խելագար ամբոխից:Հիշեց, որ շատ մարգարեներ էին հալածվել ամբոխի ու իշխանավորների ձեռքից նույնիսկ իրենից ավելի:
 Քայլեց դեպի Հոպպե:
Հանկարծ սարսափելի մի ձայն տարածվեց չորսբոլորը: Արեգակը խավարեց, համարյա թե հանգավ, մի մեծ սև ամպ իջավ Երուսաղեմի վրա, կայծակը երկատեց մոտակայքի մի ժայռ:Կայծակի լույսով լուսավորված Գողգոթայի բարձունքին երեք խաչերն ասես մեծանում էին ու շարժվում. հուդային թվաց երեք խաչյալները մոտենում են նրան` քարացած հայացքներով, առաջ պարզած արյունոտ ձեռքերով: Ցնորված սարսափից` Հուդան նետվեց գետնին ու ծածկվեց պատառոտված թիկնոցով:
 Վեր բարձրացավ, երբ արդեն երեկո էր:Մեռելային լռություն էր տիրում ամենուրեք:Չէր համարձակվում նայել Գողգոթայի կողմը:Սարսափում էր այդ լռությունից:Ցանկանում էր տեսնել որևէ մեկին , լսել մարդկային որևէ ձայն :Հետ քայլեց դեպի Երուսաղեմ:Նստեց կես ճանապարհին հենց եզրային քարին. հոգնած էր տանջահար:
 Շուտով երկնակաարում երևացին աստղերն ու երկնքի ծխանման մառախուղի միջից տխրաթախիծ լույսով լուսինը սկսեց լուսավորել հովիտը:
Ճանապարհին մի ստվեր երևաց:Ասես փախչում էր անհայտ ինչ որ մեկից:
-Աղաֆե`ր,-բացականչեց Հուդան,- Աղաֆե`ր:
 Ստվերը ոչինչ չպատասխանեց, միայն քայլերն ավելի արագացրեց:
-Աղաֆեր,-նրա հետևից նետվեց Հուդան,- Աղաֆեր, սպասիր, թույլ տուր գալ քեզ հետ, ուր որ գնաս կգամ քեզ հետ ուր օթևանես այնտեղ էլ ես կօթևանեմ:Ստրուկդ կլինեմ հավատարիմ շունդ...
 - Ես շատ հեռու եմ գնում` Ասորիք Եգիպտոս, աշխարհի ծայրը, դու չես կարող գալ ինձ հետ , ես Հռոմ եմ գնում: Այլևս երբեք հանգստի մասին երազել իսկ չեմ կարող ես օթևան չունեմ ու չեմ ունենալու:Թող ինձ հանգիստ, գնա քո ճանապարհով:
Ստվերը շտապով հեռացավ: Հուդան մնաց մենակ:
Գիտեր, որ քաղաքի մոտ կատակոմբներ կային:Սովորաբար այդտեղ օթևանում էին հանցագործներն ու մարդասպանները, նրանք, ովքեր պիղծ էին համարվում:Քայլեց դեպի կատակոմբները: Մեկից հեռավոր լույսի մի նշույլ տեսավ:Ուրախացած բայց և սարսափով մտավ ներս: Տեսածը սարսափելի էր. ողջ Հուդայի երկիրն ու հռոմայեցիներին սարսափի մեջ պահող Բարաբբան էր:
 -Բարաբբա՞
Լռություն էր ներսից:Հուդան մի փոքր գոտեպնդվեց. հիշեց, որ նրա ազատության մեջ ինքն էլ իր դերն է ունեցել:
-Բարաբբա, ես եմ Հուդան, ես սոված եմ, տանջահար, թույլ տուր այս գիշերն անցկացնել քո օջախի կողքին: -Դու ուզում ես անպատվե՞լ Բարաբբային քո ներկայությամբ,-ոչնչացնող հեգնանքով պատասխանեց ավազակը,-եթե ընդունեմ իբրև հյուրի, վաղն իմ ժողովուրդը կքարկոծի ինձ, լսիր ուշադիր ես մարդ եմ սպանել թալանել եմ նույնիսկ ոսկու շերտ եմ գողացել Ուխտի տապանակից, բայց մարդ չեմ մատնել այն էլ անմեղ արյուն:Գնա, հեռացիր քանի չեմ ուղարկել նախնիներիդ մոտ ողորմելի շուն:Քնել ես ուզում, գնա Գողգոթա,-պատասխանեց ավազակը, վերջին խոսքերն արտասանելով անթաքույց հաճույքով,-գնա գլուխդ հենիր տիրոջդ խաչափայտին ու հանգիստ քնիր, սատանան էլ չի խռովվի քունդ, վստահեցնում եմ:
Հուդան սրսափահար դուրս փախավ:Սա արդեն վերջն էր նրա համբերության:
Ահավոր հուսահատության մեջ ընկավ:Գլխում պտտվում էին կատարված դեպքերը:Թվաց, թե խելագարվում է:
 -Վերջ, վերջ,- գոռաց ինքնիրեն,- վերջ:
Առավոտյան մի քանի ծերունիներ գտան Հուդային մի հաստաբուն ծառից կախված:Կարմիր թիկնոցը տարածվել էր նրա ոտքերի տակ` նմանվելով արյան լճակի, որի մակերեսին առկայծում էին արյան գին 30 արծաթե դրամները:

Արման Գրիգորյան


Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ` 2384 | | Մովսեսի օրենք, Ասորիք, ԵգիպտոսՊետրոս, Երուսաղեմ, 30 արծաթ, Հուդա, Տիբերիոսինը, Բարաբբա, Պիղատոս Պոտացի, Հիսուս | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հունիս 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024