Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Աթոռ Հայրապետական Ամենայն Հայոց 
+ 03.08.2012 +
Երբեմն 
+ 20.08.2013 +
Թեմական երիտասարդական ժողով 
+ 20.11.2012 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ... 
+ 12.10.2013 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը 
+ 07.08.2013 +
Նորից այնտեղ` մեր տուն 
+ 27.10.2012 +
Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին 
+ 26.09.2011 +
«Բանտում էի, եւ ինձ այցի եկաք» 
+ 04.10.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 9 » Դու իմ միակը ճակատագրով
22:55
Դու իմ միակը ճակատագրով
Մաս Երկրորդ
 

Անին Գոռի աշխատասենյակ մտավ, ուր Գոռն Արմանի ու Մարկի հետ գործերից էր խոսում:

- Բարեւ ձեզ:

Տղաները պատասխանեցին:

Անին սեղանին` Գոռի առջեւ, բանալիներ դրեց:

- Սա ի՞նչ է,- հարցրեց Գոռը:

- Քո բնակարանի բանալին:

- Դրանք ինձ պետք չեն, թող քեզ մոտ մնան:

- Ինձ էլ պետք չեն:

- Բայց մենք այդպես չէինք պայմանավորվել, Անի՛,- ասաց Արմանը:

- Այլ տարբերակ չկա:

- Ես քեզ ասացի, որ դու կարող ես հանգիստ քո կյանքով ապրել, Գոռը չի խառնվի:

- Կարծում` ես դա հնարավո՞ր է, ես չեմ ուզում նրանից ինչ-որ հարցով կախում ունենալ, իսկ, ապրելով նրա բնակարանում, ես երբեք էլ ինձ հանգիստ չեմ զգա:

- Բնակարանը քոնն է բոլոր փաստաթղթերով,- ասաց Գոռը:

- Ինձ պետք չէ քո ողորմությունը:

- Դա ողորմություն չէ, դրա իրավունքը դու վաստակել ես. դա քո կուսության գինն է:

- Դու տականք ես:

- Իսկ դու` փչացած, որ փողոց դուրս եկար ու տրվեցիր առաջին իսկ պատահած տղամարդուն:

- Լռի՛ր:

- Ինչո՞ւ լռեմ: Դա է ճշմարտությունը, եւ թող բոլորն էլ իմանան, որ դու պոռնիկ ես:

- Ո՛չ, ատում եմ քեզ,- Անին սկսեց հեկեկալ:

- Գո՛ռ, չափդ անցնում ես,- ասաց Արմանը:

- Բացարձակ: Նա լրբի մեկն է, որ ամեն ինչ արեց վրես մնալու համար, ու, երբ չստացվեց, կատաղեց:

- Ձայնդ կտրի՛ր, Գո՛ռ,- ասաց Մարկը,- զզվեցնում ես:

- Սրիկայություն ես անում, վե՛րջ տուր,- ասաց Արմանը:

- Ատում եմ քեզ, ատում եմ,- Անին լացելուց շնչահեղձ էր լինում:

Մարկը մոտեցավ, գրկեց նրան.

- Հանգստացի՛ր, խնդրում եմ, նա չի հասկանում` ինչ է դուրս տալիս, բանի տեղ մի՛ դիր:

- Բայց դա ճիշտ չէ:

- Իհարկե ճիշտ չէ, ուղղակի վերջերս նրա ուղեղի հետ ինչ-որ բան է կատարվում:

- Մա՛րկ, չե՞ս զգում, որ արդեն լեզվիդ ես տալիս: Հիմա երկուսիդ էլ կսատկացնեմ,- նա կանգնեց, որ մոտենա նրանց:

Արմանը, ձեռքից բռնելով, հետ հրեց աթոռին:

- Վա՛յր ընկի տեղդ, քաջիս նայեք:

- Արի գնանք, ես քեզ տուն կտանեմ,- ասաց Մարկը Անիին, ու դուրս եկան աշխատասենյակից,- սպասի՛ր, բանալին մոռացանք:

- Պետք չէ, Մա՛րկ, ես այնտեղ չեմ գնա:

- Իսկ ո՞ւր ես գնալու:

- Ես Իդայի մոտ եմ տեղափոխվել:

- Իդայի՞, մատուցողուհո՞ւ:

- Ինչ արած, Մա՛րկ, նա միակ մարդն էր, ով ինձ մնալու տեղ առաջարկեց: Միայն խնդրում եմ` Գոռին ոչինչ չասես, հակառակ դեպքում Իդան առանց աշխատանքի կմնա:

- Անի՛, պետք չէ, մանավանդ Իդայի մոտ. նրա վարքից լավ բաներ չեն խոսում:

- Եթե խոսակցություններին նայենք, ինձնից էլ լավ բաներ չեն խոսում, հիմա ինձ համար դա քիչ էական է:

- Իսկ առանց աշխատանքի ի՞նչ ես անելու:

- Մի քիչ խնայողություններ ունեմ, մինչեւ մի աշխատանք կգտնեմ:

- Իսկ երեխային ո՞վ պիտի խնամի, որ դու աշխատես:

- Փաստորեն, երեխայի մասին դու էլ գիտես, հուսով եմ` այդ փաստը չի խանգարի եղբորդ կյանքը դասավորելու: Ես անկեղծորեն ուզում եմ, որ նա երջանիկ լինի, ու վստահ եղեք` երբեք չեմ խանգարի ու չեմ հիշեցնի մեր մասին:

- Եթե միայն Գոռն ուզենա մոռանալ քեզ` լավ, եթե ինչ-որ բանով կարողանամ քեզ օգտակար լինել, անպայման կզանգես, խոստացի՛ր:

- Լա՛վ, Մա՛րկ, խոստանում եմ, շնորհակալություն:

* * *

Արդեն մի քանի շաբաթ էր` Գոռը Անիին չէր տեսել, նրանից ոչ մի տեղեկություն չուներ: Նրա համար շատ ծանր էր առանց Անիի: Խիղճը տանջում էր, երբ հիշում էր, որ աղջկան վիրավորել էր ամենավերջին բառերով: Որքան էլ որ տառապում էր, բայց հասկանում էր, որ այդ ամենին մի օր վերջ պիտի դրվեր, որ այդպես ճիշտ չէր: Հոկտեմբերի տասն էր` ծննդյան երեսունհինգ տարին էր լրանում, տարիներ, որոնք երբեմն նրան այնքան անիմաստ էին թվում, եւ ցանկություն չուներ էլ ծննդյան մասին մտածելու: Ընկերները զանգահարեցին` ասելով, որ սպասում են ռեստորանում: Գնաց: Ընկերներն անընդհատ իր կենաց էին խմում` ցանկանալով ամենալավ բաները:

- Գո՛ռ,- ասաց Հակոբը,- կարծես կենացս չես լսում:

- Չէ, ինչո՞ւ, իհարկե լսում եմ:

- Չէ՛, Գո՛ռ, ների՛ր, բայց այսպես չեղավ, այնպիսի տեսք ունես, կարծես մենք ոչ թե ծննդյան առիթով ենք հավաքվել, այլ` չգիտեմ ինչի,- ասաց Տիգրանը:

- Ուղղակի նրան այսօր քաղաքի բոլոր խանութներով շրջել եմ տվել, որպեսզի իր ճաշակով նվեր առնեմ, կյանքս հոգնել է,- ասաց Նառան:

- Եվ ի՞նչ ընտրեց,- հարցրեց Մարին:

- Ոչինչ, ոչինչ էլ չընտրեց:

Գոռը հիշեց, թե ինչպես անցյալ տարի Անին նվերի տուփը մեկնեց իրեն` ասելով. «Պետք է, որ դուրդ գա, քո նախասիրությունն է»: Եվ իսկապես… Խնդիրը նվերի մեջ չէր, այլ նրա, որ Անին երբեք իրեն հրապարակավ նման բան թույլ չէր տա, որ բոլորի մոտ շինծու բաներ աներ, ախր, Նառան կարծես դիտավորյալ ամեն ինչը թարս անելիս լինի: Չէ, Նառան երբեք Անիի նման չի կարող իրեն կես խոսքից հասկանալ: Նա կտրվեց մտքերից եւ դիմեց Նառային.

- Նառա՛, կարիք չկար երկար բարակ… Մա՛րկ, բաժակները լցրու:

- Բայց դու դեռ քո առաջին բաժակն էլ չես խմել,- ասաց Հակոբը:

- Դե բավական է,- Անուշը արմունկով խփեց ամուսնուն,- ի՞նչ եք ուզում էդ մարդուց:

- Իսկապես,- ասաց Մարին,- ճիշտ է, նա հոբելյարն է, բայց պետք չէ այդքան կենտրոնանալ, չտխրե՛ս, Գո՛ռ ջան, կենացդ եւս մեկ անգամ,- նա բաժակը մոտեցրեց Գոռին:

- Շնորհակալ եմ:

Որոշ ժամանակ նստելուց հետո Հակոբն ասաց.

- Ձեզ հետ հրաշալի է, բայց մենք արդեն գնանք. երեւի գազաններս խեղճ մորս հոգին հանեցին:

- Իրոք որ,- ասաց Անուշը,- շատ չար են, հա՜:

- Շնորհակալ եմ ամեն ինչի համար,- ասաց Գոռը:

- Գիտե՞ս, քեզ լիցքավորել է պետք, ընդհանրապես էներգիա չի մնացել մեջդ:

- Արդեն երեսունհինգ տարեկան եմ, հապա ի՞նչ էիր ուզում:

- Չէ՛, ախպե՛րս, պատճառը դա չէ, ես էլ եմ այդքան, բայց ինձ տասնութ տարեկանի պես եմ զգում:

- Դա իմ շնորքն է,- ասաց կինը` ձեռքից քաշելով,- գնա՛նք, ցտեսությո՛ւն:

- Դե առայժմ, տղերք ջան, կհանդիպենք:

Նրանց հեռանալուց հետո Նառան ասաց.

- Նրանք տասը տարեկան երեխա ունեն արդեն, իսկ Գոռը ամուսնանալու մասին չի էլ մտածում, չգիտեմ` ինչքա՞ն եմ սպասելու:

- Գիտե՞ս,- ասաց Մարին,- ինձ համար ամենալավ ժամանակն էր, երբ մենք դեռ նշանված էինք. ամեն ինչ շատ ավելի քաղցր էր: Հիմա էլ է ամեն բան լավ, բայց մեկ-մեկ ինձ թվում է` նշանված ժամանակ Տիկոն ավելի կրքոտ էր համբուրվում:

- Էլի սկսվեց բողոքները:

- Ի՞նչ է, նշանված ժամանակ համբուրվո՞ւմ են,- հարցրեց Նառան:

Սեղանակիցներն իրար նայեցին, Գոռը գլուխը կախել էր:

- Գոռն ասում է, որ համբուրվել կարելի է միայն ամուսնանալուց հետո:

- Նառա՛,- ասաց Գոռը,- եթե վատ ես զգում, տուն գնա:

- Ո՛չ, շատ լավ եմ:

- Չէ, կարծես գլուխդ մի քիչ ցավում է, Մա՛րկ, խնդրում եմ` Նառային տուն ուղեկցիր:

- Բայց ես չեմ ուզում տուն գնալ:

- Ես եմ ուզում, որ դու տուն գնաս:

Նառան վեր կացավ:

- Դու անտաշ ես,- ասաց նա ու դուրս եկավ:

Մարկը հետեւեց նրան:

- Տիկո, բաժակդ,- ասաց Արմանը` օղու շիշը բարձացնելով:

- Ինձ էլ,- Գոռը իր բաժակն էլ պարզեց Արմանին:

- Յա, որոշեցիր վերջապես խմե՞լ,- ասաց Տիգրանը,- խմե՞լ, թե՞ չխմել. դա լուրջ հարց է:

- Անին հետազոտությունները քեզ մո՞տ է անցնում:

- Այո,- ասաց Տիգրանը` անակնկալի գալով:

- Ե՞վ:

- Քեզ ի՞նչն է հետաքրքրում:

- Ինչպե՞ս եք վերաբերվում նման կանանց, չե՞ք ասում արդյոք, որ աբորտը նրանց համար պետք է իդեալական տարբերակ լինի:

- Մենք` բժիշկներս, այդ իրավունքը չունենք:

- Եթե անգամ երեխան ապօրինի՞ է,- հարցրեց Գոռը` ծաղրելով:

- Դու լավ գիտես, որ բժիշկը կնոջը աբորտի կարող է ուղարկել միայն այն դեպքերում, երբ պտուղը նորմալ չէ, կամ էլ կնոջ առողջությանն է վտանգ սպառնում, իսկ այս դեպքը դրանցից եւ ոչ մեկը չէ: Գիտե՞ս, դու ճիշտ արեցիր, որ բժիշկ չդարձար. դու լավ գլուխ ես հանում երկար ոտքերից, պորտապարից, շիկահեր ծիտիկներից, բայց ոչ` բժշկությունից ու խղճից:

- Դուք պիտի նրան համոզեք` աբորտ անի:

Տիգրանը հիշեց դասախոսի ասածը. «Ես` որպես բժիշկ, դեմ եմ աբորտին: Նախ` դա վնաս է կնոջ առողջությանը, ու հետո էլ` նշանակում է մարդ սպանել: Բայց, ցավոք սրտի, այսօր շատ տղամարդիկ են կանանց ստիպում այդ քայլին գնալ` պատասխանատվությունից խուսափելով կամ սոցիալական վիճակը պատճառ բռնելով»: Իսկ Գոռն այն ժամանակ պարզապես գոռաց.«Տգեղ է կնոջը ստիպել աբորտ անել. դա տղամարդկություն չէ»:

Տիգրանը նայեց կնոջը.

- Դու էլ, երեւի, նույն բանը հիշեցիր, ինչ որ ես:

- Այն ժամանակ դու համարում էիր, որ դա տղամարդկություն չէ,- ասաց Մարին,- իսկ հիմա շատ ես փոխվել, Գո՛ռ:

- Ոչ մեկդ էլ ինձ երբեք չեք հասկանա:

- Ասա` կհասկանանք,- ասաց Արմանը,- չէ՞ որ այդ աղջիկը քեզնից ոչինչ չի ուզում: Չնայած ճիշտ ես` քեզ հասկանալ չի լինի, ինչպե՞ս կարելի է միաժամանակ այդքան ուժեղ սիրել ու ցավեցնել:

- Մարի, նրա հետ ինչ-որ տղամա՞րդ է գալիս:

- Ախ, Գո՛ռ, ինչ ես խոսում, ի՞նչ տղամարդ, ի՞նչ բան:

- Իսկ որտե՞ղ է ապրում:

- Այդ մեկը չգիտեմ:

Բոլորը լռեցին:

* * *

Գոռը հիշեց: Մայրը կանացի խնդիրներ ուներ, հիվանդանոցում էր: Ինքը դուրս եկավ հիվանդասենյակից, նայեց լուսամուտի մոտ կանգնած աղջկան, եւ նրան մի պահ թվաց, թե կայծակահարվեց. դա հենց այն գիշերվա աղջիկն էր, որը ամիսներ շարունակ ուղեղից դուրս չէր եկել: Աղջիկը շրջվեց ու մտավ ընդհանուր հիվանդասենյակ: Ինքն էլ բարձրացավ ընկերոջ աշխատասենյակ:

- Կարե՞լի է,- հարցրեց նա` դուռը բացելով ու միաժամանակ բախելով:

- Իհարկե, Գո՛ռ, ինչ՞ու ես հարցնում, առաջ արի, նստիր:

- Մայրիկի մոտ ամեն ի՞նչ կարգին է,- հարցրեց Գոռը` նստելով:

- Այո՛, շաբաթվա վերջին դուրս կգրվի:

- Լսի՛ր, Տի՛կ, ձեր ընդհանուր հիվանդասենյակ` երկրորդ հարկ, կարծեմ 17-ն էր, մի աղջիկ մտավ, հագին կապույտ շոր ուներ, սեւ, ոչ շատ երկար մազերով էր.. Դե, մի խոսքով` սիրուն աղջիկ էր:

- Եվ ի՞նչ:

- Ի՞նչ է անում այդ աղջիկն այստեղ, հիվա՞նդ է:

- Անի՞ն:

- Ես նրա անունը չգիտեմ:

- Հա, Անին, էլի, այդ սենյակում երեք հիվանդ են, երկուսը մեծահասակ են, երիտասարդ սեւ մազերովը պետք է, որ նա լինի: Կարո՞ղ է բուժքույրերից էր:

- Խալաթով չէր:

- Դե, ուրեմն Անին է, ի՞նչ է, հեռակա ծանոթությո՞ւն ունեք:

- Չէ, ուղղակի եմ հարցնում:

- Նրան այստեղ բերեցին շատ ուժեղ բորբոքումներով: Եթե մի քիչ էլ ուշանար, ստիպված պետք է լինեինք հեռացնել կանացի ներքին օրգանները, բայց, փառք Աստծո, կարողացանք բուժել:

- Հիմա արդեն լա՞վ է:

- Այո՛, ամեն ինչ շատ լավ է. հիվանդությունն անցյալում է:

- Բա ե՞րբ է դուրս գրվելու:

- Գիտե՞ս, այդքան ժամանակ նրա հետեւից ոչ ոք չի եկել, փորձեցինք ամեն ինչ պետպատվերի շրջանակներում անել, բայց դե, առանց գումարի էլ չի լինի, ինչ-որ մորաքույր ունի, պետք է գումար բերեր, որ դուրս գրեինք:

- Նա այստեղ մնում է միայն այն պատճառով, որ դեռ չի՞ վճարել:

- Ինչ արած, նրա դեղերը բավականին թանկ նստեցին, եւ գլխավոր բժիշկը պետք է դուրս գրի, նա էլ...

- Ես ուրախ եմ, որ բժիշկ չդարձա:

Նա գրպանից ահագին գումար հանեց ու դրեց Տիգրանի առջեւ:

- Ի՞նչ է սա:

- Չի երեւո՞ւմ, որ փող է:

- Երեւում է, բայց ինչի՞ համար է:

- Ես այդ աղջկա համար վճարում եմ, որ դուրս գրեք:

- Բայց այս գումարը շատ է, այսքանը ի՞նչ անեմ:

- Կմտցնես գլխավորիդ հետեւը:

- Վե՛րջ տուր, Գո՛ռ...

Գոռը վեր կացավ, որ հեռանա, ապա, դռան մոտ կանգնելով, շրջվեց.

- Ասում ես` ոչ ոք նրա ետեւից չի՞ եկել:

- Ոչ ոք:

- Մնացած գումարը կտաս նրան:

- Տամ նրան, ի՞նչ ասեմ` որ ի՞նչ:

- Ինչ ուզում ես` ասա... Խելքին մոտ մի բան:

- Բայց ինչո՞ւ ես նման բան անում, այդ աղջիկը...

- Ես նրան պարտք եմ, ես նրան...

- Դու նրան ի՞նչ...

- Ոչի՛նչ, Տի՛կ, ոչ մի բան...

* * *

Բջջայինը զնգաց:

- Ասա՛, Տի՛կ:

- Բարեւ, ինչպե՞ս ես:

- Քեզանից է կախված:

- Ես դա չեմ կարող անել:

- Ախր հասկացիր, այդպես ճիշտ է ոչ միայն իմ, այլեւ նրա համար: Նա այդպես իր կյանքը ավելի հեշտ կդասավորի ու հետո մի բան էլ գոհ կլինի ճակատագրից, որ այդպես եղավ:

-Եթե այդ մասին իմանան, ես բանտ կընկնեմ:

- Այդ մասին երբեք չեն իմանա. ինձնից ու քեզնից բացի, ոչ ոք չի իմանա:

- Դա ստորություն է:

- Տիկո՛, աղաչում եմ:

* * *

Անին հերթական հետազոտության էր եկել: Տիգրանը, բժշկական ասեղը ձեռքին, մոտեցավ նրան:

- Ինչի՞ համար է այս սրսկումը, Տիգրա՛ն:

- Պետք է...

- Իմ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ՞:

- Ոչ, ամեն ինչ նորմալ է:

- Մարին այսօր չի՞ եկել, կուզեի նրա հետ խոսել:

- Անի՛, ամեն ինչ կարգին է:

* * *

Տիգրանը պատրաստվում էր սրսկել, բայց մի պահ քարացավ. սպիտակ շորերով մի մարդ կանգնել էր նրա առջեւ ու հարցրեց.

- Ուզում ես երեխա ունենալ, այնպես չէ՞:

- Այո՛, իհարկե ուզում եմ, արդեն տասը տարի է` ամուսնացած ենք, բայց...

- Այդ դեպքում ինչո՞ւ ես ուզում ուրիշին զրկել իր երեխայից:

- Որովհետեւ ես ուզում եմ երեխա ունենալ, չեմ ունենում, իսկ նա չի ուզում, բայց պիտի ունենա, ինչո՞ւ է այդպես:

- Մի՛ փորձիր խառնվել, ամեն բան իր ժամանակն ունի, եթե ուզում ես ինքդ էլ ունենալ, ձեռք չտաս այդ երեխային, ձեռք չտաս, ձեռք չտաս, ձեռք չտաս...

Մարդը հեռացել էր, բայց ձայնը դեռ զրնգում էր ականջներում:

Վեր թռավ տեղից. երազ էր, շունչը կտրվում էր, քրտինքի մեջ կորել էր: Կինը հարցրեց.

- Ի՞նչ եղավ քեզ:

- Ուղղակի երազ էր, ջուր կտա՞ս:

* * *

Ասեղը կարծես կպել էր մատներին. չէր կարողանում շարժել:

- Կարծում եմ` հիմա պետք չէ, հետո որ այս վիտամինի, հա, հա, վիտամին է, կարիքը զգացվի, նոր կսրսկեմ:

- Տիգրա՛ն, երեխայիս հետ իսկապե՞ս ամեն ինչ կարգին է:

- Այո՛, ամեն ինչ, ինչո՞ւ պիտի խաբեի, միայն խնդրում եմ` սննդիդ հետեւիր, գումարի կարիք ունե՞ս:

- Ո՛չ, դեռ ոչ:

- Ամեն դեպքում ես մի քիչ կտամ:

- Եթե կարիք լինի, ինքս կխդրեմ, հիմա պետք չէ:

- Լա՛վ, քեզ լավ նայիր, գրիպի վիրուս կա տարածված, զգույշ եղիր:

Անիին ճանապարհելուց հետո Տիգրանը մտախոհ նստած էր, երբ ներս մտավ կինը, նստեց ծնկներին, գրկեց, համբուրեց: Տիգրանը փորձեց գրկել կնոջը, բայց չկարողացավ. ձեռքերը թուլացած էին:

- Գիտե՞ս, այս ամիս ինձ մոտ ամսական չի եղել:

Տիգրանը հարցական նայեց կնոջը:

- Թեստն էլ դրական արդյունք տվեց. հղի եմ:

Տիգրանը կնոջն իջեցրեց ծնկներից, ծնկաչոք ընկավ գետնին, իսկ արցունքները հորդում էին աչքերից.

- Ների՛ր, Աստված իմ, ների՛ր ինձ:

- Ի՞նչ եղավ, Տի՛կ, ինչո՞ւ ես լացում, Աստծուն փառք տալ է պետք, ոչ թե ներողություն խնդրել:

- Ների՛ր, Աստված իմ, հանուն ընկերության ես դեմ էի գնում իմ մասնագիտությանը, իմ խղճին եւ քեզ: Ների՛ր ինձ... Ախ, ի՞նչ էի անելու, ի՞նչ իրավունքով... Ների՛ր ինձ, աղաչում եմ:

Հեռախոսը վերցրեց.

- Լսի՛ր, Գո՛ռ, այդ աղջիկը հասցեդ ուզեց, որ իմանա` ով ես, ու անձամբ շնորհակալություն ասի, ես էլ աշխատանքիդ վայրի հասցեն տվեցի:

- Կարիք չկար, Տի՛կ:

- Դե, ինչ արած, հո չէի՞ ասելու` գաղտնի է, մանավանդ որ, ինչ-որ բան չկա, դու մեծահոգություն ես արել, թող մի հատ էլ շնորհակալություն ասի:

- Հըմ, մեծահոգություն… Լավ, ինչ որ է, չեմ կարծում, թե գիշերային ակումբ կգա:

Բայց, ի զարմանս նրա, աղջիկը եկավ, գլուխը կախեց, հույս ուներ, որ նա չի ճանաչի, բայց իզուր. աղջիկն իր աշխատասենյակ մտավ ու քարացավ.

- Դո՞ւք:

Ինքը ոչինչ չասաց:

- Գոռը դո՞ւք եք:

- Այո:

- Դո՞ւք եք ինձ համար վճարել:

- Դե… Հա, էլի...

- Բայց ինչո՞ւ:

- Ես Ձեզ պարտք էի:

- Ո՛չ, ո՛չ, Աստված սիրեք, մի՛ հիշեցրեք այդ մասին:

- Հանգստացեք, ներեք, խնդրում եմ նստեք:

Ծանր հուշերն արթնացել էին ու նորից հուզել աղջկան, ամբողջ մարմնով դողալով` հեկեկում էր:

- Նստե՛ք խնդրեմ:

- Ո՛չ, ես պետք է գնամ:

- Էլի կգնաք, նստեք, մի քիչ հանգստացեք, հետո կգնաք:

Անին նստեց, ձեռքերն իրար էր սեղմում:

- Ցուրտ է հիմա, ասեմ` թեյ բերեն:

- Կարիք չկա:

- Հետո էլ մի քիչ կխոսենք, հա՞:

Երկու բաժակ թեյ բերեցին: Նա բաժակը մեկնեց աղջկան: Անին դողացող ձեռքերով վերցրեց բաժակը.

- Շնորհակալ եմ:

Թեյ չէր սիրում, բաժակը մի քանի անգամ ձեռքն առավ, ապա նորից դրեց սեղանին: Աղջիկը երկու ձեռքով բռնել էր բաժակը ու կում-կում խմում էր:

- Գիտե՞ք, այն անգամ լավ չստացվեց, ներեցեք խնդրում եմ:

- Ես անբարոյական չեմ ու չեմ էլ դարձել:

- Գիտեմ, ես հիմարություն էի ասել:

- Ես, հասկանո՞ւմ եք, ես... ստիպված էի, ուրիշ տարբերակ չունեի:

Աղջիկը պատմում էր իր մասին, պատմում ու արտասվում: Գոռի հոգին տակնուվրա էր լինում, միեւնույն ժամանակ մի տաք ու հաճելի էներգիա էր պարուրում նրան, նա այնքան ուրախ էր, որ առիթ ունեցավ աղջկան նորից հանդիպելու. այդ մի քանի ամիսների ընթացքում նրան խիղճը միշտ տանջել էր:

- Ես ինչով կարող եմ` քեզ կօգնեմ:

- Կարիք չկա, ես չեմ եկել օգնություն խնդրելու, ես ուղղակի պատմեցի, թե ինչու էի փողոց գնացել: Մորս մահից հետո խորթ հայրս բոլորին ասաց, որ ես անբարոյական եմ, ու տնից վռնդեց, գնացի մորաքրոջս տուն, ռեստորանում աման էի լվանում (մատուցող չուզեցա, որովհետեւ ռեպլիկները շատ էին լինում), հետո էլ մրսեցի ու հիվանդացա:

- Շնորհակալ եմ, որ ինձ հետ կիսվեցիր, ես մտածում էի, որ դու ինձ պետք է ատելիս լինես:

- Ինչի՞ համար, դուք կապ չունեք, դուք չլինեիք, մեկ ուրիշը պետք է լիներ:

- Եթե Դուք այն ժամանակ փողը վերցրած լինեիք…

- Ոչինչ էլ չէր փոխվի. մայրս այդ օրը մահացավ, այ, երանի ես փողոց դուրս եկած չլինեի:

Նա նորից սկսեց հեկեկալ:

- Ինչո՞ւ չեք փորձում մոռանալ:

- Մոռանա՞լ, ինչպե՞ս մոռանամ այն, որ փողոցայինի նման անծանոթ տղամարդու տրվեցի:

Գոռը փորձեց ասել, որ կարելի է բժիշների միջոցով ամեն բան վերականգնել ու մոռանալ, բայց զգաց, որ Անին այդ աղջիկը չէ, եւ այդ բանն ասելով` ինքն ավելի կցավեցնի նրան:

- Կարծում եմ` քեզ համար մի հարմար աշխատանք կգտնենք, ու ամեն բան լավ կլինի: Ի՞նչ կարող ես անել:

- Ի՞նչ կարող եմ անել… Հատակը մաքրել…

- Ի՞նչ ես խոսում, ոչ մի նման բան, մի հարմար բան կգտնենք:

Պարզվեց, որ Անին շատ լավ երգում է եւ ուսումը կիսատ է թողել վարձի պատճառով, ու նա դարձավ ակումբի ամենասիրված ու սպասված երգչուհին:

* * *

Կեսգիշերից ուշ, երբ բոլորն արդեն գնացել էին, Գոռը դուրս եկավ, որ տուն գնա, Անին աստիճանների վրա նստած էր:

- Ինչո՞ւ ես այստեղ նստել, ինչո՞ւ այսօր չէիր երգում, տաքսի չկա՞, քեզ տուն տանե՞մ:

- Ես գնալու տեղ չունեմ:

Անիի աչքերը կարմրած ու ուռած էին: Նա այնքան էր լացել, որ էլ ուժ չուներ:

- Ի՞նչ է պատահել:

- Մորաքրոջս տղան է եկել, երկար ժամանակ Հայաստանում չէր, ասում էին` Ռուսաստանում գողության համար բանտ էին նստեցրել, ասաց, որ տունը պետք է վաճառի, մորաքույրս չէր համաձայնում: Նրանք քանի օր անընդմեջ վիճում էին, այսօր առավոտյան … մորաքույրս սրտի կաթված ստացավ… մահացավ: Տղան ինձ տնից դուրս արեց, չի թողնում` գնամ, գոնե մորաքրոջս հրաժեշտ տամ:

- Ցավում եմ, բայց այսպես նստած հո չե՞ս մնալու, գնանք իմ աշխատասենյակ, հետո մի բան կմտածենք:

* * *

Հետո բանալի տվեց աղջկան:

- Ի՞նչ է սա:

- Քո բնակարանի բանալին:

- Ի՞մ, ինչո՞ւ:

- Հո փողոցում չէի՞ր մնալու:

- Դուք կարող եք իմ աշխատավարձից պահումներ անել, մինչեւ…

- Ոչ մի նման բան:

- Ապա ինչպե՞ս պետք է ձեր այս լավությունը հատուցեմ:

- Վերջ տո՛ւր, Անի՛, այս մասին այլեւս չենք խոսում:

* * *

Անին օրեցօր ավելի էր գեղեցկանում, տղամարդիկ սիրահարվում էին, կանայք` նախանձում: Գոռըն ինքն էլ հատուկ վերաբերմունք ուներ դեպի աղջիկը, չի հիշում` երբ սկսվեց այդ ամենը, բայց եկավ մի պահ, որ փնտրում էր ցանկացած պահ ու առիթ` Անիին տեսնելու համար, անում ամեն ինչ, որ աղջիկը իրեն ապահով ու լավ զգար: Ամբողջ աշխատակազմում նա առաջինն էր, Անին էլ էր դա շատ լավ զգում ու հասկանում` արդեն ինքն է այդ մարդու պարտքի տակ: Նա տեսնում էր, թե ինչպես ուրիշ կանայք, նրանից գումար վերցնելուց կամ ինչ-որ բան խնդրելուց հետո, ինտիմ հարաբերությունների էին անցնում, որովհետեւ պարոն Արունցը հետո հանկարծ Գոռ էր դառնում: Կամ հպարտությամբ պատմում էին միմյանց, որ շեֆը գիշերը այցի է գնացել: Մի օր նա, գլուխը կախելով, ասաց.

- Այս ամենի համար ես ինչպե՞ս պետք է վարձահատույց լինեմ, մի՞թե անկողնում:

Գոռը զարմացած նայեց նրան:

- Ի՞նչ ես խոսում, իհարկե` ոչ, ինչպե՞ս կարող էր մտքովդ նման բան անցնել: Եթե ես ինչ-որ մեկին օգնում եմ, ապա ոչ` փոխարենը նման բան ստանալու համար: Ես երբեք կնոջը մատով անգամ չեմ կպչի, եթե նա ինքը դա չի ցանկանում: Ես մի անգամ քեզ ցավ եմ պատճառել` անգիտակցաբար, երկրորդ անգամ դա չեմ անի: Ես տանել չեմ կարող այն, որ կինը, պարտքի զգացումից դրդված, քեզնից զզվելով, հետդ հարաբերություն է ունենում: Գիտեմ` դու շատ բան ես տեսնում, երբեմն էլ լսում բաներ, որոնք չափազանցված են, ես սուրբ չեմ, բայց վստահեցնում եմ` երբեք ոչ մի կնոջ իր կամքին հակառակ չեմ տիրացել: Ես նրանց հետ հարաբերություն եմ ունեցել իրենց ցանկությամբ, երբեմն էլ` պարզ արված առաջարկով:

Անին շառագունեց` մտածելով, որ Գոռն իր ասածն էլ կհամարի պարզ առաջարկություն, ամոթից գետինն էր մտնում:

- Մի՛ շառագունիր, ես գիտեմ, որ դա առաջարկություն չէր, այլ պարտքի զգացումից դրդված մի բան, հանի՛ր մտքիցդ, դու ինձ ոչինչ պարտք չես, դու լավ աշխատող ես, շատերը գալիս են այստեղ քեզ լսելու համար: Այնպես որ` դու արժանի ես այն վերաբերմունքին, որ քեզ ցուցաբերվում է... Բայց զարմանում եմ, որ դեռ կան կանայք, որոնք կարող են ամաչել ու կարմրել, այստեղ աշխատող կանանց մեջ դու միակն ես այդպիսին:

* * *

Աշխատում էր, որքան հնարավոր է, զուսպ լինել ու ցույց չտալ դեպի աղջիկը տածած իր զգացմունքները: Գողունի էր հետեւում նրա ամեն քայլին, որ հանկարծ ինչ-որ տղամարդ չմոտենար, իսկ եթե նման բան էր լինում, անմիջապես միջոցներ էր ձեռնարկում: Երբ ինչ-որ կնոջ հետ էր լինում, ու Անին անցնում էր, մի քանի քայլ հեռու էր կանգնում, հետո առիթ ստեղծում, որ աղջկան բացատրի, թե ինչ գործ ուներ նրա հետ: Մի տեսակ պարտավորություն էր զգում աղջկան ամեն ինչ պատմելու, չնայած Անին երբեք հարցեր չէր տալիս ու չէր խառնվում իր կյանքին ու գործերին, միայն մեկ անգամ հետաքրքրվեց: Նառան իր մոտ էր եկել, որպեսզի միասին տեղ գնային: Մի քանի օր անց Անին ասաց.

- Դուք ընկերուհի ունե՞ք:

- Ոչ, չունեմ:

- Մի քանի օր առաջ այստեղ մի աղջիկ էր եկել, ասացին` ձեր ընկերուհին է:

- Ա, Նառա՞ն, նա հորեղբորս քավորի աղջիկն է, մենք ուղղակի…

- Շատ լավն էր:

- Լո՞ւրջ,- հարցրեց ինքը քմծիծաղով:

- Այո՛,- ասաց Անին շփոթվելով:

- Ես չեմ ուզում նրանից խոսել:

- Ներեցե՛ք, ես այլեւս երբեք չեմ հարցնի:

* * *

Նա զգում էր, որ Անին էլ անտարբեր չէ իր հանդեպ, որ իրենց միջեւ շատ ուժեղ ձգողականություն կա, բայց ինչ-որ բան խանգարում է արտահայտվել ու ստիպում է հեռու մնալ իրարից: Մի անգամ ինքն Արմանի հետ նստած էր աշխատասենյակում: Անին անցավ, դռան մոտ կանգնեց, ուզում էր ներս մտնել, բայց չմտավ, անցավ: Արմանը արագ-արագ դուռը բացեց, դուրս նայեց, ապա հետ եկավ, նստեց տեղը:

- Սխալվեցիր, մարդ չկար:

Այդ պահին ներս մտավ ընկերը` Կարենը:

- Կա՞ր,- հարցրեց Արմանը,- միջանցքում մարդ կա՞ր:

- Անին էր` երգչուհին, ինչո՞ւ որ:

- Ուղղակի,- ասաց Արմանը,- կարծում եմ` հիմա Գոռը կբացատրի, հը, Գոռ, դու դա ինչպե՞ս զգացիր:

- Չեմ կարող բացատրել, ես ուղղակի զգում եմ, որ նա անցավ, որ նա ինչ-որ խնդիր ունի կամ էլ տխուր է:

- Դու սիրահարվա՞ծ ես, թե՞ ուղղակի համակրում ես:

- Գիտե՞ս, կարծում եմ` ավելին. մի տեսակ ուրիշ զգացմունք է, նման չէ մինչեւ հիմա իմ զգացած ոչ մի բանի:

* * *

Իդան հյութի բաժակը մեկնեց Անիին.

- Այնքան գեղեցիկ ես, փորիկդ մեծացել է, սիրուն հղի ես:

Անին ժպտաց:

- Գոռը քեզ այսպես տեսներ...

Անին լրջացավ:

- Ների՛ր… Գիտե՞ս, գալիս է աշխատանքի, բայց ժամերով աշխատասենյակից դուրս չի գալիս, էլ կանանց հետ այն ժամանակվա նման երկար-բարակ չի չաչանակում, հետները քիչ է շփվում, անգամ` Մառայի: Հիշում ես, չէ՞, ամեն տեղ քիթը խոթում էր, հիմա փնթփնթում է, որ շեֆը էլ իրեն հաշվի չի առնում:

- Չեմ հավատում, նա իր բոլոր աշխատողների հետ էլ քնում էր:

- Չափազանցնում ես. օրինակ, ինձ հետ նա երբեք էլ չի քնել:

- Երեւի դու թույլ չես տվել:

- Սխալվում ես, անգամ շատ էլ կցանկանայի, բայց նա ինձ վրա չի էլ նայել:

- Նա քեզ սիրում էր, Անին ու չէր էլ թաքցնում, դե, գուցե մեկ-մեկ ոմանց հետ էլ քնում էր, բայց հաստատ նրանց ընդունում էր որպես անբարոների, քեզ, վստահ եմ` ոչ: Լսի՛ր, անկողնում լա՞վն է, թե՞ չոբանի պես է,- հարցրեց նա բարձր ծիծաղելով:

Անին կարմրեց:

- Ամոթ է, Իդա՛:

- Դե լավ, դու էլ... Ի՞նչ ամոթ բան կա, ասա՛:

- Նա ինձ հետ երբեք կոպիտ չի եղել:

- Բա ինչպիսի՞նն է:

- Շատ նուրբ, ուշադիր:

- Սեքսուա՞լ է:

- Իդա...

- Դե լավ, պարզ է. եթե սեքսուալ չլիներ, կանայք այդքան հետեւից չէին վազի: Բա չէ, Արտուշի նման, ինձ ուղղակի օգտագործում ա, հետո սկսում խռմփացնել, ինձ մի քաղցր խոսք էլ չի ասում: Բայց դե ինչ անեմ, առանց տղամարդու չեմ կարողանում, վախենում եմ ասեմ` գնա, հետո ավելի վատին հանդիպեմ: Գիտե՞ս, ինձ մոտ դեպքեր են եղել, որ հաճույքները բավարարելուց հետո անգամ ծեծել էլ են:

- Արի այդ թեմաներով չխոսենք, հա՞:

- Լավ, դու այդպես էլ չե՞ս ցանկանում, որ նա քո տեղն իմանա:

- Ո՛չ, հակառակ դեպքում դու աշխատանքիցդ կզրկվես:

- Ինչո՞ւ ես այդպես համոզված:

- Հիշո՞ւմ ես, մենք մի ռուս պարող ունեինք` Դիման, գիտե՞ս` Գոռը նրան ինչու ազատեց աշխատանքից:

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ մի անգամ ես երգում էի, իսկ նա` պարում, ու ես մի քանի ակնթարթ ձեռքերս նրա գոտկատեղից մի քիչ ներքեւ եմ դրել. պարի բեմադրությունն էր այդպիսին:

- Ու ի՞նչ արեց Գոռը:

Կանչեց իր մոտ ու դիտավորյալ իմ ներկայությամբ ասաց.

- Դիմա, դու ազատված ես աշխատանքից:

- Ինչո՞ւ,- հարցրեց Դիման:

- Այդպես ցանկացա:

- Բայց ո՞րն է իմ սխալը:

- Տնօրենը ես եմ ու աշխատողին կարող եմ հեռացնել ցանկացած պահի, եւ կապ չունի` նա սխալ ունի՞, թե՞ ոչ:

- Բայց աշխատողը պիտի իմանա` ինչի՞ համար է ինքը հեռացված:

- Հետույքդ ինձ դուր չի գալիս:

- Չգիտեի, որ դուք հոմոսեքսուալիստ եք:

Գոռը ծիծաղեց.

- Ազատիր աշխատասենյակս` առանց ավելորդ հարցերի ու ենթադրությունների:

- Ես կբողոքեմ:

- Բարի, բողոքիր` ում ուզում ես:

Դիման հեռացավ, ես հարցրեցի.

- Ինչո՞ւ ես իմ ներկայությամբ այդպիսի բառեր օգտագործում:

- Ների՛ր:

- Ինչո՞ւ նրա հետ այդպես վարվեցիր:

- Ուղղակի այդպես ցանկացա:

- Ո՛չ, դու նրան հեռացրեցիր ինձ հետ պարելու համար:

- Ապրե՛ս, խելացի աղջիկ ես, բա որ այդքանը հասկանում ես, ինչո՞ւ էիր անում:

- Բայց այդպես չի կարելի, նա…

- Վե՛րջ, այդ թեման արդեն փակված է:

- Գիտե՞ս, դիմահարդար Հայկուշին էլ էր իմ պատճառով հեռացրել. նա ինչ-որ բոլորի ներկայությամբ իմ հասցեին ավելորդ բաներ էր խոսել:

- Քեզ գրեթե բոլորն էին նախանձում: Է՛հ, Ան, չե՞ս կարոտում:

- Իհարկե կարոտում եմ, բայց ինչ արած, նա իր կյանքն ունի, ես ապրում եմ իմ քաղցր հիշողություններով ու շնորհակալ եմ նրան, որ սիրել եմ: Չեմ կարծում, թե Գոռը կփոխվեր իմ հանդեպ, եթե ես ինքս այդպես չցանկանայի, բայց այլ տարբերակ չկար. թեեւ նա ինձ սիրում էր, բայց չէր կարող ինձ հետ ամուսնանալ, ուզում էր ուղղակի իր սիրուհին մնամ, իսկ ես այդպես չէի կարող, առանց այդ էլ կարծում եմ` պատճառը ես էի, որ նա այսքան երկար նշանված մնաց:

- Չէ մի, կարծում եմ` նա ուղղակի այդ աղջկան չի սիրում:

- Գիտե՞ս, ես մեղավոր էի, ես իրավունք չունեի նրա հետ կապվելու, դա ճիշտ չէր, չգիտեմ էլ` ինչո՞ւ ամեն ինչ այդպես ստացվեց: Բայց սկզբում, ես որ այստեղ աշխատանքի էի անցել, նրան անգամ ատում էի, հետո ուղղակի անտարբեր էի ու հետո չզգացի, թե ինչպես սկսեցի սիրել: Եթե մի օր չէի տեսնում, կարոտում էի, անհանգստանում, խանդում, երբ ինչ-որ կնոջ հետ էի տեսնում: Նույն բանն էլ նրա կողմից էի զգում, բայց ինչ-որ բան մեզ խանգարում էր արտահայտվել: Հաճախակի եմ ինքս ինձ ստիպել մոռանալ նրան, ուղեղիցս հանել, սրտիցս դուրս շպրտել, չի ստացվել, որովհետեւ նա իսկապես ինձ սիրում էր, ամեն ինչ արել է ինձ համար, նա յուրահատուկ ու շատ ուշադիր տղամարդ է, բայց իմը չէ, ինչ արած:

- Ես քեզ նախանձում եմ, եւ կապ չունի, որ դուք միասին չեք, բայց դու զգացել ես` ինչ բան է, երբ քեզ սիրում ու գնահատում են: Երեսունութ տարեկան եմ, մի քանի տղամարդ ունեցա, բայց ոչ մեկն էլ ինձ չսիրեց, օգտագործեցին ու վերջ:

- Մի՛ տխրիր, դեռ քեզ էլ կսիրեն, դեռ կգա քո կեսը:

- Կար ժամանակ, որ ես իսկապես սպասում էի, բայց այդպես էլ չեկավ, հիմա արդեն էլ չեմ սպասում, որ կգա:

- Այո, իհարկե կգա:

- Լավ, ես գիտեմ, որ դու բարի աղջիկ ես եւ ուզում ես ուղղակի, որ ես հույսս չկորցնեմ:

- Ոչ մի նման բան:

- Ցուրտ է ինչ-որ, հո չե՞ս մրսում:

- Չէ:

- Ես պիտի արդեն գնամ, քեզ լավ նայիր` մինչեւ կգամ:

- Լավ, քեզ անփորձանք օր:

- Շնորհակալ եմ:

Գոռը, ընկերների հետ աշխատասենյակում նստած, զրուցում էր, ներս մտավ Հակոբը, ձեռքով բարեւեց տղաներին ու նստեց:

- Սուրճ կուզե՞ս, Հակոբ,- հարցրեց Գոռը:

- Չէ՛, ծխելը թողել եմ, առանց սիգարետի էլ ինչ սուրճ: Ինչպե՞ս եք:

- Լավ,- ասաց Արմանը:

- Գո՛ռ, էս պարող ծտերդ նո՞ր են,- դարձավ նա Գոռին:

- Հա՛:

- Որտեղի՞ց:

- Ուկրաինայից:

- Բա ո՞նց ենք անում, որ մի հատ փորձենք: Որտե՞ղ են մնում:

- Ավանում` վարձած բնակարանում:

- Բոլորը միասի՞ն են:

- Այո՛:

- Դե, Գո՛ռ, նայիր, տես` ոնց ես կազմակերպում:

- Դու ինքդ կազմակերպի՛ր:

- Գժվե՞լ ես, ինձ մոտ էլ չեն թողնի, որ խոսեմ, դու ես իրենց շեֆը:

- Հետո, հա՞, Հակո՛բ:

- Ինչո՞ւ չեք խոսում,- հարցրեց նա Կարենին ու Արմանին,- այնպիսի տպավորություն է` կարծես ազապ մարդը ես լինեմ, ամուսնացածը` դուք, փոխանակ դուք ոգեւորվեիք: Դե,

Արմա՛ն, մի բան արա:

- Ի՞նչ անեմ, Հակո՛բ:

- Ամբողջ օրը դու ես այդ աղջիկների հետ շփվում, ի՞նձ ես հարցնում` ինչ անես:

- Դու ամուսնացած տղամարդ ես:

- Է, հետո ինչ... Հա՛, ճիշտ է, իմ կինը շատ լավն է, բայց հո չեմ կարող ամեն օր խորոված ուտել, մի օր էլ, ասենք, բորշչ ես ուզում:

- Ես էլ դեմ չեմ,- ասաց Կարենը:

- Տղե՛րք, բայց մեջներին մեկը կա, հետաքրքիր արիստոկրատ արտաքին ունի, մուգ սեւ մազեր ու կապույտ աչքեր, ինքը իմն ա,- ասաց Արմանը:

Գոռը ծիծաղեց:

- Լավ, քանի՞ աղջիկ էին, Արմա՛ն:

- Հինգ:

- Իսկ մենք ո՞ւմ վերցնենք: Տիկոյի՞ն:

- Պետք չէ,- ասաց Հակոբը,- ես երկուսին իմ տրամադրության տակ կվերցնեմ, համ էլ Տիկոն հաստատ չի գա:

Տղաները ծիծաղեցին:

- Ինչո՞ւ ես այդքան վստահ, որ չի գա,- հարցրեց Կարենը:

- Ճիշտն ասած, ես էլ եմ վստահ,- ասաց Արմանը,- Մարին հղի է, ու դուք չեք պատկերացնի` Տիկոն ինչպես է դողում, ոչ մի րոպե մենակ չի թողնում:

- Բնական է, տասը տարի սպասել են,- ասաց Հակոբը:

Գոռի դեմքին միանգամից տխրություն իջավ. նույն կարգավիճակում էլ Անին է (Տիգրանը նրան ասել էր, որ չի կարողացել իր խնդրանքը կատարել), բայց ոչ ոք նրա մասին հոգ չի

տանում: Ամբողջ մարմինը քրտնեց. ինքը միլոններ ունի, բայց իր երեխան կծնվի` չգիտես որտեղ ու գուցե...

- Գո՛ռ, էս ո՞ւր ես,- հարցրեց Հակոբը:

- Այստեղ եմ, ուր պիտի լինեմ, կուզե՞ս մի հատ հիմար ու ծեծված կատակ էլ անեմ` շորերիս մեջ:

- Իսկ ինձ մի պահ թվաց, թե ինչ-որ թուրքական տարազ ես հագել,- ասաց Հակոբը ծիծաղելով:

- Հա՛, հա՛, հա՛, էդ ո՞ր պահն էր խնդալու:

- Չէ, տղե՛րք, ինչ-որ բան այն չի, ի՞նչ է եղել, Գո՛ռ:

- Բան էլ չի եղել, ուղղակի դու ամուսնացած տղամարդ ես, ի՞նչ կասի Անուշը, մեկն էլ չէ, երկու աղջիկ է ուզում:

- Լա՛վ, ախպե՛րս, շատ ես նեղվում, երկուսը` քեզ:

- Խնդիրը դրա մեջ չի. եթե ուզենամ, երեքին էլ կարող եմ ինձ վերցնել, ուղղակի Անուշը որ իմանա, չգիտեմ էլ` ինձ ինչ կանի:

- Հո երեխա չե՞ս, Անուշը որտեղի՞ց պիտի իմանա:

- Քեզ ինչ կա,- ասաց Կարենը,- երկու բաժակ խմես, կսկսես գլուխդ գովել:

- Սրանց նայեք. շուտով դուք էլ կամուսնանաք, տեսնեմ` ինչքան հավատարիմ ամուսիններ եք լինելու: Առայժմ, գնամ, մի քիչ գործեր ունեմ, երեկոյան կհանդիպեմ:

* * *

Տղաները մեքենայի մեջ բարձրաձայն խոսում էին, Արմանը ղեկի մոտ էր, Գոռը` կողքին, Հակոբն ու Կարենը` հետեւի կողմը:

- Տղե՛րք, ընենց լավ էր. դե, դրանց քածերը ուրիշ են, էլի,- ասաց Հակոբը:

- Իրոք որ դզեց,- ասաց Արմանը:

- Հոգիս հանեց, հա, բայց շատ լավն էր,- ասաց Կարենը,- արժի շուտ-շուտ գալ:

- Արմա՛ն, բայց կարծես բախտդ չբերեց բալկոնում….,- Հակոբը ծիծաղեց:

- Սխալվում ես, բալկոնի կոտրված բազմոցին` էկզոտիկ ճռճռոցով ավելի կայֆ էր:

- Ճիշտ որ, Հակոբ,- էդ ճռճռոցը իրոք մեկ-մեկ ավելի էֆեկտիվ ա:

- Գո՛ռ, դու ինչո՞ւ չես խոսում,- հարցրեց Հակոբը,- թե՞ հոգիդ հանել ա, ձայնդ դուրս չի գալիս:

- Լա՞վ էր,- հարցրեց Արմանը:

- Չգիտեմ, ձեռք չեմ տվել, ուղղակի զրուցել ենք:

- Ի՞նչ,- գրեթե միասին գոռացին տղաները:

Արմանը արգելակեց մեքենան:

- Ինչո՞ւ չես ձեռք տվել,- հարցրեց Կարենը:

- Աղջիկը չուզե՞ց,- հարցրեց Արմանը:

- Չէ, ես, չգիտեմ... Չստացվեց, չուզեցի...

- Տղաները բարձր ծիծաղեցին:

- Լացելու բան է, դուք ծիծաղում եք:

- Լավ, բայց նրանց տեսքին նայելով` արդեն իսկ պատրաստ ես,- ասաց Կարենը:

- Ախպերս, բա դու երեքին էլ էիր…,- ասաց Հակոբը ծիծաղելով:

- Հակոբ…

- Լավ, դե բան չկա, ճիշտ է, ժամանակից շուտ է, բայց հո բուժում կա,- ասաց Արմանը:

- Ձեռք եք առնում, հա՞, ես ոչ թե չկարողացա, այլ չուզեցի, հասկանո՞ւմ եք: Իսկ դրանք տարբեր բաներ են:

- Լավ դե, ախպե՛րս, ուրիշ մարդ չկա, մի՛ նեղվիր, չես կարողացել, ոչի՛նչ, ինքդ էլ բժիշկ ես, բուժման ձեւերն ավելի լավ կիմանաս:

- Հակո՛բ, մի հատ էլ, ու ձեռքիս տակ ինչ ընկավ, կխփեմ,- ասաց նա` հետ շրջվելով:

- Լավ, ախպերս, դե ասա, տեսնենք` քեզ ինչ է եղել, ախր իրոք շատ լավն են, բոմբ են, բոմբ:

- Չգիտեմ, հոգնել եմ, էլ ոչ մեկը հետաքրքիր չէ, անգամ ամենաբոմբաները, աշխատանքից էլ եմ հոգնել. ավելի հանգիստ աշխատանք եմ ուզում: Ուզում եմ ընտանիք ունենալ, երեխաներ, որ գնամ տուն, կինս ժպտալով ընդառաջ գա, երեխաներս հարցնեն, թե իրենց ինչ եմ տարել... Բոլոր աղջիկներից հոգնել եմ, մեկին, միայն մեկին եմ ուզում, որ ինձ հասկանա, գլուխս դնեմ նրա կրծքին ու կարողանամ ամեն ինչի մասին զրուցել:

-Դե ամուսնացիր, ի՞նչն է խանգարում,- հարցրեց Հակոբը:

- Ես Նառային չեմ սիրում:

- Բա ո՞նց պիտի լինի:

- Չգիտեմ,- նա մի պահ լռեց,ապա հարցրեց,- տղե՛րք, դուք ինչպե՞ս կընդունեիք, եթե ամուսնանայի Անիի հետ:

- Ես շատ ուրախ կլինեի,- ասաց Արմանը:

- Ինձ համար ոչ մի տարբերություն, ում ուզում ես` ուզի, եւ նրան պիտի ընդունեմ որպես ընկերոջս կին,- ասաց Կարենը:

- Ես երբ Անուշի հետ ամուսնանում էի, քո կարծիքը չեմ հարցրել,- ասաց Հակոբը:

- Հա, բայց Անուշը գիշերային ակումբում չէր երգում ու սիրուհիդ չէր:

- Բայց դա ոչինչ չի նշանակում,- ասաց Արմանը,- նրա բախտը ուղղակի չի բերել, բայց նա յուրահատուկ աղջիկ է: Իսկ ինչ մնաց քնելուն, ապա հիմա շատերն են հարաբերություններ ունենում, հետո ամուսնանում:

- Եթե անգամ իմ կինը երգչուհի չէ, գիշերային ակումբի պարուհի լիներ, ես էլի քո կարծիքը չէի հարցնի,- ասաց Հակոբը:

- Դուք հիմա այդպես հեշտ խոսում եք, որովհետեւ իրականում այդպես չէ:

- Հա, բայց իրականում Անին էլ այդպիսին չէ, ախր, դու նրա կյանքում միակ տղամարդն ես եղել, ինչո՞ւմն է խնդիրը,- հարցրեց Արմանը:

- Իսկ ինչո՞ւ դուք այդպես ավելի շուտ չէիք խոսում, որ ես այսպես չվարվեի:

- Ես չեմ հասկանում,- ասաց Հակոբը,- դու մինչեւ հիմա խոտ արածո՞ղ ես եղել: Մե՞նք պիտի որոշեինք, թե դու ում ուզես: Ի սեր Աստծո, քո կյանքն է, ապրիր այնպես, ինչպես քեզ երջանիկ ես զգալու, արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում, ինչո՞ւ ես նշանակություն տալիս նրան, թե ինչ կասեն ուրիշները: Ախպե՛րս, երբ դու ամուսնանաս չսիրածդ աղջկա հետ ու երջանիկ չլինես, դա ոչ մեկին իսկի էլ պետք չի լինելու: Այնպես որ` ինքդ որոշիր, ոչ թե մենք:

- Իսկ ծնողնե՞րս... Նրանք երբեք իմ ընտության հետ չեն համաձայնի:

- Դա արդեն ուրիշ հարց է, այդտեղ մենք գործ չունենք, անգամ կարծիք չենք կարող հայտնել:

- Դու հույս ունես, որ Անին քեզ կների՞,- հարցրեց Արմանը:

- Ո՛չ, հույս չունեմ ու դրանից ավելի եմ տանջվում, ես ինձ նրա հանդեպ ամենավերջին սրիկայի պես պահեցի: Մի՞թե նրան հետ վերադարձնելու ոչ մի շանս չունեմ... Խճճվել եմ, չգիտեմ` ինչ անեմ, ուզում եմ գոռալ,- ասաց նա, իջավ մեքենայից, կռացավ, երկու ձեռքով ձյունը վերցրեց եւ գունդ սարքեց:

Կարենն ու Հակոբն էլ իջան մեքենայից: Գոռը ձնագնդով խփեց Հակոբին:

- Քեզ ի՞նչ եղավ,- հարցրեց նա ու ինքն էլ, ձնագունդ սարքելով, Գոռին խփեց:

Երեքով սկսեցին խաղալ, Արմանը իջավ մեքենայից.

- Արա՛, ամոթ ա, ի՞նչ եք թավալ գալիս, քառասունին մոտ մարդիկ եք, բայց ձեզ տասը տարեկան լակո….

Նա չավարտեց խոսքը, որովհետեւ Կարենը ձնագնդով խփեց ուղիղ դեմքին:

- Այդպես հա՞,- ասաց Արմանը ու մոտենալով` Կարենին գցեց ձյուների մեջ: Մոռանալով իր քիչ առաջվա ասած խոսքերը` ինքն էլ խառնվեց տղաների խաղին:

* * *

Գոռը, հաստ շորի մեջ փաթաթված, նստել էր բուխարու մոտ, թեյ էր խմում, ձնագնդի խաղալը էժան չէր նստել. թրջվել էր, մրսել ու հիվանդացել: Ներս մտավ մայրը, ձեռքը դրեց ճակատին.

- Ինչպե՞ս ես, ձա՛գս,- հարցրեց նա` նստելով որդու դիմաց,- ջերմություն չունեիր:

- Լավ եմ, մայրի՛կ, բայց էլ ձագ չեմ, վաղուց արդեն լավ էլ խոշոր եղջյուրներ ունեմ. մեծացել եմ:

- Դու մեծացել ես, ես չե՞մ մեծացել:

- Մայրի՛կ, դու այնքան թարմ տեսք ունես, որ երբեմն մարդիկ կարծում են` մենք քույր ու եղբայր ենք:

- Հաճոյախոսությո՞ւն էր:

- Ո՛չ, մայրի՛կ, դա զուտ ճշմարտությունն է:

- Է, տղա՛ս, այսօր աներոջդ ծննդյան օրն է:

- Ինչ լավ է, ես հիվանդ եմ, հուսով եմ` մինչեւ երեկո տաքությունս կբարձրանա:

- Դու քեզ փոքրիկ տղայի նման ես պահում:

- Ուզում եմ քեզ ուրախացնել. քանի որ այսօր հավաքվելու եք, կարող եք հարսանիքի օրը նշանակել:

- Իսկապե՞ս, տղա՛ս,- հարցրեց մայրը ցնծալով:

- Այո՛, մայրի՛կ:

- Ապրե՛ս, տղա՛ս, կզրուցենք, կարծում եմ` մարտի վերջին կարող ենք անել, հենց քսանհինգին. այդ օրը իմ ու հորդ ամուսնության օրն էլ է, ի՞նչ կասես:

- Արե՛ք այնպես, ինչպես ուզում եք:

- Դու հաստա՞տ ես որոշել, որ այսօր մեզ հետ չես գա:

- Այո՛, մայրի՛կ, ախր ես իսկապես հիվանդ եմ:

- Լա՛վ, Նելիին կասեմ` շուտ-շուտ թեյ տա: Գո՛ռ, խմդրում եմ` խելոք կխմես, չասես` չեմ սիրում, եթե դեղ չես խմում, դա գոնե կխմես:

Մայրը դուրս եկավ, իսկ Գոռն ընկավ մտքերի ետեւից.

«Փաստորեն, պետք է ամուսնանամ, մի՞թե վերջ, Անին հուշ դարձավ, քաղցր մի հուշ, տեսնես` ինչպե՞ս է հիմա: Իսկ երեխան, իմ երեխան, ո՞վ է հոգ տանելու նրա մասին, ինչպե՞ս են ապրելու: Իսկ եթե հանկարծ Անին որոշի ուրիշի հետ ամուսնանալ: Օ, ոչ, միայն թե` ոչ դա... Հապա ի՞նչ անի... Ախր քո ի՞նչ գործն է, Գո՛ռ, նա երիտասարդ է ու իրավունք ունի երջանիկ լինելու, իսկ դու պարտավոր ես մոռանալ: Հույս ունեի, որ կմոռանամ, բայց զգում եմ, որ մեր բաժանումից հետո ես նրան ոչ միայն չեմ մոռանում, այլեւ ավելի շատ եմ սիրում ու կարոտում: Աստված իմ, ո՞նց եմ ամաչում նրան վիրավորելու համար, հետո ի՞նչ, որ նա գիշերային ակումբում էր երգում կամ ինձ հետ քնել էր առանց զագսի ու քահանայի օրհնության: Գո՛ռ, Գո՛ռ.. դուրս արի այդ կարծրատիպերից. չէ՞ որ բարոյականությունը դրանով չի որոշվում, ախր դու սիրում ես նրամ, ախր նա շատ բարի էր, զիջող, հնազանդ, իսկ ես իմ խանդով ու անիմաստ վիրավորանքներով չարացնում էի նրան: Ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ փոխվեց, ախր մենք իրար հետ երջանիկ էինք, այո՛, ես չէի կարող ամուսնանալ նրա հետ, նա չէր կարող մշտական սիրուհի լինել: Ո՞ւր ես հիմա, Անի՛, երանի իմանայիր` ինչքան շատ եմ սիրում քեզ»:

* * *

Գոռն արթնացավ, նայեց ժամացույցին` 8-ն էր: Չէր ուզում տեղից վեր կենալ: Ճիշտ է, այսօր իր հարսանիքն էր, բայց դեռ ձայներ չէին լսվում տնից: Փորձեց նորից քնել, անկողնու մեջ շուռումուռ եկավ, սիրտը մի տեսակ անհանգստությունից ճմլվում էր, օդը չէր հերիքում: Վեր կացավ, բացեց լուսամուտը, սառը քամին փչեց դեմքին, խորը շունչ քաշեց, բայց այնպիսի տպավորություն էր, որ գարնանային մաքուր ու սառը օդը չհագեցրեց նրան, նա ավելի ու ավելի խորն էր շնչում:

* * *

Անին հոգոց հանելով վեր կացավ տեղից, նայեց ժամացույցին` 8-ն էր: Զգաց, որ ամբողջովին թաց է:

- Իդա՛, Իդա՛,- կանչեց նա:

- Ի՞նչ է,- հարցրեց Իդան` քնաթաթախ մոտենալով նրան:

- Լավ չեմ, թաց եմ:

- Ա, ջրե՞րդ են գնում:

- Զանգի՛ր Մարիին, թող Տիգրանին ասի` հիվանդանոց գա:

- Հիմա:

- Վախենում եմ:

- Դե հանգստացիր, հիմա շտապօգնություն էլ կկանչեմ:

* * *

Արմանը զանգահարեց Տիգրանին.

- Տի՛կ, էս ո՞ւր եք, մենք արդեն եկեղեցի ենք գնում:

- Հիվանդանոցում եմ, Անին երկունքի ցավերի մեջ է, ծնունդը ես պիտի ընդունեմ, Մարին էլ է այստեղ, չենք կարող նրան մենակ թողնել: Եկեղեցի չենք գա, բայց ռեստորանում կմիանանք:

- Ինչպե՞ս է նա, ամեն ինչ կարգի՞ն է:

- Այնքան էլ չէ. մի քիչ շատ է վախենում, բայց կարծում եմ` կկարողանա իր ուժերով ծննդաբերել, կեսարյանի չենք դիմի:

- Լա՛վ, Տիկո՛, երեխան հենց ծնվի, անմիջապես կզանգե՛ս:

Մարկը մոտեցավ Արմանին:

- Ի՞նչ երեխա, Արմա՛ն:

- Անին հիվանդանոցում է:

- Ի՞նչ... Մենք փոքրի՞կ ենք ունենալու:

- Այո՛:

Գոռը, մի փոքր հեռու կանգնած, հայելու դեմ փողկապն էր ուղղում: Նա ամեն ինչ լսեց, բայց ոչինչ չհարցրեց:

* * *

Եկեղեցում էին: Գոռը գլուխը հենել էր Նառայի գլխին: Տեր հայրը արարողակարգն էր անում: Գոռի ականջին հասավ Արմանի ձայնը, որ Մարկի հետ էր խոսում.

- Տղա է:

- Տղա, օ...

Գոռը սարսռաց. չէ՛, ինքը չի կարող Նառայի հետ ամուսնանալ, որոշված է: Ով ինչ կուզի, թող ասի, ինքը կթողնի ամեն ինչ, կգնա բոլորից շատ հեռու ու Անիի հետ նոր կյանք կսկսի, Անին սիրում է իրեն, Անին անպայման կների: Շշուկով դարձավ Նառային.

- Ես չեմ ուզում քեզ հետ ամուսնանալ:

- Գժվեցի՞ր, Գո՛ռ, կատակելու ժամանա՞կ ես գտել:

- Ես չեմ կատակում, Նառա՛, ես իսկապես չեմ կարող քեզ հետ ամուսնանալ:

Սարկավագը մոտեցավ Գոռին եւ խնդրեց լռել: Գոռը մի պահ լռեց, ապա նորից ասաց.

- Ես քեզ չեմ սիրում ու համոզված եմ, որ ինձ հետ երջանիկ չես լինելու:

- Գո՛ռ, խնդրում եմ, ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի:

- Ների՛ր, խնդրում եմ, եթե ես քեզ ցավ եմ պատճառում, բայց քեզ հետ չեմ կարող ամուսնանալ:

- Դու խայտառակ կանե՞ս ինձ` թողնելով այստեղ:

- Հետո, երբ մենք չհարմարվենք ու բաժանվենք, այ, դա իսկապես խայտառակություն կլինի: Եթե կուզես, դու առաջինը հրաժարվի՛ր:

- Երբե՛ք:

Սարկավագը նորից խնդրեց լռել, եւ Գոռն այլեւս չխոսեց մինչ այն պահը, երբ քահանան հարցրեց.

- Որդյակ իմ, տե՞ր ես:

Գոռը չպատասխանեց:

Քահանան նորից հարցրեց.

- Որդյակ իմ, տե՞ր ես: Պատասխանիր` տեր եմ:

- Ո՛չ, տեր չեմ:

- Պիտի ասես` այո՛, տեր եմ:

- Ո՛չ, տեր Հայր, տեր չեմ, ես չեմ ուզում ամուսնանալ, ես չեմ կարող ամուսնանալ, ես պատրաստ չեմ դրան,- նա հետ-հետ գնաց փողկապը հանելով,- խեղդվում եմ, թողեք դուրս գամ:

Մարդիկ իրար խառնվեցին:

- Խայտառակ ա էս տղեն,- ասաց հայրը,- էս ի՞նչ ա անում:

- Գո՛ռ, հետ արի, ամոթ ա, Գո՛ռ, մեզ խայտառակ չանես:

- Չե՞ք հասկանում, ես չեմ ուզում ամուսնանալ, հանգիստ թողեք ինձ,- նա դուրս եկավ եկեղեցուց:

Նառան լացում էր, մայրն ու ընկերուհիները փորձում էին հանգստացնել, Սոնան ուշագնաց էր եղել, բարեկամները նրան էին ուշքի բերում: Հորեղբայրը գոռգոռում էր .

- Էս ա, հա՞, դաստիարակածդ լակոտը, խեղդելու եմ:

- Դուք չէ, Արտեմ Սահակիչ, ես ինքս եմ խեղդելու,- ասում էր Նառայի հայրը,- կարծում եք պատվիս հետ խաղալն այդքան հեշտ է, հա՞:

Քահանան այնքան էր զարմացել, որ ուշքի չէր գալիս:

- Արդեն երեսուն տարի է` քահանա եմ, բայց նման դեպքի ականատես չեմ եղել,- ասաց նա սարկավագին:

Տեսնես` ո՞ւր գնաց,- հարցրեց Արմանը Մարկին:

- Ենթադրել անգամ չեմ կարող,- ասաց Մարկը:

- Մարկ,- ասաց Հակոբը` մոտենալով նրանց,- հասկանում եմ, որ ձերոնք շոկի մեջ են, բայց ամեն դեպքում սա եկեղեցի է ասա, թող դրսում վիճեն:

- Ես այս վիճակում հորեղբորս չեմ մոտենա. ամբողջ բարկությունը ինձ վրա կթափի, համարձակությունդ կների, ինքդ էլ մոտեցիր:

- Հասկացանք, փող շատ ունի, բայց ամեն հարց դրանով հո չի՞ լուծի:

Մինչ Հակոբը կմոտենար, սարկավագն արդեն խնդրել էր` չնայած պատահած դժբախտությանը, կարողանան Աստծո տանը ավելի զուսպ լինել:

* * *

Գոռը ծննդատան մուտքի մոտ բարձր խոսում էր. նրան, բնականաբար, ներս չէին թողել: Տիգրանը մոտեցավ նրան.

- Գո՛ռ, անհարմար է, ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել, սա հիվանդանոց է:

- Ուզում եմ երեխայիս տեսնել:

- Ես քեզ թույլ չեմ տալիս, որ դու նրան տեսնես:

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ դու հարբած ես ու անգամ ոտքերիդ վրա չես կարողանում կանգնել:

- Ի՞նչ է, երբ մի օր էլ դու տղա ունենաս, չե՞ս հարբելու:

- Ինչո՞ւ ես Նառայի հետ այդպես վարվել:

- Ես նրան չէի սիրում:

- Դա նորություն չէր, ու ի՞նչ իմաստ ուներ հասնել եկեղեցի, նոր դա ասել:

- Մինչ այդ, պահի լրջությունը չէի գիտակցում:

- Հիմա քո վիճակն ավելի լուրջ է, ի՞նչ պատասխան ես տալու այդ մարդկանց:

- Դե լավ, Տիկո՛, հո չե՞ն սպանելու:

- Էդ էլ չի բացառվում:

- Ես ուզում եմ Անիի հետ խոսել:

- Նա հիմա չի կարող. քնած է:

- Ես այստեղ կսպասեմ այնքան, մինչեւ արթնանա:

- Իզուր, մեկ է, ես քեզ թույլ չեմ տա:

- Ուզում եմ տեսնել երեխայիս:

- Գո՛ռ, գնա՛ տուն, հանգստացի՛ր, վաղը կգաս:

- Ո՛չ, հիմա եմ ուզում, Տի՛կ, խնդրում եմ:

- Քնար,- կանչեց նա հերթապահ քույրին,- տես Անին քնա՞ծ է, երեխային բեր իմ աշխատասենյակ,- գնանք, Գո՛ռ:

Քիչ անց բուժքույրը սենյակ մտավ երեխայի հետ եւ մոտեցավ Գոռին:

- Միայն զգույշ գրկիր, Գո՛ռ, նստիր` նոր,- ասաց Տիգրանը:

Գոռը վերցրեց երեխային ու նստեց.

- Սա ի՞մ երեխան է:

- Հա, Գո՛ռ:

- Ինչ փոքր է:

- Նա ընդամենը ժամեր առաջ է ծնվել:

- Նա ինձ նման է:

Տիգրանը ծիծաղեց.

- Նա շատ փոքր է, ու դեռ հնարավոր չէ ինչ-որ մեկին նմանեցնել:

- Չէ, ապա ուշադիր նայի՛ր, նա ինձ նման է:

- Եթե քո երեխան է, ուրեմն, բնականաբար, քեզ պիտի նման լինի:

- Նա շատ լավն է:

- Հա՛, բայց հիմա արդեն տո՛ւր, Անին կարթնանա ու կանհանգստանա,- նա երեխային վերցրեց ու տվեց քույրին:

Քույրը հեռացավ:

- Երեխայի մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

- Այո՛, նա շատ առողջ բալիկ է:

- Անին ինչպե՞ս է:

- Արդեն լավ է:

- Նա բարկացա՞ծ է ինձ վրա:

- Չգիտեմ, Գո՛ռ, մենք քո մասին չենք խոսացել:

- Նա չգիտե՞ր, որ այսօր իմ հարսանիքն էր:

- Կարծում եմ` ոչ:

- Դու նրան կփոխանցես, չէ՞, որ ես եկել եմ:

- Այո՛:

- Լա՛վ, գնամ-տեսնեմ` դատարանը, ինչ վճիռ է կայացրել. կախաղա՞ն, թե այն, որ ես տղա ունեմ, ու նրան խնամել է պետք, կարող է մեղմացուցիչ հանգամանք լինել:

- Մեքենայո՞վ ես:

- Ո՛չ, հա՛, լավ է` հիշեցրիր, գրպանումս եղած փողին խմել եմ, ինձ տաքսու գումար տուր, հետո կվերադարձնեմ:

- Ես քեզ տուն կտանեմ:

- Լա՛վ, շնորհակալ եմ:

* * *

Գոռը հյուրասենյակ մտավ, բարեկամները նստած էին:

- Բարի երեկո,- ասաց նա:

Ոչ ոք չպատասխանեց:

- Շնորհավորեք ինձ. ես այսօր տղա եմ ունեցել:

Այդ լուրը ոչ մեկին չզարմացրեց. բոլորը գիտեին, թե Գոռը ինչ հավանական պատճառով կարող էր հարսանիքը չեղյալ համարել:

Գոռը մոտեցավ մորը.

- Մայրի՛կ, ես տղա ունեմ:

- Պոռնիկից, հա՞, աչքալուսանք ես անում, հեռու գնա...

Գոռը մոտեցավ հորը.

- Ների՛ր, հայրիկ, բայց ես…

Հայրն ապտակեց.

- Խայտառակ արեցիր, շա՛ն տղա:

Նա մոտեցավ տատին.

- Տա՛տ, դու շա՞տ էիր, չէ, ցանկանում ծոռնիկ ունենալ…

Տատը գլուխը շրջեց:

- Չեմ հասկանում... Ես երջանիկ եմ, որ երեխա եմ ունեցել, մի՞թե ոչ ոք ինձ համար ուրախ չէ:

- Ես ուրախ եմ, եղբա՛յրս,- ասաց Մարկը` գրկելով եղբորը:

- Ուրա՞խ ես, հա՞,- գոռաց մայրը,- որ փչացածից երեխա ունի:

- Անին փչացած չէ, մայրի՛կ,- ասաց Մարկը,- այդպես մի՛ խոսիր:

- Սրանց նայի՛ր, մի հատ էլ նկատողությո՞ւն ես անում, հա՞:

- Սպասեք, խնդրում եմ,- ասաց քեռին` տեղից կանգնելով,- բավական է` ինչքան այսօր գոռգոռացինք, բացատրեք` հասկանամ. ի
՞նչ երեխա, ի՞նչ Անի:

- Անին այն կինն է, ում սիրում եմ, եւ նա այսօր ինձնից երեխա է ունեցել,- ասաց Գոռը:

- Դե, եթե դու սիրած կին ունեիր, տղա ջան, ավելին` երեխայի էլ սպասում էր, ինչի՞ համար էր այս հարսանիքը, այսքան ծախսը, ձե՞ռ էիր առնում մեզ:

- Այ Գառնիկ ջան,- ասաց հորեղբայրը,- ես քաղաքով մեկ խայտառակ եղա, դու ծախսի մասի՞ն ես մտածում:

- Այ, սրա համար էր հարսանիքը, որովհետեւ հորեղբայրս էր այդպես ցանկանում, որովհետեւ նրա խոսքը հորս համար օրենք է, որովհետեւ իմ սիրած կնոջը մայրս այս տանը չէր հանդուրժի:

- Ի՞նչ աղջիկ ա, որ մայրդ չի հանդուրժի:

- Նա ինձ մոտ… Դե, ակումբում երգում է:

- Ես գիշերային ակումբում երգողին հարս չեմ բերի,- գոռաց մայրը:

- Շանսատակ կանեի քեզ, լակոտ,- ասաց հորեղբայրը,- ուրեմն էդ պարկեշտ ընտանիքի աղջկան թողել ես ինչ-որ ակումբի երգչուհու համար, հա՞, ես ամբողջ քաղաքում խայտառակ եղա. դու իմ երեսուն տարվա ընկերության վրա խաչ քաշեցիր:

- Հորեղբա՛յր, ես Նառային չեմ սիրում:

- Շուտ ասեիր, եկեղեցի չհասնեինք:

- Ես միշտ էլ ասում էի, ու իմ վերաբերմունքից դա պարզ էր:

- Ի՞նչ է, քեզ զոռո՞վ ենք համոզել:

- Ներեցե՛ք, խնդրում եմ, ես մեղավոր եմ, բայց ի՞նչ անեի, ամուսնանայի, հետո բաժանվեի՞:

- Լավ դե, Արտեմ Սահակիչ,- ասաց քեռին,- դե, հիմա այս մարդը այդ աղջկան չի սիրում, չի կարող նրա հետ ապրել, ի՞նչ անենք, հո հանուն մեր ընկերության ու բիզնեսի չենք կարող էս երեխու ճակատագրի հետ խաղալ: Եկեք վերջ տանք այս պատմությանը, ճիշտ է, շատ տհաճ բան ստացվեց, բայց կյանք է, ամեն ինչ էլ պատահում է, ժամանակ է` կանցնի-կգնա, Նառան էլ հաստատ տունը չի մնա, ինչ է եղել որ:

- Գառնի՛կ ջան, այնքան հեշտ ես խոսում, կարծես եղածը ընդամենը մի փոքր բան է,- ասաց Արտեմ Սահակիչը:

- Հա էլի, ախպեր ջան,- ասաց Սոնան,- էս ի՞նչ ես ասում:

- Քուրս, մի՛ նեղվի, ա՛յ, կտեսնեք` ամեն ինչ տեղը կընկնի:

- Այ մարդ, ինչո՞ւ մի բան չես խոսում,- հարցրեց Սոնան ամուսնուն:

- Ի՞նչ խոսեմ, երեսունվեց տարեկան տղամարդ ա, ես իրա տարիքում արդեն տասնհինգ տարեկան տղա ունի: Եթե ինքը նման անպատասխանատու քայլեր ա անում, ես ի՞նչ անեմ:

- Ճիշտ ես ասում, ու եթե մի քիչ հետեւողական լինեիր երեխաներիդ հանդեպ, այսպես բարադի չէին ապրի, իրենք էլ արդեն ընտանիք կունենային ու կիմանային` ինչ բան է պատասխանատվությունը, ոչ թե գիշերային ակումբի աշխատողից երեխա կունենար, վաղն էլ մյուս տղադ կգա, կասի` մերկապարուհուց երեխա ունի:

- Լա՛վ,- ասաց Գառնիկը,- ձեր ընտանեկան հարցերն ու դաստիարակչական ամեն ինչը` առանց մեզ:

- Իմիջիայլոց, ահագին ուշացումով եք հիշում այդ մասին,- ասաց Արտեմ Սահակիչը:

- Դե հերիք է,- ասաց տատը,- էս երեխեքին չգիտեմ ինչ սարքեցիք, Արտո՛ ջան, բալես:

- Հա, մամ ջան, ինչ արել են, «բալես, բալես» ես ասել, արդյունքն էլ սա է, էլի:

- Քո աղջիկներին էլ հո «բալես» չենք ասել, տղա ջան,- ասաց Սահակը` Գոռի պապը,- դու քո երեխեքին դաստիարակել էիր` ոնց կարողացել էիր, ինչո՞ւ Հասոս քեզ հաշվի չառավ. սիրահարված էր, փախավ, հետո էլ պարզվեց` նարկաման լակոտ է, բաժանվեց, հետ եկավ: Ընդունեցիր չէ,՞ տղա ջան, որովհետեւ քո երեխան է, ինչ սխալ էլ անի, քոնն է, սիրտդ մղկտում է, դե, էս էլ ախպորդ է, հա, ղալաթ է արել, բայց դե հիմա ի՞նչ անենք:

- Պապ, արդեն տարիքդ առել ես, չես հասկանում` ինչ ես խոսում, իմ երեխունը ուրիշ էր. թողեի, որ էդ խելագարը երեխուս սպանե՞ր, համ էլ, ի՞նչ ես հիմա այդ մասին հիշել:

- Հա, տղա ջան, տարիքս առել եմ, ու էդ տարիների ընթացքում շատ բան եմ տեսել, քո երեխեն էդ տեսակ սխալվեց, սա էլ տղա երեխա էր, էս տեսակ սխալվեց:

- Պապ, բա իմ բիզնե՞սը,- ասաց Արտեմ Սահակիչը` հունից դուրս գալով:

- Խաչիկը հասկացող տղա է, կհասկանաք իրար, կանցնի-կգնա, Գառնիկը ճիշտ է, ժամանակը կհարթի: Գնացե՛ք, ամենքդ ձեր տուն գնացեք, ամեն բան լավ կլինի, կյանքը ամեն ինչ իր տեղը կգցի:

* * *

Եվ իսկապես ամեն ինչ հարթվեց ու իր տեղն ընկավ. Նառան ամուսնացավ հոր գործընկերոջ քրոջ տղայի հետ սպասվածից էլ շուտ, Արտեմ Սահակիչի ու Նառայի հոր հարաբերությունները չվատացան, ու նրանց ընկերությունն ու բիզնեսը այս տհաճ պատմության պատճառով չտուժեցին: Գոռը հաստատ որոշել էր. պիտի ամուսնանար Անիի հետ: Մայրը չէր համաձայնում: Անիի հետ ծանոթանալուց հետո քեռին ինքը խառնվեց այդ ամենին:

- Երբե՛ք,- ասում էր Սոնան,- լսու՞մ ես, երբեք այդ պոռնիկին իմ տուն չեմ բերի:

- Քո տղան, իմիջիայլոց, այդ պոռնիկի ոտքերն է համբուրում:

- Երեխա է, չի հասկանում, կանցնի:

- Ի՞նչ երեխա, այ աղջի ջան, վաղը, մյուս օր քառասուն տարեկան է, երեխա...

- Ուղեղը կերել է էլի, ի՞նչ ա արել երեխուս, որ էդպես իրանով ա արել:

- Սխալվում ես, այդ աղջկա հետ ես անձամբ եմ ծանոթացել, քո մտածածը չի, շատ կարգին աղջիկ ա, թոռնիկդ էլ էնպես համով երեխա է, Գոռի երեխայությունն է լրիվ, կարծես քթից թռած լինի, դե, նրանց տուն բերելու ժամանակն է:

- Միայն դիակիս վրայով:

- Ոնց ուզես, քույրիկս, թեկուզ դիակիդ վրայով այդ աղջիկը մեր հարսն ա դառնալու:

- Գժվե՞լ ես:

- Դե, բավական է միայն քո մասին մտածես, մի քիչ էլ քո երեխու մասին մտածի:

- Հենց իրա մասին մտածելով էլ ասում եմ:

- Բայց չես ուզում հասկանալ, որ քո տղան ուրիշի հետ չի ուզում ամուսնանալ, հո առանց ընտանիքի չի՞ մնալու: Կամ էլ` էդ երեխեն քո թոռնիկն ա, չէ՞, ինչքա՞ն պիտի տղադ թաքուն կամ վախենալով իրա երեխու մոտ գնա:

- Աստված իմ, ի՞նչ անեմ:

- Ի՞նչ պիտի անես, այ քուր ջան, պիտի հանուն քո երեխու երջանկության զիջումների գնաս, համոզված եմ, գիտե՞ս, Անիին շատ ես սիրելու, քո աղջկա նման սիրելու ես:

* * *

Անին բացեց բնակարանի դուռը:

- Կարելի՞ է,- հարցրեց Գոռը:

- Ներս արի:

Գոռը ներս մտավ, երեխան բազմոցին նստած խաղում էր խաղալիքով, նա գրկեց ու մեղմ համբուրեց:

- Կարոտել էի քեզ, տղա՛ս:

- Ներիր, բայց նրա քնելու ժամն է, պատրաստվում էի քնեցնել, թե չէ կսկսի լացել:

- Իհարկե, տար, թող քնի:

Անին երեխային վերցրեց ու կից սենյակ գնաց, ապա, քիչ անց վերադառնալով, նստեց բազմոցին ու սկսեց հավաքել երեխայի խաղալիքները: Գոռը, որ նրանցից մեկը վերցրել էր, մեկնեց Անիին:

- Քնե՞ց երեխան:

- Այո՛:

Որոշ ժամանակ երկուսն էլ լռեցին:

- Ես քեզ ցավ շատ եմ պատճառել, ների՛ր ինձ:

Անին ոչինչ չպատասխանեց:

- Կարոտել եմ քեզ,- ասաց Գոռը` փորձելով հպվել Անիին:

Անին ետ քաշվեց:

- Արդեն մեկ տարուց ավելի է, ես ոչ մի կնոջ հետ չեմ եղել:

Անին նրա կողմը չնայեց:

- Գիտեմ, չես հավատում: Բայց ես քեզ իսկապես սիրում եմ, ու էլ ոչ մի կին ինձ համար հետաքրքիր չէ: Անի, ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի, ամուսնացիր ինձ հետ:

Անին չպատասխանեց:

- Կուզե՞ս ծնողներս էլ կգան ու կխնդրեն, որ իրենց հարսիկը դառնաս:

- Ո՛չ, պետք չէ, ես ինձ չեմ թանկացնում:

- Այդ դեպքում ինձ մի՛ մերժիր, որովհետեւ ես այլեւս չեմ կարողանում առանց քեզ ու երեխայիս:

- Ինձ ժամանակ է պետք է, ես պետք է մտածեմ:

- Արդեն յոթ ամիս է` ես քեզ առաջարկում եմ, չէ՞, դու ուղղակի չես կարողանում ինձ ներել,- ասաց Գոռը` հոգոց հանելով:

- Ես քեզ վաղուց եմ ներել, ավելին` երբեք էլ չեմ ատել. ինչպե՞ս կարող էի ատել մի մարդու, որին սիրում եմ: Բայց քո կինը դառնալու համար ինձ ժամանակ է պետք, ես պետք է մտածեմ:

- Ես էլ չեմ կարողանում համբերել,- ասաց նա` գրկելով Անիին:

- Թո՛ղ,- ասաց Անին` փորձելով ազատվել նրա գրկից:

- Ո՛չ, կարոտել եմ, թող զգամ բույրդ:

Անին ինքն էլ էր կարոտել նրան, ինքն էլ էր ուզում զգալ նրա բույրը, շնչի տաքությունը, ու չկարողացավ դիմադրել, Գոռի` մարմնի վրա թափառող ձեռքերին:

- Թո՛ղ, Իդան հանկարծ կգա, անհարմար է:

- Իդան այս ժամին աշխատանքի է, չի համարձակվի, իսկ եթե փորձի, առանց աշխատանքի կմնա:

- Թո՛ղ,- ասաց Անին` հրելով նրան,- ամեն ինչ` միայն զագսից հետո:

- Իհարկե՛,- ասաց Գոռը` ժպտալով ետ քաշվելով,- զագս ու անպայման եկեղեցի:

- Ինձ թույլ չեն տա սպիտակ շորով եկեղեցի մտնել:

- Ինչո՞ւ:

- Ես օրիորդ չեմ, իսկ եկեղեցի սպիտակ շորով մտնելը անմեղություն է խորհրդանշում:

Գոռը ծիծաղեց:

- Կարծո՞ւմ ես մնացած բոլոր մտնողները օրիո՞րդ են... Հիմա դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում, Աստված սիրես, Անի, որտեղից էլ վերցրե՞լ ես, իհարկե, սպիտակ շորով եկեղեցի կմտնես ու աշխարհի ամենասիրուն հարսիկը կլինես:

- Ի՞նչ ես խոսում, դա ինքնախաբեություն է, դա ճիշտ չէ:

- Վերջ տուր, Անի՛, մի անգամ սխալ արել ենք, երկրորդ անգամ չենք անի, մեզ ամուր ու կայուն ընտանիք է պետք, իսկ դրա համար Աստծո օրհնությունը շատ ավելի կարեւոր է, քան քո օրիորդ լինել-չլինելը: Բացի այդ, չէ՞ որ երկուսս էլ առաջին անգամ ենք ամուսնանում: Դե, ի՞նչ արած, մի քիչ եվրոպական էր. սկզբից երեխա, նոր ամուսնություն, բայց կուղղենք, հավատա, ամեն բան կուղղենք: Ցանկացած աղջիկ էլ երազում է հարսի շորով եկեղեցի գնալու մասին, իսկ ես սրանից հետո պիտի քո բոլոր երազանքներն ի կատար ածեմ... Ի՞նչ ես կարծում, կառքով չգնա՞նք եկեղեցի:

- Ի
՞սկ դու ինձ էլ եկեղեցում մենակ չե՞ս թողնի:

Գոռը ծիծաղեց.

- Փաստորեն, դեռեւս կան մարդիկ, ովքեր այդ պատմությունը չեն մոռացել... Չէ, մենակ չեմ թողնի ոչ միայն եկեղեցում, այլեւ ամբողջ կյանքում, րոպե անգան մենակ չեմ թողնի:

Երեխան լացեց: Անին վեր կացավ տեղից:

- Ախր ինչո՞ւ լացեցիր, փոքրիկս, հիմա մայրիկդ կմոռանա իմ մասին:

- Դե, դու պիտի գիտակցես, որ ես հիմա նրան ավելի շատ եմ պետք, քան քեզ:

- Իհարկե, ես ուրիշ տարբերակ չունեմ էլ: Լավ, ես արդեն գնամ հարսանիքի պատրաստություն տեսնելու, հետո պաշտոնական կգամ տղայիցս իր մայրիկի ձեռքը խնդրելու: Հուսով եմ` չի մերժելու: Իսկ թույլ կտա՞ս տղայիս համբուրել, նոր գնալ:

- Ձայնը չի լսվում, երեւի նորից քնել է, եւ եթե նրան համբուրես, կարթնանա:

- Այդ դեպքում նրա համբյուրը քեզ կտամ, դու հետո կփոխանցես:

Նա համբուրեց Անիին.

- Սիրում եմ քեզ…

Հարսանիքը չեմ նկարագրի, ամեն մարդ թող երեւակայի այնպես, ինչպես ինքը կցանկանա:


Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ` 1655 | | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024