Կոստանդիանոսի մայրը՝
Հեղինեն, Բեթանիայից էր: Նա պանդոկապանի աղջիկ էր, ում սիրահարվում է Կոստանդին զորավարը
և որդի ունենում: Այնուհետև Դիոկղիտիանոսն ու Մաքսիմիանոսը ձանձրանալով կառավարելուց
իրենց դուստրերին ամուսնացնում են իրենց որդեգիր ընդունած զորավարների հետ: Կոստանդինը,
դառնալով ինքնակալ, պալատ է բերել տալիս
իր առաջին սիրելի կնոջը՝ Հեղինեին և պատանի որդուն՝ Կոստանդիանոսին, ում իր այլ կնոջից
ունեցած վեց որդիներից ավելի է սիրում: Ավելին, նա ավագանու ու իր իշխանների հավանությամբ իր փոխարեն որդուն՝ Կոստանդիանոսին կարգում
է թագավոր:
Հեղինե թագուհին,
որ կրկին բնակվում էր իր ծննդավայրում, Խաչի նշանի տեսիլքի մասին լսելով՝ գալիս
է որդու մոտ, սկսում ծառայել Քրիստոսին, դառնալով որդու խորհրդատուն և միջնորդ- խնդրարկուն եկեղեցանվեր գործերի համար:
Որդին այնքան է սիրում ու հարգում մորը, որ նրան է հանձնում արքունի գանձատանը, գթասիրության հարկ եղած տուրքերը բաշխելու
կարոտյալներին, եկեղեցիներ կառուցելու և բարերարություններ կատարելու համար:
Ըստ «Վարք սրբոց»-ի՝
աստվածասեր Հեղինեն, Աստծուց հրաման ստանալով գնում է Երուսաղեմ՝ ( Խաղաղության բնակավայր) Գողգոթա լեռան վրա մեր Տիրոջ սուրբ խաչափայտը գտնելու:
Լեռան վրա ոսկիներ է թափում աղքատների առջև,
որոնք էլ գտնում են երեք խաչերը: Եվ Ավետյաց երկրում թագուհին ձեռնարկում է մեծ եկեղեցաշինություն ու մարտիրոսների
վկայարանների կառույցում: 4-րդ դարում Քրիստոսի Խաչի գյուտի տեղը նա մի երևելի տաճար
է կառուցում, այնուհետև՝ Սուրբ Հարության տաճարը, որը նրա մահից հետո ավարտում է որդին՝
Կոստանդիանոսը: Տաճարի կենտրոնական սրբավայրը Քրիստոսի Սուրբ Գերեզմանն է, որի վրա
կառուցված է 12 սյուներով Մերձավոր Արևելքի
ամենամեծ գմբեթը:
Ըստ «Վարք սրբոց»-ի՝
Հեղինե սրբուհուն է վերագրվում սուրբ վայրերում կառուցված շատ շինություններ՝ Բեթղեհեմ Սուրբ Ծննդյան տաճարը՝
Հիսուսի ծննդյան այրի տեղում, Ձիթենյաց լեռան վրա մատուռ՝ Տիրոջ Համբարձման տեղում, Գեթսեմանիի
Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ գերեզմանի տեղում:
1227թ. Կիլիկյան Հեթում
Ա թագավորի օրոք Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի սյունազարդ մեծ գավթի գեղաքանդակ փայտե
դուռը պատրաստել են հայ վարպետները: Ըստ ավանդության՝
տաճարի սյուներից մեկի վրա Գրիգոր Ա Լուսավորիչը
խաչ է նկարել, որի պատճառով այն կոչվում է Լուսավորչի խաչ: Երուսաղեմի առաջին ուխտավորներից են եղել հայերը՝
իրենց նպաստը բերելով Սուրբ Երկրում քրիստոնեական առաջին շինությունները կառուցելու
համար: Ըստ պատմիչ Մ. Կաղանկատվացու և 7-րդ դարի հեղինակ Անաստաս Վարդապետի՝ հայերը Երուսաղեմում 70 վանք, եկեղեցի
և մատուռ են կառուցել, որոնցից մեկն էլ նշանավոր Սուրբ Հակոբյանց վանքն է, որտեղ թաղված
է Հակոբոս Զեբեդյան առաքյալի գլուխը: Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հիմնադրվել է
7-րդ դարում և աթոռանիստը եղել է Սուրբ Հակոբյանց վանքը:
Հեղինե թագուհին մեծ
գութ ու մարդասիրություն է բերել Երուսաղեմում
բնակվող կույսերին և իրեն համարել Աստծո աղախիններից աղախինը: Ըստ մատենագիրների՝ նա շատ բարերարություններ է արել: Մեծավաստակ սրբուհին
կույսերի համար կառուցել է տվել մենաստաններ և դարձել նրանց մայրապետը: Նա մեծ բարերար
է եղել, զինվորականներին դրամ է բաժանել, աղքատներին ու տառապյալներին՝ սնունդ, հագուստ
և գույք, շատերին ազատել բանտերից ու աքսորավայրերից:
Մեծ հարգանք ու պատկառանք է ունեցել միայնակյացների և եկեղեցականների հանդեպ, վարքով եղել է համեստ
և խոնարհ: Նա մահացել է 80 տարեկանում, 330 թվականին: Որդին՝ Կոստանդիանոսը, նրան մեծ
շուքով թաղել է Նոր Հռոմի՝ Կոստանդնուպոլսի մեջ, Սուրբ Առաքելոց տաճարում: Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհու մարմինը տեղափոխվել է Վենետիկի Սուրբ Հեղինե
կղզին: Հայտնի է, որ սուրբ Հեղինեի
նշխարները սփռվել են ողջ Եվրոպայով, որոնց մասին բազմաթիվ հրաշքներ են պատմում: Նրա ծննդավայրը՝ Դրեպանիա գյուղը, սրբուհու
անունով վերանվանվել է Հեղինապոլիս:
Ակներև է , որ դարերի հոլովույթում քրիստոնեական կյանքը և Քրիստոսի վարդապետությունը միայն գիտելիքների և ըմբռնումների հանրագումար չէ, այլ կյանք է, ապրելու,
գործելու վկայություն:
Օվսաննա Մադաթյան «Կառուցել են կանայք» գրքից
|