Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին 
+ 26.09.2011 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» 
+ 19.08.2012 +
Ուրախ եմ, որ ապրում եմ եկեղեցու կողքին 
+ 11.11.2012 +
Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներ 
+ 21.01.2013 +
Թվաց... 
+ 04.06.2013 +
ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
+ 31.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 9 » Դու իմ միակը ճակատագրով
22:08
Դու իմ միակը ճակատագրով
Մաս Առաջին

Մթնշաղը դանդաղ կլանվում էր գիշերվա ճիրաններում: Մեղմ զեփյուռ էր փչում: Գոռը գիշերային ակումբ մտավ, նստեց սեղանիկներից մեկի մոտ, վառեց ծխամորճը ու նայեց չորս կողմը. մարդաշատ էր: Ծխելը վերջացնելով` բարձրացավ երկրորդ հարկ եւ մտավ դիմահարդարման սենյակ:

- Բարի երեկո,- ասաց նա` չորս կողմը նայելով:

Կանայք պատասխանեցին:

- Էս ո՞ւր է Անին, ինչո՞ւ չի երգում:

- Երգում էր,- պատասխանեց կանանցից մեկը,- հետո ինչ-որ վատ է զգացել, տասը րոպե կլինի երեւի, ինչ տուն է գնացել:

- Լավ, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

- Այո:

- Դե, բարի գիշեր:

Գոռը դուրս եկավ, նստեց մեքենան, նայեց կողքին դրված ծաղկեփնջին, հիշեց, որ այսօր իր նշանադրության մեկ տարին է լրանում ու մտածեց, որ երեւի հիմա Նառան անհամբեր սպասում է: Բայց հանգստացրեց ինքն իրեն. հոգ չէ, օրը փոխվելուց դեռ երկու ժամ կա, կհասցնի նրան այցելել: Բարձրահարկ շենքի մոտ արգելակեց մեքենան, մտավ մուտք, սեղմեց վերելակի կոճակը: Այն չէր աշխատում.

- Գրողը տանի, այս վերելակը երբեք չի աշխատում:

Պահը նրան անցյալ տարավ:


* * *

Նա Անիին էլ էր խնջույքի հրավիրել. այդ օրը ինքը պիտի նշանվեր, ընկերներով հրաժեշտ էին տալիս իր ամուրի կյանքին, որը նշել էր պետք: Բոլորը խմում էին, Անին ձեռք չէր տալիս բաժակին:

- Ախր, Անի ջան, ինչո՞ւ չես խմում,- հարցրեց ընկերը` Տիգրանը:

- Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործել:

- Մենք երկրորդ կուրսում էինք սովորում, երբ ես սիրահարվեցի Մարիին, իսկ ապագա բժշկուհին բոլորովին դեմ էր ալկոհոլին: Ճիշտն ասած, ես էլ չեմ խրախուսում, բայց երբեմն կարելի է: Ու ես քիչ-քիչ Մարիին սովորեցրի, ասում էի. «Գիտե՞ս, եթե դու իմ կինը պիտի դառնաս, ուրեմն պետք է սովորես երեկոները մոմերի լույսի տակ ինձ հետ գինի խմել»:

- Եվ պատկերացնո՞ւմ ես, Անի ջան,- ասաց Մարին,- ես սովորեցի:

- Որի համար ես հիմա ափսոսում եմ,- ասաց Տիգրանը:

- Այդ դեպքում, ավելի լավ է` ես չխմեմ,- խոսեց Անին:

- Նա ափսոսում է, որովհետեւ թանկարժեք գինիների վրա բավականին գումար է ծախսում:

- Տեսնում եք, չէ՞, այ, այսպես են խայտառակ լինում. հիմա այս մարդիկ կմտածեն` ես ինչքան ժլատ եմ: Լավ, կատակը մի կողմ, Անի ջան, բայց առիթների ժամանակ մեկ-մեկ իսկապես կարելի է:

- Լավ,- ասաց Անին ու մի բաժակ գինի խմեց:

Նրա դեմքի ծամածռությունից հասկանալի էր, որ դուրը չեկավ, բայց երկրորդ բաժակի համար չսպասեց, որ շատ խնդրեն, երրորդն արդեն ինքն ուզեց, եւ, բնականաբար, երբեք ալկոհոլ չօգտագործած աղջիկը հարբեց:

- Ես Անիին տուն կտանեմ,- ասաց Արմանը:

- Պետք չէ, ես ինքս,- ցանկություն հայտնեց Գոռը:

- Գո՛ռ, ձերոնք արդեն հարյուր անգամ զանգել են, քեզ են սպասում, այսօր դու պիտի նշանվես, Գո՛ռ:

- Ես չէ, որ պիտի նշանվեմ, այլ մերոնք, ուրեմն թող իրենք էլ մտածեն:

- Վերջ տուր, Գո՛ռ:

- Շնորհակալ եմ, Արմա՛ն, Անիին ես տուն կտանեմ, հետո կաշխատեմ հասցնել իմ նշանադրությանը:

- Ուշադի՛ր, վատ չզգա, իզուր այդ աղջկան այդքան ստիպեցիք:

Ինչքան երջանիկ էր այդ օրը Գոռը. Անին հենվել էր իր ուսին, ինքը շատ դանդաղ էր քայլում. չէր ուզում շենք մտնել` այդ պահը մի քիչ էլ երկարացնելու համար: Հասան վերելակին:

- Չի աշխատում,- ասաց ինքը` կոճակը սեղմելով:

- Աստված իմ, ես ինչպե՞ս եմ յոթ հարկ բարձրանալու:

- Ես քեզ գրկած կտանեմ:

- Ո՛չ, ո՛չ,- ասաց աղջիկը եւ փորձեց պատին հենվելով բարձրանալ,- գլուխս պտտվում է, հիմա կընկնեմ:

Գրկեց աղջկան, Անին էլ երկու ձեռքով ամուր փաթաթվեց իրեն: Շունչը կտրվում էր, բայց աղջիկն այնպես անուշ էր բուրում, որ նա չէր ցանկանում ինչ-որ բան ասել: Սիրտն այնքան արագ էր զարկում, որ ինքը լսում էր այդ աշխատանքը, ապա նաեւ լսվեց մյուս սրտի աշխատանքը, որը իրենի հետ համաչափ ակորդ էր տալիս: Ցնորվում էր, տիրելու տենչը փշաքաղել էր ամբողջ մարմինը, երբեք ոչ մեկին այդպես չէր ցանկացել, դժվարությամբ էր զսպում իրեն: Բայց լավ գիտակցում էր, որ ինքը աղջկան խոսք ունի տված, եւ որ երբեք ուրիշի անզոր վիճակի պատճառով առիթից չի օգտվի: Անին երբեք իրեն այդպես չէր գրկի, եթե ալկոհոլի ազդեցության տակ չլիներ:

Աղջկան պառկեցրեց անկողնու մեջ: Անին նորից նստեց, բռնեց իր ձեռքը ու շշնջաց.

- Վախենում եմ:

Նստեց աղջկա մոտ: Անին ուշադիր նայում էր իր աչքերի մեջ:

- Ես պիտի գնամ, դու քնիր, հոգնած ես:

- Մի գնա, խնդրում եմ, ես… ես սիրում եմ քեզ,- ասաց ու հետ ընկավ անկողնուն:

Ապշեց, զարմացավ, սարսափեց, հրճվեց, դողաց. որքան երկար էր սպասել նրանից այս խոսքերը լսելուն, բայց նա հենց հիմա ասաց, հիմա, երբ ինքը պիտի գնա: Բջջայինը զնգաց, վերցրեց.

- Հա՛, մայրի՛կ:

- Ո՞ւր ես, տղա ջան:

- Մայրի՛կ, դուք գնացեք, ես այնտեղ կգամ:

- Հո հիմա՞ր չես, այ տղա, գիտե՞ս` ժամը քանիսն է:

- Մայրի՛կ, ինձ հետ այդպես մի խոսիր, ես հո երեխա՞ չեմ:

- Որ երեխա չլինես, այդպես չես վարվի:

- Լա՛վ, մայրի՛կ, ես հենց հիմա այնտեղ եմ գնում:

Անջատեց հեռախոսը: Անին արդեն քնել էր, հանեց նրա շորերը, հագցրեց գիշերազգեստը, ծածկեց վերմակով, ապա դուռը կողպելով` դուրս եկավ: Մինչ Նառայենց տուն գնալը հասցրեց մի քանի շիշ գարեջուր խմել: Ուզում էր գոռալ, որ բոլորն իմանան.

- Նա ինձ սիրում է, նա սիրում է ինձ, սիրում է, սիրում է…

Նառայենց տուն մտավ: Մարդիկ նստած էին սեղանի շուրջ, բոլորը շրջվեցին եւ ապշահար նայեցին իրեն: Այդ պահին նոր զգաց, որ կոստյումը չի հագել, ինքն էլ նայեց իրեն. փողկապը ուղիղ չէր, վերնաշապիկի մի մասը շալվարից դուրս էր, մի մասը` շալվարի տակ: Ժպտաց.

- Ես ուղղակի երջանիկ եմ,- ասաց ու նստեց Նառայի կողքին:

- Դե լավ ,- ասաց իր քեռին,- տղային այդպես մի՛ նայեք, նա երջանիկ է, այսօր նրան ամեն ինչ կարելի է, ներում ենք: Բաժակները լցրե՛ք:

Չի էլ հիշում` ինչպես մատանին դրեց Նառայի մատին, կամ արարողությունը ինչպես անցավ, բայց լավ հիշում է, որ շնչակտուր նորից գնացել է Անիի մոտ, նստել հատակին ու երկար հմայվել աղջկա նիրհով, ապա հենց հատակին էլ քնել է:

Արթնացավ. Անին անկողնու մեջ նստած, զարմացած իրեն էր նայում:

- Ողջո՛ւյն:

- Ինչո՞ւ եք հատակին քնել, ի՞նչ եք անում այստեղ:

- Չուզեցի գիշերը քեզ մենակ թողնել. գուցե ինչ-որ բանի կարիք ունենայիր:

- Ես հարբե՞լ էի: Ոչինչ չեմ հիշում, ինձ շատ վա՞տ եմ պահել:

- Ո՛չ, վատ չես պահել, դու իսկապե՞ս ոչինչ չես հիշում:

- Ո՛չ,- նայեց գիշերազգեստին,- ե՞ս եմ հագել:

- Դե… երեւի…

- Երեկ դուք պիտի նշանվեիք,- հարցական նայեց իրեն,- չե՞ք նշանվել,- նա մի պահ ոգեւորված շարժում արեց:

Ինքը մի պահ վարանեց, ապա գլուխը կախելով` ասաց.

- Նշանվել եմ:

- Դե, շնորհավորում եմ,- ասաց Անին ու մեկնեց ձեռքը:

Բռնեց աղջկա ձեռքը. ինչ սպիտակ էր, ինչ փափուկ: Բռնել ձեռքը ու բաց չէր թողնում:

- Սուրճ կուզե՞ք:

- Այո՛:

- Դե, խնդրում եմ, դուրս եկեք, ես հագնվեմ:

- Այո՛, իհարկե, հիմա:

Անին խոհանոց գնաց` սուրճը պատրաստելու, ինքն էլ դռանը հենված` նրան էր նայում:

- Տո՛ւր, սուրճը ես պատրաստեմ:

- Ես կպատրաստեմ:

- Չէ՛, տուր, ուզում եմ ես պատրաստեմ:

Վերցրեց սրճեփը, մեկ գավաթ ջուր լցրեց.

- Այ, այսպես,- ապա վերցրեց սուրճը ու երեք գդալ լցրեց, հետո էլ` չորս գդալ շաքարավազ:

Անին ծիծաղեց:

- Ինչո՞ւ ես ծիծաղում:

- Ախր, այդպես սուրճ չեն պատրաստում:

- Չէ՞:

- Ո՛չ, տվեք, ես ինքս:

- Լավ:

Անին պատրաստեց սուրճը, գազօջախը անջատելիս «ախ» արեց:

- Ի՞նչ պատահեց, ձեռքդ վառեցի՞ր:

- Ոչինչ, բան չեղավ:

- Թող` տեսնեմ,- սրճեփը վերցրեց աղջկա ձեռքից, մի կողմ դրեց, ապա նայեց ձեռքին:

- Բան չի եղել, թողե՛ք:

- Չէ, ո՞նց չի եղել, կարմրել է:

- Ասում եմ` բան չի եղել:

- Ավելի լավ,- ասաց ու նրա մատները մոտեցրեց շուրթերին:

- Ի՞նչ եք անում:

- Սիրում եմ քեզ, խենթանում եմ քեզ համար:

- Դուք երեկ եք նշանվել:

- Հետո ի՞նչ, որ նշանվել եմ, մի՛ հիշեցրու ինձ այդ մասին, ես Նառային չեմ սիրում: Միայն չհարցնես, թե այդ դեպքում ինչու եմ նշանվել:

Ինքը համբուրեց աղջկա շուրթերը:

- Ի՞նչ եք անում, պետք չէ:

Ինքն էլ էր հասկանում, որ պետք չէ, որ չի կարելի, բայց սիրտը, որը քիչ էր մնում տեղից դուրս թռչեր, դա չէր հասկանում, խենթանում էր: Ձեռքերը աղջկա գոտկատեղով ներքեւ սահեցին: Շրթունքները աղջկա վզով վայր էին իջնում: Նա հանեց աղջկա խալաթը, ապա արձակեց կրծկալը, Անին ձեռքերը խաչեց կրծքին` փորձելով ծածկել մերկությունը:

- Թող,- ասաց ինքը, նրա ձեռքերը հեռացրեց եւ...,- ինչ անուշ ես բուրում:

Ապա գրկելով աղջկան` ննջարան տարավ...

Գիտե՞ք, վերելակը չի աշխատում, իզուր մի սպասեք,- ասաց 15-16 տարեկան մի աղջիկ:

- Ա,- ասաց Գոռը:

Նա մի ձեռքով հենվել էր վերելակի պատին, եւ այնպիսի տպավորություն էր, որ հենց վերելակին է սպասում.

- Չի՞ աշխատում, դե՛, ուրեմն ոտքով կբարձրանամ:

- Առավոտյան է փչացել,- ասաց աղջիկը եւ դուրս եկավ շենքից:

Ինքը վերեւ բարձրացավ` 7-րդ հարկ, բախեց աջակողմյան դուռը, որը բավականին ուշ բացվեց: Դռան շեմին կանգնեց սպիտակ գիշերազգեստով մի շատ գեղեցիկ աղջիկ:

- Կարելի՞ է,- հարցրեց Գոռը:

- Իսկ ե՞րբ ես ներս մտնելուց առաջ հարցրել, որ հիմա հարցնում ես:

- Դե, ուղղակի ուշ էր, դու արդեն երեւի պատրաստվում ես քնել. գիշերանոցով ես,- ասաց Գոռը` ներս անցնելով:

- Իբր, երբեք այս ժամին չես եկել կամ ինձ գիշերանոցով չես տեսել,- պատասխանեց աղջիկը` դուռը փակելով եւ նրա ետեւից հյուրասենյակ մտնելով:

- Ես բան չասացի. գիշերանոցով էլ եմ տեսել, մերկ էլ, դու ամեն կերպ էլ հիասքանչ ես:

- Դե՛, ուրեմն էլ ի՞նչ ես ասում:

- Դու այս ժամին պետք է գործի լինեիր:

- Վատ էի զգում:

- Վերջերս սկսել ես հաճախակի վատ զգալ, ինչի՞ց է:

- Հոգնել եմ, Գո՛ռ, այս ամենից ահավոր հոգնել եմ, էլ չեմ ուզում այսպես ապրել, հանգիստ կյանք եմ ուզում, զզվելի է սիրուհու իմ այս կարգավիճակը:

- Իսկ ի՞նչ ես ուզում, ասա՛, լավ գիտես, որ ես քեզ համար պատրաստ եմ ամեն ինչի:

- Բայց ոչ նրան, ինչ որ ես կուզենայի, դու նշանած ունես, ախր, ես քեզ համար ընդամենը սիրուհի եմ:

- Ա, նորից մոռացել էի, ասացիր` հիշեցի. այսօր մեր նշանադրության մեկ տարին է լրանում, ես պիտի Նառայի մոտ գնամ:

- Այդ դեպքում ինչի՞ ես սպասում:

- Երբ ես քո կողքին եմ լինում, հեռանալը միշտ էլ դժվար է:

- Բայց դու քո ապագա կնոջ մոտ պիտի գնաս:

- Միեւնույն է, եթե անգամ դա իմ ապագա կինն է, ամբողջ աշխարհում մագնիսի նման միայն դու ես ինձ ձգում, ես քեզ սիրում եմ:

- Վերջ տուր, Գո՛ռ:

- Արդեն երկու տարի է` Նառան կա, բայց ես երբեք նրան այս խոսքերը չեմ ասել եւ չեմ էլ պատրաստվում ասել:

- Դա ձեր երկուսի անձնական գործն է, ինձ չի վերաբերվում:

- Նյարդային ես, ինչո՞ւ:

- Չգիտեմ:

- Լա՛վ, տեսնում եմ` տրամադրություն չունես, դուռը ամուր կփակես, բարի գիշեր:


* * *

Գոռը ծաղկեփունջը մեկնեց դուռը բացող Նառային եւ համբուրեց:

- Ինչպես՞ ես, քաղցրի՛կս:

- Ինչո՞ւ ես ուշ գալիս,- հարցրեց Նառան բարձր ձայնով:

- Այդպես ստացվեց, կամաց կխոսե՞ս, ձերոնք քնա՞ծ են:

- Այո՛: Գո՛ռ, ինձ գրկած տար հյուրասենյակ:

- Հոգյա՛կս, վեջերս դու այնքան ես գիրացել, որ ես քեզ տեղից բարձրացնել չեմ կարող, ուր մնաց թե գրկած տանեմ, այնպես որ` քո ոտքով արի:

Նրանք հյուրասենյակ մտան: Գոռը ընկավ բազմոցին եւ վերցրեց փոքրիկ սեղանին դրված շամպայնի շիշը:

- Ձերոնք մեզ հետ կխմե՞ն:

- Ես նրանց չեմ հարցնի, ուզում եմ երկուսով լինենք: Գո՛ռ, ծաղիկներն ինչո՞ւ են թոռոմած:

- Երբ ես մեքենայից հանեցի, թոռոմած չէին, երեւի նոր թոռոմեցին:

- Քո հավատով կատակեցիր, քանի՞ օր է մեքենայիդ մեջ մնացել:

- Չեմ հիշում` երկո՞ւ, թե՞ երեք, Մակին կհարցնես, նա էր առել:

- Զզվելի ես, Գո՛ռ, սուրճ ուզո՞ւմ ես:

- Այո:

Նառան խոհանոց գնաց: Գոռը տհաճությամբ նայեց նրա տձեւ հետույքին եւ արագ-արագ գլուխը շրջեց. «Տե՛ր Աստված, մի՞թե ես ամբողջ կյանքս այս կնոջ հետ պիտի կապեմ, այս կնոջ հետ շրջապատ դուրս գամ, ներկայացնեմ որպես իմ երեխաների մայր, մի՞թե ամբողջ կյանքում ամեն գիշեր ես այս կնոջ հետ միեւնույն անկողնում եմ պառկելու: Ո՛չ, ո՛չ, անհնար է, ես չեմ կարող»:

Գոռը տեղից վեր թռավ եւ կանչեց նշանածին.

- Նառա՛:

- Հիմա սուրճը կբերեմ,- պատասխանեց աղջիկը:

- Ոչ, Նառա՛, չեմ ուզում:

- Ինչո՞ւ չես ուզում,- հարցրեց Նառան` սենյակ վազելով:

- Գլուխս ցավում է, ուզում եմ գնալ:

- Ես քեզ դեղ կտամ:

- Ոչ, չեմ ուզում, ես հենց նոր հիշեցի, որ կարեւոր գործի մասին եմ մոռացել:

Խոհանոցից լսվեց սուրճի թափվելու ձայնը:

- Սուրճը թափվեց…

- Ներիր, հոգի՛ս, ես քեզ հետո կայցելեմ:

- Ո՛չ, Գոռ:

- Բարի գիշեր,- ասաց Գոռը եւ արագ-արագ հեռացավ:

Նա նստեց մեքենայի մեջ ու խորը շունչ քաշեց.

- Ես այս աղջկան տանել չեմ կարողանում: Հիմա ո՞ւր, Գո՛ռ, տուն պիտի գնաս, ո՛չ, միայն ոչ տուն: Հայրս կասի` դե, քեզ մի քիչ հավաքած պահիր, ամոթ է, էլի: Մայրս կասի` դե, շուտ ամուսնացիր, զզվեցրիր քո այստեղ-այնտեղ քարշ գալով:

Եղբայրս` Գո՛ռ, խնդրում եմ, աշխատողներիդ ասա` ինձ ոչ մի հարցով չդիմեն: Տատս ու պապս` էս տղեն երեսունն անցավ, չի ուզում ամուսնանա, որ, գոնե, ծոռ տեսնենք, էսօր-էգուց կմեռնենք: Անգամ շունս` դու ինձ կեր էիր խոստացել` իմ սիրածից, ինչո՞ւ չես բերել:

Չէ, տուն չի գնա: Մեքենան արգելակեց, նայեց վերեւ, լույս չէր վառվում, երեւի քնած էր, պետք չէր անհանգստացնել: Բայց ինքը չէր էլ ուզում այստեղ գալ, ակամա ստացվեց: Հեռացավ, կանգ առավ մի ուրիշ շենքի մոտ, բարձրացավ վերեւ, բախեց ծանոթ մի դուռ, որն անմիջապես էլ բացվեց:

- Օհ, Գո՛ռ,- լսվեց կանացի խռպոտ ձայն:

- Կարելի՞ է:

- Գիտե՞ս, այսօր` ոչ,- սեթեւեթեց կինը:

- Մոտդ մարդ կա՞:

- Ո՛չ:

- Սպասո՞ւմ ես:

- Ո՛չ:

- Այդ դեպքում` թող ներս գամ,- ասաց Գոռը եւ ներս անցավ:

- Սպասի՛ր, Գո՛ռ, գիտե՞ս` ինձ ահագին փող է պետք:

- Կտամ:

- Որքա՞ն,- աշխուժացավ կինը:

- Մոտս որքան կա:

- Լա՛վ, ներս գնանք:

Գոռը ներս անցավ եւ ընկավ մահճակալին:

- Սուրճ կամ թեյ ուզո՞ւմ ես:

- Ո՛չ, միայն քնել:

- Դու եկել ես այստեղ քնելո՞ւ, սա հյուրանոց չէ, ինձ փող է պետք, վերջերս գործերս լավ չեն գնում:

- Ասացի` կտամ,- ասաց Գոռը եւ կոստյումը հանելով` նետեց նրա վրա,- դրամապանակումս որքան կա, վերցրու, սիրելի՛ Ժաննա:

Ժաննան վերցրեց կոստյումը, դրամապանակը հանեց գրպանից, նայեց, ապա գոռաց.

- Գո՛ռ, դու ինձ ծաղրո՞ւմ ես, այստեղ ընդամենը հազար դրամ է, իսկ ինձ հարյուր դոլար է պետք:

- Հազար դրա՞մ,- հարցրեց Գոռը` գլուխը վեր բարձրացնելով,- լավ, դե քեզ մի կոտորի, վաղը կգաս, կտամ, միայն թե այսօր կողքս չքնես, քնիր բազմոցին, խոհանոցում, որտեղ ուզում ես, միայն` ոչ այստեղ, ուզում եմ մենակ քնել: Բոլորիցդ մինչեւ կոկորդս կուշտ եմ, հոգնել եմ:

- Եթե հոգնած էիր, ուրիշ տեղ գնայիր, ինչո՞ւ ես այստեղ եկել:

Գոռը չպատասխանեց:

- Քեզ հետ եմ խոսում, Գո՛ռ:

- Առավոտյան յոթին կարթնացնես ու էլ շշուկ անգամ չհանես, ուզում եմ քնել:


* * *

Անին դանդաղ քայլերով աշխատավայր էր գնում` ինքն իր հետ խոսելով. «Երանի ճանապահն այնքան երկար լիներ, որ այսօր տեղ չհասնեի, ոչ ոքի չեմ ուզում տեսնել, մանավանդ` Գոռին, ի՞նչ պիտի պատասխանի նա, երբ այդ մասին իմանա: Թեստը դրական արդյունք տվեց. չէի ուզում հավատալ, այցելեցի բժշկին, նա էլ հաստատեց` հղի եմ»: Ինքը շատ է ցանկանում, որ այդ երեխան ծնվի, բայց Գոռը, բնականաբար, դեմ կլինի, նա իրեն գործից կազատի, դրամով չի օգնի, գուցե բնակարանից էլ հանի: Այդ դեպքում ինչպե՞ս պիտի խնամի երեխային…Ինչ ուզում է` թող լինի, այդ երեխան պիտի ծնվի, ինքը հղիությունը կթաքցնի, մինչեւ որ…Հետո էլ... Աստված մեծ է:

Ակումբ մտավ, քայլերն ուղղեց դեպի հանդերձասրահ. պիտի բեմական շորերը հագներ. արդեն երգելու ժամանակն էր: Միջանցքում հանդիպեց վարսահարդարին մի տղամարդու հետ. հավանաբար ամուսինն էր: Բարեւեց ու անցավ:

- Գեղեցիկ կին է,- լսեց հետեւից տղամարդու ձայնը:

- Շեֆի սիրուհին է,- պատասխանեց կինը:

Անին քմծիծաղով ետ շրջվեց ու ասաց.

- Իսկ այստեղ աշխատողներից ո՞վ շեֆի սիրուհին չէ:

Պատրաստվում էր դուրս գալ երգելու, երբ վարսահարդարը ներս մտավ.

- Աղջի՛կ ջան, դու քեզ ինչե՞ր ես թույլ տալիս, ամուսինս էր, հասկանո՞ւմ ես:

- Ների՛ր, բայց դու ինքդ առիթը տվեցիր, սա առաջին անգամը չէ, երբ դու ինձ վիրավորում ես:

- Ի՞նչ է, սխալ ասացի՞, որ շեֆի սիրուհին ես:

- Ո՛չ, բայց ես էլ սխալ չասացի:

- Դու օձ ես, թարախ, խանդից ես անում, հա՞:

- Մառա՛, եթե դեմ չես, հետո կշարունակենք, ես պետք է արդեն երգեմ:

- Այո՛, հետո կշարունակես, բայց արդեն շեֆի հետ,- ասաց նա ու դուրս եկավ:

Անին զգաց, որ թուլանում է, նստեց: Ներս մտավ մյուս երգչուհին.

- Չե՞ս գնում երգելու:

- Անժե՛լ, լավ չեմ զգում, խնդրում եմ` մի հատ էլ երգիր, մինչեւ ես մի քիչ լավ զգամ:

- Լավ:

- Շնորհակալ եմ:


* * *

Գոռը սեղանիկի մոտ նստած` զրուցում էր եղբոր հետ:

- Հայրիկը բարկացել է. Նառան բողոքել է քեզանից, ի՞նչ ես արել, իրիկունը ինչո՞ւ տուն չեկար:

- Հոգնել եմ Նառայից, նրա մասին ոչինչ խոսել չեմ ուզում, հայրիկն էլ թող իմանա, որ ես տասնհինգ տարեկան չեմ, ինձ վրա բարկանալու ժամանակը վաղուց անցել է, գիշերն էլ զբաղված էի: Վերջերս այստեղ կռիվներ շատ են լինում, պետք է անպայման մեկը հսկի:

- Երեք օր է` դու տանը չես գիշերել:

- Ես այստեղ սենյակ ունեմ:

- Դու այստեղ էլ չես գիշերել. քո աշխատասենյակի հեռախոսը չէր պատասխանում, ինչպես նաեւ անհասանելի էր բջջայինդ:

- Մա՛րկ, երբեմն մոռանում ես, որ ինձնից փոքր ես տասնհինգ տարով եւ գիտե՞ս, եթե ուզենայի, երեւի քո տարիքի տղա կունենայի, այնպես որ` ես իմ արարքների համար պարտավոր չեմ քեզ հաշիվ տալ:

- Գո՛ռ, դու շատ անպատասխանատու ես:

- Գիտեմ, եղբա՛յրս, գիտեմ:

Անին պատրաստվում էր բեմ դուրս գալ, Ժաննան կանգնեց նրա առջեւ.

- Չգիտե՞ս` ուր է Գոռը:

- Ո՛չ:

- Ինչպե՞ս գտնեմ:

- Չգիտեմ:

- Չես էլ ենթադրո՞ւմ` որտեղ կլինի:

- Ո՛չ:

- Ուղղակի շտապ պետք է տեսնեի նրան, երեկ գիշեր ինձ մոտ էր, այսօր ինձ պիտի երկու հարյուր դոլար տար: Ասում ես` չգիտե՞ս ուր է:

- Ո՛չ, չգիտեմ,- ասաց Անին ու հեռացավ:

- Օ՛ձ, դու քեզ հույս ես տվել, որ Գոռը քեզ սիրում է, հետո՞ ինչ, որ բնակարան է նվիրել քեզ. նա ուղղակի խղճում է ողորմելիիդ: Գնա՛, գնա ու մեռի, դեռ շատ գիշերներ Գոռը ինձ մոտ կգա, դոլարներ ինձ շատ են պետք:

* * *

Անին երգում էր:

- Անին այսօր մի տեսակ յուրահատուկ տեսք ունի, այնպես չէ՞, Գո՛ռ,- հարցրեց Մարկը:

- Այո՛,- ասաց Գոռը` ձեռքերը տարօրինակ իրար շփելով:

Անին արդեն երկրորդ երգն էր երգում, բայց այդքան ժամանակ ոչ մի ակնթարթ իր կողմը չնայեց: Խանդից մեռնում էր… Թույնը թափելու առիթը կար. Մառան պատմել էր արդեն, որ Անին իրեն ամուսնու մոտ վիրավորել էր ու վեճի պատճառ դարձել: Ուշադրությունը գրավեց կողքի սեղանիկի մոտ նստած երկու երիտասարդի խոսակցությունը.

- Ինչ լավ ծիտ ա:

- Անուշ էլ ծլվլում ա:

- Բա կոտրատվելը, ոնց էլ կթռվռա:

- Տենաս` ինչքանանոց ա:

- Թանկ քած կլնի, բայց…

Նա չհասցրեց ավարտել խոսքը, որովհետեւ Գոռը բռնեց նրա օձիքից եւ, մի քանի անգամ խփելով, գցեց հատակին: Մինչ նա կատարվածից ուշքի կգար, ընկերը, գարեջրի շիշը կոտրելով, հարձակվեց Գոռի վրա: Մարդիկ իրար խառնվեցին: Վրա հասած դռնապանները բռնեցին գարեջրի շշով երիտասարդին, երկուսը հատակից բարձրացրին մյուսին, որը գոռում էր.

- Բայց ինչի՞ համար:

- Դուրս շպրտեք,- ասաց Գոռը, ապա դարձավ նստածներին,- ներեցեք, խնդրում եմ, ոչինչ էլ չկա, կարող եք հանգիստ զվարճանալ:

Նստեց նորից իր տեղը, նայեց չորս կողմը, բոլորն արդեն հանգիստ զվարճանում էին, կարծես ոչինչ էլ չէր եղել: Նա կրճտացրեց ատամները` տեսնելով Անիի կիսամերկությամբ հմայված տղամարդկանց:

«Ախր, ինչո՞ւ եմ խանդում, ի՞նչ իրավունքով, չէ՞ որ նա ընդամենը մի սովորական աշխատող է եւ, վերջին հաշվով, ոչ ոք… Ոչ ո՞ք, թե՞ ամբողջ կյանքի սեր»:

- Ինչո՞ւ խփեցիր,- հարցրեց Մարկը:

- Այդպես ցանկացա:

- Գժվե՞լ ես, առանց պատճառի կռիվ ես սարքում, դու այդպես հաճախորդ ես կորցնում:

- Ինձ դասեր մի տուր, փոքրի՛կ տղա:

- Լսի՛, հա, եթե ես քեզանից փոքր եմ, դա չի նշանակում, որ փոքրիկ տղա եմ, ինձ հետ այդպես մի խոսի:

- Լավ, էլ այդպես չեմ ասի:

Անին ծափահարությունների ներքո դուրս եկավ: Նա նոր էր նստել հայելու առաջ, երբ դռան ձայնից ետ շրջվեց. Գոռն էր, որը, ներս մտնելով, կողպեց դուռը:

- Ի՞նչ կա,- հարցրեց նա` ծամածռելով դեմքը:

Անին ոչինչ չպատասխանեց:

- Քեզ հետ եմ, ի՞նչ կա:

- Ոչի՛նչ:

- Ինչո՞ւ ես այսօր Մառային ամուսնու մոտ վիրավորել:

- Ինքը առիթ տվեց:

- Եթե առիթ տվեց, ուրեմն պիտի ասեիր, որ իմ սիրուհի՞ն է: Գժվե՞լ ես, ինչ է, ախր, նա իմ ընկերոջ քույրն է, եւ նման բան էլ չկա:

- Ես ինքս եմ տեսել` ինչպես էր նա ծնկներիդ նստած քեզ համբուրում: Քո սիրուհիների ցուցակում նա առաջինն է:

- Ախ, ահա թե ինչ. դե գնա ու բոլորին ասա, որ նա իմ սիրուհին է, իսկ դո՞ւ ով ես,- հարցրեց նա քմծիծաղով:

- Ես էլ եմ քո սիրուհին:

- Էլ չես լինի: Իմ սիրուհիների ցուցակից, որտեղ դու ամենավերջինն ես, ես քեզ հանում եմ:

- Ես միայն ուրախ կլինեմ,- ասաց Անին անտարբեր` մաքրելուվ դեմքի գրիմը:

- Մի սրան նայեք,- ասաց Գոռը` նրա անտարբերությունից շփոթված, եւ զգաց, որ իր խանդի արտահայտչամիջոցները սխալ, կոպիտ ու ծիծաղելի դրսեւորվեցին,- ուզում ես ասել…

Գոռը քաշեց նրա ձեռքից: Աղջիկը կանգնեց:

- Դու արդեն ուրիշի՞ն ես գտել, ես քեզ այլեւս չե՞մ բավարարում: Երբեք մտքովս չի անցել, որ կանայք կարող են ինձնից դժգոհ մնալ, ես նրանց միշտ էլ հաճույքի գագաթնակետին եմ հասցրել, հը՞:

- Հանգիստ թող ինձ,- ասաց Անին` հրելով նրան:

- Իսկ սա՛, սա ի՞նչ է,- ասաց Գոռը` քաշելով Անիի կրծքերը ծածկող շորը,- սա ի՞նչ շնորհք է. դու բոլորի առաջ ի ցույց ես դնում բարեմասնություններդ, որ տղամարդկանց գայթակղե՞ս:

Անին զսպում էր իրեն, որ չփղձկա:

- Իհարկե, դու ինձնից ստացար` ինչ որ քեզ պետք էր, հիմա կողքից ուրիշ տղամարդիկ էլ չէին խանգարի: Ես էլ մտածում եմ` ինչո՞ւ ես վերջերս իմ հանդեպ անտարբեր դարձել: Իսկ նրանք քո նման սիրատենչ կնոջը կարողանում են հեշտանքի հասցնել, դա այնքան էլ հեշտ չէ:

Անին շառագունեց. նա, որ այդ մարդու կողքին միշտ ստրուկի պես հեզ էր եղել, ապտակեց նրան: Գոռը, ձեռքը դնելով այտին, զարմացած նայեց աղջկան. չէր սպասում:

- Բավակա՛ն է,- ասաց Անին,- զզվեցրիր:

Նա փորձեց դուրս գալ, Գոռը բռնեց ձեռքից.

- Այդ շորերով դու այլեւս երբեք մարդկանց առջեւ դուրս չես գա:

- Սա իմ աշխատանքն է:

- Ուրեմն` էլ չես աշխատի:

Անին փորձեց ձեռքը ազատել:

- Կանգնի՛ր, դու դեռ պետք է ապտակի պատասխանը տաս, ինչո՞ւ խփեցիր,- նա ավելի ամուր սեղմեց աղջկա ձեռքը:

- Բա՛ց թող ձեռքս, ցավում է:

- Ոչինչ,- նա մյուս ձեռքով անընդհատ շոյում էր կարմրած այտը, ապա աղջկան հրեց, գցեց բազմոցին ու, վերցնելով հայելու առջեւ դրված մկրատը, կտրտեց Անիի շորերը:

- Թո՛ղ, խնդրում եմ, Գո՛ռ, թո՛ղ:

- Ո՛չ,- նա ագահորեն համբուրում էր Անիի մերկ մարմինը,- իմն է, միայն իմը, ոչ մեկին չեմ զիջի, երբե՛ք, լսո՞ւմ ես, երբե՛ք, այլեւս չփորձես այդ տեսքով երգել, փա՛կ, ամբողջությամբ փակված, որ քո մարմնից միայն աչքերդ երեւան, այն էլ` որ տեսնես ու վայր չընկնես: Իսկ հիմա օգնիր ինձ հանվել, ուզում եմ քեզ սիրել:

Նա հանեց վերնաշապիկը, ապա անցավ գոտուն: Անին փորձեց ազատվել նրա գրկից:

- Ո՛չ, ո՛չ, ո՞ւր, ես քեզ հիվանդագին տենչում եմ:

Նա պատրաստվում էր հագուրդ տալ կրքերին, երբ Անին ակամայից գոռաց.

- Ո՛չ, Գո՛ռ, դու ինձ ցավ ես պատճառում, թո՛ղ, ես հղի եմ:

Գոռը, գեղեցիկ մարմնով տարված, ոչինչ չհասկացավ, բայց երբ Անին երկրորդ անգամ կրկնեց, նա սթափվեց եւ, ուղղելով աչքերին ընկած մազերը, հարցրեց.

- Ի՞նչ:

- Ես հղի եմ:

Գոռը ծիծաղեց.

- Եվ ո՞վ է այն բախտավոր տղամարդը, որ պատիվ է ունենալու հայր կոչվել այս գեղեցիկ կնոջից ծնված երեխային:

- Տխուր է ու ցավալի, բայց այդ բախտավորը հենց դո՛ւ ես:

Դուռը բախեցին:

- Ո՞վ է,- գոռաց Գոռը:

- Ես, Գո՛ռ, դրսում քեզ ինչ-որ մարդիկ են հարցնում:

- Հիմա կգամ, Մա՛րկ:

Նա սկսեց հագնվել:

- Գնա տուն, երեկոյան կխոսենք:

* * *

Մութ գիշեր էր, հորդ անձրեւ, լույս չունեին, մոմի լույսի տակ Անին թրջոցներ էր դնում մոր ճակատին, տաքությունն էլի բարձրացել էր, երկու օր էր` դեղերի կուրսը չէր ընդունել. խորթ հայրը փող չէր տալիս, ալկոհոլը ավելի կարեւոր էր:

- Փող չունեմ, մեկ է` պիտի մեռնի, էլ ինչո՞ւ դեղերի վրա ավելորդ ծախս անեմ:

Անիի հայրը մահացել էր: Ինքը տասը տարեկան էր, եղբայրը` տասներկու: Մայրը երկրորդ անգամ ամուսնացավ` մտածելով, որ այդ մարդը թեւ ու թիկունք կկանգնի իրեն եւ կօգնի երեխաներին մեծացնել, բայց հակառակը եղավ. մոր հոգսը ավելի մեծացավ: Նա ե՛ւ իր, ե՛ւ մոր աշխատածը խմիչքի վրա էր ծախսում, իսկ եթե հանկարծ մայրն ասեր, որ փող չունի, մի լավ ծեծ կուտեր: Իհարկե, անմասն չէին մնա ինքն ու հաշմանդամի սայլակին գամված եղբայրը: Հետո եղբայրը, տեսնելով, որ ոչնչով չի կարողանում օգնել մորն ու քրոջը, ավելին` ամեն օր խորթ հոր կողմից շեշտում էր, որ ինքն ավելորդ բեռ է (չնայած երբեք նրան այդ առիթը չէին տալիս մայրն ու քույրը), որոշեց հեռանալ. նրան կախված գտան: Մայրն այդ հարվածին արդեն չդիմացավ ու անկողին ընկավ: Իսկ խորթ հայրն արդեն սիրուհի ուներ, որը հանգիստ ելումուտ էր անում հիվանդ մոր մոտ:

- էսա պիտի մեռնես,- ասում էր խորթ հայրը մորը,- հո ես մենակ չե՞մ ապրելու:

Հիվանդ կնոջն անընդհատ ասելով, որ շուտով պիտի մեռնի, նրա վիճակն ավելի էր վատացնում: Անին անելանելի դրության մեջ էր. աշխատավարձը չէր բավականացնում, դեղերը շատ թանկ էին: Ոչ ոք ոչնչով իրեն չէր օգնում: Մի անգամ խորթ հայրն ասաց. «Ո՞ւմ համար ես պահում էդ սիրուն ոտերդ կամ շողշողուն աչքերդ, փողոց գնա, սիրուն ծիտ ես, շատ կտան, մորդ դեղերը կառնես»:

Անին ամբողջ գիշեր լաց եղավ` փողոց…փողոց… Ինչպե՞ս կարելի է… Բայց փողոցը ուղեղը մտավ: Կինը փողոց է գնում, որովհետեւ… Կամ փող է պետք, կամ էլ... Էլ ինչի՞ համար…

Անին փողոց գնաց, որովհետեւ փող էր հարկավոր մոր դեղերի համար: Ու մի օր էլ նա հագնվեց այնպես, ինչպես, իր պատկերացմամբ, փողոց դուրս եկողն է լինում: Կեսգիշեր էր, Անին քայլում էր փողոցով, վախից ամբողջ մարմինը դողում էր: Անցնող մեքենաներից ակնարկներ էին հնչում, մեկը անգամ մեքենայից իջավ ու քաշեց ձեռքից.

- Գինդ ինչքա՞ն ա:

Անին վախեցած հեռացավ:

- Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող:

Նա վազում էր ու բախվեց մի երիտասարդի, որը խանութ էր ուզում մտնել, ու ընկավ: Երիտասարդը օգնեց, որ բարձրանա եւ, նայելով իրեն ոտքից գլուխ, ձեռքերը քսեց շորերին: Անին զգաց, որ նա դա զզվանքից արեց. մի՞թե ինքն այդքան զզվելի էր:

- Ներեցե՛ք,- ասաց Անին ու սկսեց լացել:

- Ի՞նչ պատահեց:

- Ես չեմ կարող, չեմ ուզում:

- Ի՞նչ չեք ուզում, որտե՞ղ եք ապրում, ինչո՞վ օգնեմ Ձեզ:

Անին, իրեն կորցրած, միայն կրկնում էր.

- Ինձ փող է պետք, ինձ փող է պետք…

Անին շնչահեղձ էր լինում ամեն անգամ, երբ հիշում էր այդ օրը. չէ՞ որ ամենամեծ դժբախտություններն այդ օրվանից սկսվեցին: Հաջորդ օրը մայրը մահացավ, խորթ հայրը իրեն տնից վռնդեց` բոլորին ասելով, որ նա անբարոյական է:

«Ես պետք է սրանից հետո միայն քո մասին մտածեմ, փոքրի՛կս»,- ասաց նա` ձեռքը դնելով փորին:

Գոռը կանգնեց խանութի մոտ, որպեսզի սիգարետ գնի. հենց այդ խանութի մոտ էլ նա ծանոթացել էր Անիի հետ: Սիգարետը վերցրեց, նստեց մեքենան ու ընկավ հիշողությունների գիրկը:

Զննում էր աղջկան. շատ գեղեցիկ էր, նրբագեղ, բարակ, սլացիկ իրան ուներ, երկար ոտքեր: Եթե ինքը մի քիչ համարձակություն ունենար, ապա կխոստովաներ, որ հենց առաջին հայացքից էլ սիրահարվել է աղջկան:

- Վատը չես:

«Ի՞նչ է անում, ախր ինքը երբեք առաջին պատահած փողոցայինի հետ չի քնի, ինչպե՞ս կարելի է»,- նա մի պահ ինքն էլ ամաչեց, որ նման բան մտածեց, բայց աղջիկն այնպես էր ձգում, որ չկարողացավ իրեն զսպել.

- Կգա՞ս ինձ հետ:

Աղջիկը մի պահ նյարդային շարժում արեց, ապա, կարծես հստակ մի բան որոշելով մտքում, ասաց.

- Այո՛, այո՛:

Նրանք իր աշխատասենյակ գնացին, որին կից փոքրիկ, կարելի է ասել` ննջասենյակ կար, ուր էլ մտան:

- Նստե՛ք,- ասաց ինքը` ցույց տալով բազմոցը:

Աղջիկը նստեց:

- Ի՞նչ կխմեք:

- Ես չեմ խմում:

- Սիգարե՞տ,- ասաց նա` ինքը սիգարետը վառելով:

- Ես չեմ ծխում:

«Տարօրինակ է. չի ծխում, չի խմում ու առհասարակ շատ երկչոտ է»:

- Հուսով եմ` վարակված չես:

Անին կարմրեց:

Գիշերը իրեն բավականին տարօրինակ թվաց այդ «անբարոյականը», առավոտյան արթնանալով` նա տեսավ, որ աղջիկը կողքին չէ, վերմակը փաթաթեց վրան` մերկությունը ծածկելու համար, ու վեր թռավ տեղից. սավանին արյան հետքեր կային, նա վազեց լոգարան, աղջիկը հատակին նստած` հեկեկում էր, նրա ուսերից բռնելով` վեր բարձրացրեց ու քարշ տալով սենյակ բերեց.

- Ես քեզ չեմ հասկանում, դու անբարոյական չես, էս խաղը ինչի՞ համար էր, ինչո՞ւ ինձ մեղքի տակ գցեցիր, ի՞նչ էր ուզածդ` էս ձեւով ինչ-որ մեկի վրա մնա՞լ:

Աղջիկը չպատասխանեց:

- Էդ պոռնոֆիլմերը քանի՞ անգամ ես նայել: Ասեմ, որ որքան էլ ջանք չէիր խնայում, ամենահիմարն էլ կզգար, որ դու … անբարոյական չես:

Աղջիկը լուռ էր:

- Դե՛, խոսի՛ր:

- Ինձ փող էր պետք:

- Փող էր պետք` աշխատեիր, թե՞ մարմինը վաճառելը փող աշխատելու ավելի հեշտ ձեւ է:

- Ձեզ համար ի՞նչ տարբերություն, Ձեզ ինչ-որ մեկն էր պետք հաճույքները բավարարելու համար, ինձ` փող, Դուք ստացաք Ձերը, ինձ էլ տվեք իմը, ու ես հեռանամ:

- Ասեմ, որ հաճույքներս բոլորովին էլ չկարողացար բավարարել, թե՞ կարծում ես չէի զգում, որ ինձնից զզվում էիր ու ամբողջ գիշեր հետ ես տվել, բայց ինչ արած, քիչ են հանդիպում դեպքեր, որ կարող ես կույսի հետ քնել, ա՛յ, դրա գինը պիտի տամ:

Նա մի ամբողջ տուփ գումար մեկնեց աղջկան.

- Հըմ... պոռնիկները քիչ էին, մեկն էլ ավելացավ:

Աղջիկը, որ պատրաստվում էր դուրս գալ, կանգնեց, հետ շրջվեց ու փողը շպրտեց երիտասարդի դեմքին.

- Ես երբեք «պոռնիկ չեմ դառնա»:

* * *

Ալեկոծվում էր ներսը թե՛ հիշողություններից, թե՛ սպասվող անախորժությունից, բախեց Անիի բնակարանի դուռը:

Դռան ձայնից Անին սթափվեց, սիրտը դողաց, վախից ոտքերը թուլացել էին ու առաջ չէին շարժվում: Բացեց դուռը: Գոռը արագ քայլերով հյուրասենյակ մտավ.

- Ուրեմն հղի ես, հա՞:

- Այո:

- Որքա՞ն ժամանակ:

- Երկու ամիս:

- Դու կազատվես այդ երեխայից:

- Երբեք:

- Դու ուզում ես այդ երեխան ունենալով` պատասխանատվություն դնել իմ վրա, որ ես ամուսնանա՞մ քեզ հետ:

- Ոչ, ես նման մտադրություն չունեմ:

- Ուրեմն աբորտ կանես:

- Ոչ:

- Դա քո վերջնակա՞ն որոշումն է:

- Այո:

- Այդ դեպքում այսօրվանից դու աշխատանք չունես, բնակարանը կազատես ու ինձնից ոչ մի լումա չես ստանա:

- Թեկուզ փողոցում, իմ երեխան պիտի ծնվի:

- Ինչպես ուզես, կամքը քոնն է:

Անիի բջջային հեռախոսին զանգ եկավ, նա պատասխանեց.

- Այո:

- Անի ջան, բարեւ, Արմանն է, Գոռին եմ փնտրում, բջջայինը անհասանելի է, կարո՞ղ է քո մոտ լինի:

- Բարե՛ւ, սիրելի՛ս, լավ եմ, դո՞ւ ինչպես ես:

- Անի՛, Արմանն է` Գոռի ընկերը, երեւի ճիշտ չհասկացար, չճանաչեցի՞ր ինձ:

- Ի՞նչ ես խոսում, հոգի՛ս, ինչպե՞ս կարող էի քո ձայնը չճանաչել:

- Եթե ճանաչեցիր, ապա այդ ի՞նչ ես խոսում, Անի, ի՞նչ է պատահել:

- Լա՛վ, հոգի՛ս, իհարկե, հետո կխոսենք, առայժմ:

Արմանը ապշահար քարացել էր տեղում:

- Ի՞նչ է եղել այս աղջկան:

Անին հեռախոսը դրեց սեղանին:

- Ո՞վ էր,- հարցրեց Գոռը:

- Քեզ համար ի՞նչ տարբերություն. դու այլեւս ինձ հետ ոչ մի կապ չունես:

- Քեզ էլ կսպանեմ, սիրեկանիդ էլ, ձեր երեխային էլ:

- Երեխան քոնն է:

- Հերիք է ինձ հիմարացնես:

- Վաղվանից ես կազատեմ քո բնակարանը, հիմա` ցտեսություն, ես պետք է իրերս հավաքեմ:

- Լավ ասացիր` բնակարանս, ու պիտի գիտակցես, որ ես իմ բնակարանից կարող եմ հեռանալ այն ժամանակ, երբ ինքս ցանկանամ: Չնայած որ քո ներկայությունը ինձ համար արդեն նողկալի է. ինչքան շուտ հեռանամ քեզ նման փչացածի մոտից, այնքան ավելի լավ հենց ինձ համար,- ասաց նա եւ դուրս եկավ` աղմուկով փակելով դուռը:

* * *

Արմանը Գոռին գտավ աշխատասենյակում` բազմոցին ընկած` գարեջրի շիշը ձեռքին:

- Ի՞նչ կա:

- Բան չկա:

- Երկա՞ր ժամանակ է, որ այստեղ ես:

- Մի քանի ժամ կլինի:

- Իսկ ինչո՞ւ հեռախոսազանգերին չէիր պատասխանում:

- Ուզում էի մենակ լինել:

- Ինչ-որ բա՞ն է պատահել:

- Ուղղակի հոգնած էի: Զզվել եմ ամեն ինչից, ախ, ո՜նց կուզեի մեռնել:

- Գո՛ռ, դու հարբա՞ծ ես:

- Ոչ:

- Այո, աչքերդ կարմրել են, կողքիդ թափված գարեջրի շշերն էլ դժվար է հաշվել: Արդեն զառանցում ես, հա՞:

- Մի՛ չափազանցրու, Արմա՛ն:

Ներս մտավ Մարկը.

- Բարե՛ւ, Արմա՛ն:

- Բարե՛ւ:

- Ինչպե՞ս ես:

- Նորմալ:

- Էս ի՞նչ եք նշում:

- Չգիտեմ, եղբորդ հարցրու, ես էլ նոր եկա:

- Ի՞նչ ես ուզում, Մարկ,- հարցրեց Գոռը:

- Տուն չե՞ս գալիս:

- Չէ:

- Իսկ ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է` գնաս, Գոռ: Ես գիշերը այստեղ կմնամ,- ասաց Արմանը:

- Ասացի` ոչ, երկուսդ էլ գնացեք այստեղից, ես ուզում եմ մենակ մնալ, ախ, ո՜նց կուզեի մեռնել, պրծնել բոլորիցդ:

- Խմած ա՞,- հարցրեց Մարկը Արմանին:

- Ինչ է, չե՞ս տեսնում:

- Հաճախ եմ նրան խմած տեսել, բայց որ մեռնել է ուզում, առաջին անգամ եմ լսում. երեւի մինչ այս կամ այսքան չի խմել, կամ լուրջ խնդիր կա, թե չէ եղբայրս ընկճվողներից չէ:

- Հիմարություն է դուրս տալիս:

- Կարծում ես` այնքան է խմել, որ լրի՞վ է անջատվել:

Գոռը խեթ-խեթ նայեց նրանց.

- Ես ո՛չ հարբած եմ, ո՛չ էլ զառանցում եմ ու լավ հասկանում եմ` ինչ եմ խոսում, իսկ դուք երկուսդ բավական է արդեն գլուխս արդուկեք, ինձ մենակ թողեք:

- Գո՛ռ,- հարցրեց Արմանը,- երեկոյան կողմ Անիի մո՞տ ես եղել:

- Գրողը թող տանի Անիին, այդ լրբի անունը մոտս մի տուր:

- Իսկ ես կարծես արդեն կռահում եմ քո խմած լինելու պատճառը, դուք վիճե՞լ եք:

- Պատկերացնո՞ւմ եք` այդ սուսիկ-փուսիկ հրեշտակը սիրեկան ունի:

- Ի՞նչ,- գրեթե միասին հարցրեցին Մարկն ու Արմանը:

- Այո:

- Աչքովս էլ տեսնեմ` չեմ հավատա,- ասաց Մարկը:

- Ասում եմ` ունի:

- Ինչո՞ւ ես այդքան համոզված:

- Այսօր ես նրա մոտ էի, երբ սիրեկանը զանգեց:

- Գոռ, ես այսօր…,- ասաց Արմանը, բայց խոսքը չավարտեց, որովհետեւ բջջայինը զանգեց: Նա ներողություն խնդրեց ու պատասխանեց հեռախոսազանգին.

- Ալո:

- Արմա՛ն, Անին է, Գոռը մո՞տդ է:

- Այո:

- Խնդրում եմ` անունս չտաս:

- Ինչո՞ւ:

- Այսօր պատահածի մասին պատմե՞լ ես նրան:

- Հենց նոր պատրաստվում էի, խոսքս կիսատ մնաց:

- Խնդրում եմ, Արմա՛ն, նրան ոչինչ մի ասա,- Անին սկսեց հեկեկալ:

- Քեզ ի՞նչ եղավ:

- Արմա՛ն, խնդրում եմ, եթե կարող ես, հենց հիմա արի:

- Այս ժամի՞ն, ի՞նչ է պատահել:

- Արի՛, խնդրում եմ, ամեն ինչ կպատմեմ:

- Լավ:

- Հը՞,- հարցրեց Մարկը:

- Քույրս էր, երեխան ջերմում է, պիտի դեղ տանեմ,- ասաց նա` իր ստից կարմրելով,- բայց շուտ կգամ, եթե տուն գնալ ուզենաս` զանգիր, նրան մենակ չթողնես կամ սպասիր, մինչեւ գամ, շատ չեմ ուշանա:

Արմանը դուրս եկավ:

- Գո՛ռ, դու երեւի սխալվում ես, Անին նման բան չէր անի:

- Ասում եմ` ունի, նա հղի է:

- Հղի՞:

- Այո՛:

- Է հետո ի՞նչ, եթե հղի է, ուրեմն ուրի՞շը ունի, տարօրինակ լոգիկա. ի՞նչ է, չէ՞ր կարող հղիանալ քեզանից:

- Ոչ, նա գիտեր, որ ես չեմ ուզում երեխա ունենալ:

- Եթե դու չէիր ուզում երեխա ունենալ, դա դեռ չի նշանակում, որ այդ երեխան ուրիշից է:

- Դիտմամբ է այդպես ասում, որ վրես մնա:

- Չեմ կարծում. Անին հպարտ աղջիկ է ու երբեք նման բան չէր անի, հետո էլ` բավական է ձեւեր տաս, չգիտեմ` ուրիշները ոնց, ես հո հաստատ գիտեմ, որ դու նրա համար խենթանում ես:

- Ի՞նչ կապ ունի, չէ՞ որ նա ընդամենը սիրուհի է, գիշերային ակումբի երգչուհի, փողոցային:

- Այդպես մի ասա, ես ու, առավել եւս դու, լավ գիտենք, որ նա այդպիսին չէ:

- Բայց ոչ շատերը:

- Ահա թե ինչ, դու նրա հասցեին այդպես ես խոսում, որովհետեւ ուրիշներին չես կարող համոզել, որ նա այդպիսին չէ, ինքդ քեզ հակառա՞կն ես համոզում: Վերջ տուր, եղբա՛յր, Անին լավ մարդ է, եւ ուրիշներն էլ ժամանակի ընթացքում դա կհասկանան: Ի՞նչ ես ասել Անիին` որ ազատվի՞ երեխայից:

- Այո:

- Ե՞վ:

- Հրաժարվեց:

- Ճիշտ էլ արեց:

- Գլուխը պատին խփեց:

- Հենց այդպես էլ ասացի՞ր իրեն:

- Ոչ, ասացի, որ փալասները հավաքի ու վաղվանից հեռանա իմ տանից:

- Նման բան մի՛ արա:

- Ո՞նց թե, նա սիրեկան ունի, չե՞ս հասկանում, ինչո՞ւ պիտի ես նրան իմ բնակարանը նվիրեմ: Երբեք, լսո՞ւմ ես, երբեք չեմ կարող ընդունել, որ այն, ինչ ինձ է պատկանում, ձեռք տա նաեւ ուրիշ մեկը:

- Դու շատերի հետ ես քնել:

- Բայց նրանք իմը չեն, այնքան որ, Անիին մի համեմատիր նրանց հետ:

- Քեզ չեմ նախանձում. նշանած աղջիկ ունես, որին չես սիրում, սիրուհի, որ քեզանից երեխա պետք է ունենա:

- Այդ երեխան իմը չէ,- գոռաց Գոռը:

- Մի գոռա, ձայնդ բարձրացնելով` ոչ քեզ, ոչ էլ լսողներին չես համոզելու, որ երեխան քոնը չէ:

Արմանը բախեց Անիի բնակարանի դուռը: Անին դուռը բացեց. աչքերը կարմրած եւ ուռած էին: Արմանը լուռ հյուրասենյակ անցավ, որտեղ ճամպրուկներ կային դրված:

- Նստի՛ր,- ասաց Անին:

- Հարմար է, շնորհակալ եմ: Բացատրի՛ր, հասկանամ` այս ամենը ինչ է նշանակում:

- Քանի որ ես ուրիշ ոչ մեկի չէի կարող այս հարցով դիմել, քեզ եմ խնդրում` օգնիր ինձ բնակարան գտնել:

- Ինչո՞ւ, դու այն ունես:

- Գոռն այսօր ասաց, որ այն ազատեմ:

- Բայց ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, Գոռը հենց այնպես քեզ նման բան չէր ասի: Ինչո՞ւ է նա կարծում, որ դու ուրիշի հետ ես կապված, այսօր, երբ ես քեզ զանգեցի, նա այստե՞ղ էր, այո՞:

- Այո՛:

- Իսկ ինչո՞ւ քեզ այդպես պահեցիր, չե՞ս կարծում, որ այդպես ճիշտ չէր:

- Որովհետեւ ինձ այնպիսի մի պատճառ էր պետք, որը Գոռին կհիասթափեցներ, ու նա ինձ հանգիստ կթողներ. այլեւս այսպես չեմ կարող ապրել:

- Դու ուրիշ մեկը չունե՞ս...

- Ի՞նչ ես խոսում, Արմա՛ն, իհարկե չունեմ:

- Ուրեմն այսօրվա իմ զա՞նգն է պատճառ դարձել, որ Գոռը նման բան կարծի:

- Այո՛:

- Ո՞ւ...

- Արմա՛ն, ես հղի եմ:

- Ի՞նչ:

- Այո՛, իսկ Գոռը այդ երեխային չի ուզում, բնական է, այդպես էլ պիտի լինի. նա նշանված է, բարձր խավին պատկանող ընտանիքի զավակ, ես ու իմ երեխան նրա կյանքում ինչ-որ դեր չենք կարող ունենալ: Սխալ չհասկանաս, խնդրում եմ, ես նրանից ոչինչ չեմ պահանջում` լավ հասկանալով, որ ոչ մի իրավունք չունեմ: Միայն ազատություն եմ ուզում, հոգնել եմ սիրուհու այս կարգավիճակից, նրա խանդի հիմար տեսարաններից: Նա չի ուզում, որ այս երեխան ծնվի, եւ դա էլ բնական է: Նա կարող է ոչ մի պատասխանատվություն էլ չկրել, բայց իրավունք չունի ինձ ստիպել ազատվել նրանից: Փառք Աստծո, ինքնըստինքյան առիթ ստեղծվեց, որ ամեն ինչին վերջ դրվի: Այո՛, թող նա կարծի, որ կապված եմ ուրիշի հետ, այդպես ավելի լավ կլինի: Եթե կարող ես, խնդրում եմ, օգնի՛ր ինձ բնակարան գտնել:

Արմանը լուռ էր:

- Ինչո՞ւ ոչինչ չես ասում, Արմա՛ն:

- Դու սիրո՞ւմ ես Գոռին:

Անին զարմացած նայեց նրան, ապա գլխով դրական շարժում արեց:

- Նա էլ քեզ է սիրում:

- Իհարկե չի սիրում:

- Վստահ եմ, որ սիրում է:

- Հետո ինչ, որ նա ինձ սիրում է, կամ ես եմ նրան սիրում: Ես սիրուհի եմ, ու նա առիթը հաճախ է օգտագործում դա ինձ հիշեցնելու համար, ոտնահարում է ինքնասիրությունս, նա այսօր ինձ հարցնում է` ո՞վ է իմ երեխայի հայրը: Ախր իմ կյանքում, նրանից բացի, ուրիշ տղամարդ չի եղել ու չի էլ լինի:

- Նա քեզ ուղղակի խանդում է:

- Բայց ինչո՞ւ, չէ՞ որ ես երբեք առիթ չեմ տվել: Կամ` ես ո՞վ եմ նրա համար, ի՞նչ իրավունքով է խանդում:

- Դու գեղեցիկ ես, շատ տղամարդիկ են քեզնով հետաքրքրվում, եւ այն միտքը, որ չի կարող ամուսնանալ քեզ հետ, ու օրերից մի օր դու կարող ես ուրիշինը լինել, խենթացնում է նրան:

- Ինձ պետք չէ նրա հետ ամուսնանալ, ինձ նրանից ոչինչ պետք չէ, միայն թող թույլ տա ազատ ապրեմ, ազատ շնչեմ` առանց մտածելու, որ ես ինչ-որ մեկի սեփականությունն եմ:

- Վե՛րջ տուր, Անի՛, դու կարծում ես` միայնակ մայր լինելը հե՞շտ է, ու ինչպե՞ս ես պատկերացնում վարձով բնակարան` առանց աշխատանքի ու փոքրիկը գրկիդ: ճամպրուկներդ դատարկիր, բնակարանը քոնն է:

- Աստված մեծ է, եւ հետո էլ` Գոռն ինձ շատ պարզ ասաց` կա՛մ ազատվեմ երեխայից, կա՛մ ազատեմ բնակարանը: Ի՞նչ է, Արմա՛ն, մի՞թե կարծում ես` հանուն այս չորս պատի կհրաժարվեմ երեխայիցս:

- Ի սեր Աստծո, Անի՛, ինչե՞ր ես մտածում, ես նման բան չասացի:

- Այդ դեպքում` ինչպե՞ս մնամ:

- Հանգստացի՛ր, պետք չէ նյարդայնանալ, մանավանդ հիմա, երբ դա կվնասի փոքրիկին: Ես կխոսեմ Գոռի հետ:

- Արմա՛ն, խնդրում եմ` նրան չասես, որ հեռախոսով քեզ հետ եմ խոսել:

- Անհնարին բան ես խնդրում. Գոռն իմ ընկերն է, ու ես պետք է այդ մասին նրան պատմեմ:

- Խնդրում եմ, Արմա՛ն, գիտեմ, որ սխալ եմ արել, բայց եթե նա իմանա, չգիտեմ` էլ ինչ կանի:

- Լավ:

- Շնորհակալ եմ:

* * *

Արմանը եկավ Գոռի աշխատասենյակ: Գոռը պառկած էր բազմոցին` նորից գարեջրի շիշը ձեռքին, իսկ Մարկը համակարգչի առջեւ ինչ-որ խաղ էր խաղում:

- Գո՛ռ, բավական է խմես:

- Ի՞նչ բավական, ինձ ուղարկում էր, որ էլի բերեմ,- ասաց Մարկը:

- Գո՛ռ, դու լրի՞վ անջատված ես, թե՞ կարող ենք խոսել,- հարցրեց Արմանը:

Գոռը հարցական նայեց ընկերոջը:

- Ես ուզում եմ Անիից խոսել:

Գոռը նստեց:

- Անին երեխայի է սպասում:

- Դու ի՞նչ գիտես,- հարցրեց Մարկը:

- Խոսել եմ նրա հետ:

Գոռը նյարդային շարժում արեց:

- Ինչո՞ւ ես նրան ասել, որ բնակարանից դուրս գա:

- Դա միայն իմ գործն է, ու բոլոր միջնորդություններն ավելորդ են:

Հեռախոսը զնգաց, Մարկը վերցրեց.

- Ալո՛, հա, մամ,- ապա լսափողը ձեռքով փակելով` դարձավ Գոռին,- մայրիկը քեզ է ուզում:

- Այստեղ չեմ:

- Մա՛մ, կանչեցին, ինչ-որ գործ կար, հենց նոր դուրս եկավ, հիմա տեսնեմ` ուր է:

Լսափողի մյուս կողմում լսվեց մոր բարձր ձայնը.

- Դե, բավական է, զզվեցրիք ձեր գործերով, հենց հիմա հայրդ այդտեղ կգա, տեսնենք` այդ ինչ գործեր են:

- Մա՛մ, Գոռը տարածքում չէ, հայրիկի գալը իմաստ չունի:

- Ձայնդ կտրի՛ր:

- Մայրի՛կ, հիմա կգտնեմ նրան, ու միասին տուն կգանք, եւ խնդրում եմ` ինձ հետ այդպես մի խոսիր. վաղուց երեխա չենք, ու կարիք չկա մեզ փեշերիդ տակ պահելու:

- Ի՞նչ, հապա մի սրան նայեք, հիմարի մեկը:

- Դե, բավական է իսկականից:

Մարկը հեռախոսը անջատեց.

- Գնացի՛նք, Գո՛ռ:

- Ո՛չ:

- Տուն գնա, Գո՛ռ,- ասաց Արմանը:

- Ես այստեղ եմ մնում, գործերս չեմ կարող թողնել:

- Ասացի` ես կմնամ:

- Դե՛, վեր կաց,- բարձր տոնով ասաց Մարկը:

- Ինչո՞ւ ես գոռում: Ու առհասարակ չհամարձակվես այլեւս մայրիկի հետ այդ տոնով խոսել:

- Դու ես մեղավոր. ամեն անգամ քո անպատասխանատվության պատճառով ձեռքները ես եմ ընկնում, չստիպեիր ինձ ստել: Մայրիկին թվում է, թե աղջկա նման պիտի լինենք` ամբողջ օրը կողքը նստած, թող վերջապես հասկանա, որ չափահաս մարդիկ ենք ու կարող ենք մեր կյանքը ունենալ:

- Նա անհանգստանում է, մայր է, Մա՛րկ:

- Տո՛, այ խելոք, դե որ այդքանը հասկանում ես, մեկ-մեկ տուն արի:

- Մա՛րկ, ես քո մեծ եղբայրն եմ, երեւի մոռանում ես, կարծեմ` քեզ սովորեցրել են մեծերին հարգել:

- Հերիք է, վեր կաց, տուն ենք գնում, ուրիշների ուղեղը խմելուց մթագնում է, քեզ մոտ` պայծառանում. շատ ես փիլիսոփայում:

Գոռը նայեց Արմանին.

- Եղբայրս մեծացել է, ու նա արդեն, կարծես թե, ճիշտ է,- փորձեց կանգնել, բայց ընկավ:

Տղաները մոտեցան, որ օգնեն:

- Թողեք, ես ինքս,- նա վեր կացավ ու օրորվելով դուրս եկավ:

- Կարծում եմ` իմաստ չունի մնալ, դու էլ տուն գնա:

- Չէ՛, Գոռը ճիշտ է, մնանք մինչեւ հանդարտվի, վերջերս վեճեր են լինում, պահակներն էլ ավելորդ ուժ են գործադրում:

- Լա՛վ, եթե ինչ-որ բան այն չլինի, զանգի՛ր, բարի՛ գիշեր:

- Բարի՛ գիշեր: «Իսկապես, չենք էլ նկատել, որ իրոք մեծացել է, ախր տասնհինգ տարով փոքր է մեզանից»,- մտածեց նա Մարկի դուրս գալուց հետո:

* * *

Գոռը մոտեցավ սեղանին, ուր ընտանիքի անդամները նախաճաշում էին: Նա նստեց ու գլուխն առավ ափերի մեջ.

- Վա՛խ, մամա ջան, գլուխս:

- Գրող ու ցավ քեզ, մամա ջան,- գոռաց մայրը:

- Քիչ ես խմել, տղա ջան, դրանից է,- ասաց հայրը:

- Դեղ բերե՞մ, բալես,- հարցրեց տատը:

- Չէ, տատ ջան:

- Դե մի բան քաշի, մեռնեմ արեւիդ:

- Ինչո՞ւ ես Նառային վիրավորել,- հարցրեց մայրը:

Գոռը չպատասխանեց:

- Էս ի՞նչ գործ բացեցիր,- դարձավ նա ամուսնուն,- օրերով էրեխուս երեսը չեմ տեսնում, դու, դու ես քո էրեխեքին փչացնում, երեսունչորս տարեկան է ու ընտանիք կազմելու բացարձակ միտք էլ չունի, մոռացել է, որ նշանված է: Այդ աղջկա հետ շփվելու շնորք չունի, տակտ չունի, կուլտուրա չունի, խայտառակ է անելու այդ մարդկանց մոտ, մինչեւ ե՞րբ, տղա ջան, բա սա,- նա ձեռքով ցույց տվեց Մարկին:

- Մամ ջան, «սա» չի:

- Տեսնո՞ւմ ես սրան, այ մարդ, փակի էդ գործը:

- Ինչո՞ւ, մամ ջան,- ասաց Մարկը,- քի՞չ փող ենք աշխատում:

- Չէ, տղա ջան, քիչը քիչ չի, ու դրա համար էլ այդպես երես ես առել, ախպերդ էլ իրա լրբերի քանակն է շատացրել:

- Դա էլ է պետք, այ կնիկ, տղերք են, դե, բավական է իսկականից:

- Վերջ տուր, դրա համար էլ էս օրին է, նորմալ հաց չի ուտում, օրերով չի քնում, երեսը երկու մատ է դարձել: Քանի օր է` ո՞ւր ես, տղա ջան, ինչո՞ւ տուն չես գալիս:

- Մամ ջան, խնդրում եմ, հեչ հավես չունեմ:

- Բա ինչի՞ հավես ունես: Խմելո՞ւ:

- Չէ, դրա հավեսն էլ չունեմ:

- Սոնա ջան, բավական է, թող էս էրեխեն մի կտոր բան ուտի,- ասաց սկեսուրը:

- Իմ էրեխու վրա խոսելու իրավունք չունե՞մ:

- Ունես, աղջիկ ջան, թող հացը ուտի, հետո:

- Հացը հենց ուտի, նորից կվազի գործերով:

Դռան զանգը բոլորի ուշադրությունը շեղեց: Սպասուհին բացեց դուռը, ներս մտավ Արմանը.

- Բարեւ ձեզ:

Բոլորը պատասխանեցին:

- Նստի՛ր, Արման ջան,- ասաց Ռոբերտը` ձեռքով ցույց տալով ազատ աթոռը:

- Շնորհակալ եմ, արդեն նախաճաշել եմ:

- Գիշերը ակումբո՞ւմ ես մնացել:

- Այո՛:

- Ամեն ինչ կարգի՞ն էր:

- Այո՛:

- Ապրե՛ս, տղա՛ս:

- Նելլի՛, աշխատասենյակ երկու սուրճ բեր` դառը,- ասաց Գոռը` Արմանի հետ այնտեղ գնալով: Գոռը նստեց բազկաթոռին` մյուսը առաջարկելով Արմանին:

- Ասում ես` ամեն ինչ նորմա՞լ էր:

- Այո՛:

- Ինձ ասելու բան ունե՞ս:

- Հա:

- Այդքան շտա՞պ:

- Առավոտյան, երբ ասացիր` լավ չես, մտածեցի` հնարավոր է, տնից դուրս չգաս, չնայած որ` քո դեպքում քիչ հավանական է. որքան էլ վատ լինես, գլխումդ միայն գործեր են, հիմա լա՞վ ես:

- Երեւի: Արմա՛ն, փաստորեն, իմ մանկության ընկերը լինելով ու ինձ լավ ճանաչելով հանդերձ` կարծում ես, որ ես այդքան անհետաքրքիր մա՞րդ եմ:

- Այսի՞նքն:

- Որ միայն գործի ու փողի մասին կարող եմ մտածել:

- Ի՞նչ ես խոսում:

- Լավ... ի՞նչ է եղել:

- Հիշո՞ւմ ես` երեկոյան ինչ էինք խոսում:

- Ո՞ր պահը:

- Ինչո՞ւ ես Անիին տնից հանում:

- Նա կապված է ուրիշի հետ, թող այդ ուրիշն էլ մտածի, թե նա որտեղ պետք է ապրի:

- Նա ոչ մեկի հետ էլ կապված չէ, ու դա շատ լավ գիտես: Ես նրա հետ խոսել եմ, քո` այնտեղ եղած ժամանակ հնչած զանգը սխալ է եղել:

- Սխա՞լ, հապա ինչի՞ համար էր այդ թատրոնը, այնպես էլ բնական էր խաղում, որ դժվար թե սխալված լինեին:

- Գո՛ռ, նա դա դիտավորյալ է արել, որ դու հենց այդպես էլ մտածես ու հեռանաս իրենից:

- Ես հենց դա էլ արել եմ:

- Պետք չի, Գո՛ռ:

- Նա հղի է:

- Դա քո երեխան է:

- Ես չեմ ուզում երեխա ունենալ:

- Բայց նա այդ երեխայի համար քեզնից ոչինչ էլ չի պահանջում, միայն ուզում է` իրեն հանգիստ թողնես:

- Դե, ես էլ թողնում եմ, թող գնա:

- Գո՛ռ, բնակարանից մի՛ հանիր նրան, ախր դու ինքդ դա չես ուզում, ուղղակի ջղայնացած ժամանակ ասել ես ու էլ չես ուզում խոսքիցդ ետ կանգնել:

- Գիտե՞ս` նա իմ սեփականությունն է:

- Բնակարա՞նը:

- Ո՛չ, Անին:

Արմանը ծիծաղեց.

- Այդպես չի կարելի, ընկերս, մենք 21-րդ դարում ենք ապրում, հիմա ստրուկներ չկան:

- Ուզածդ ի՞նչ է, Արմա՛ն:

- Անիին հանգիստ թող առժամանակ, որպեսզի նա հասկանա` ինչ է ուզում անել, ու բնակարանից մի՛ հանիր:

- Դու ուզում ես, որ ես իմ այդ կապիտալը նվիրեմ ինչ-որ մեկի հենց այնպե՞ս:

- Ձեւեր մի՛ տուր հա՞, Գոռ, նա քեզ համար ինչ-որ մեկը չէ, նա քեզ համար շատ թանկ մարդ է, ուղղակի դու չես կարող նրա հետ ամուսնանալ, նա էլ չի ուզում սիրուհի լինել:

- Եվ, ըստ քեզ, ես հիմա ի՞նչ պիտի անեմ, ախր նա երբեք ոչ մի բանի կարիք չի ունեցել:

- Ազատության կարիք ունի, հանգիստ թող աղջկան, թող ապրի իր կյանքով:

- Իր կյանքո՞վ, չեմ հասկանում` դու ինչո՞ւ ես այդքան նրա համար մտահոգվում, նա քեզ համար ո՞վ է, Արմա՛ն, իսկ միգուցե սիրո՞ւմ ես նրան:

- Հիմարություն ես դուրս տալիս:

- Ինչ կա որ:

- Ես չէի կարող սիրել մի կնոջ, որի սիրտն ու հոգին ընկերոջս են պատկանում:

- Սրտին չես հրամայի, մարդ ես, ամեն ինչ էլ պատահում է:

- Ես իմ սրտին կարող եմ հրամայել:

- Վերջիվերջո, մարդիկ սիրահարվում են եղբոր կնոջը, բարեկամին, անգամ` հարազատ քրոջը, ինչ կա որ, եթե դու սիրահարվեիր ընկերոջդ սիրուհուն:

- Ապուշի մեկն ես, չես զգո՞ւմ, որ հիմարություն ես դուրս տալիս` սիրահարվում են հարազատ քրոջը... Եթե կան նման մարդիկ, ուրեմն նրանց վառել է պետք, ու մի՛ փորձիր ինձ համեմատել նմանների հետ, հիվանդ երեւակայություն ունես, խելքդ լրիվ թռցնում ես, ուշքի եկ:

- Ների’ր,- ասաց Գոռը` զգալով, որ ընկերոջն իսկապես վիրավորեց,- ինձ կորցրեցի, հասկացի՛ր, նրան սիրում եմ, ահավոր խանդում եմ, չեմ կարող նրան թողնել:

- Ուրեմն` ամուսնացիր:

- Լավ գիտես, որ դա հնարավոր չէ:

- Լավ բան չես անում, Գո՛ռ, Նառայի համար էլ, կարծում եմ, շատ ծանր պիտի լինի, որ նրան չսիրելով` ամուսնանաս:

- Ինչ արած, ամեն դեպքում Նառային կարող եմ շրջապատին ներկայացնել, իսկ Անիի՞ն: Ի՞նչ կասեն բոլորը. «Գոռն ամուսնացել է գիշերային ակումբում երգող մի աղջկա հետ, որի հետ կեսգիշերին փողոցում է ծանոթացել ու նրա հետ քնել` մինչեւ անգամ անունը չհարցնելով»:

- Դա քո կյանքն է, ու դու հաշվետու չես ոչ մեկին, իսկ եթե գտնվեն ընկերներ, ովքեր քո ընտրության պատճառով կդադարեն քո ընկերը լինելուց, ուրեմն պետք չէ, որ քո ընկերները լինեն: Ու, վերջին հաշվով, Անին շատ ավելի մաքուր է, քան քո շատ ընկերների կանայք: Երբեմն այնպիսի մարդկանց կարող ես ընկեր համարել, որ ծիծաղելի է, հայկական բնավորություն. ում բարեւում ես կամ հետը մի քիչ շփվում, ուրեմն ընկեր է: Ընկերությունը` ընկերություն, անձնականը` անձնական:

- Երանի բոլորը քեզ նման մտածեին, բայց…. Ես չեմ կարող ամուսնանալ նրա հետ:

- Փաստորեն, վե՞րջ ձեր հարաբերություններին:

- Եթե նա այդպես է ուզում, ինչ արած, կստիպեմ ինքս ինձ, կսպանեմ մեջս այդ սերը:

Մի պահ երկուսն էլ լռեցին: Գոռը ձեռքով սեղմեց կրծքավանդակը:

- Ի՞նչ եղավ քեզ:

- Ինչ դաժան եք, Արմա՛ն, գոնե պատկերացնո՞ւմ ես, թե ինչ ահավոր ցավ է, երբ դու ինքդ սպանում ես սերը:

- Գո՛ռ:

- Խոստանում եմ անել այնպես, ինչպես նա իրեն երջանիկ կզգա: Վե՛րջ:

- Դու ինձ հետ գալո՞ւ ես, թե՞ այսօր տանը կմնաս:

- Չէ՛, գալիս եմ, դու սուրճդ խմիր, մինչեւ կհագնվեմ:

 
Շարունակելի...

Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ` 1997 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024