Ուղղակի քայլում էր: Արդեն ո՛չ ցավ էր զգում, ո՛չ սեր, ո՛չ ատելություն. բոլոր զգայարանները բթացել էին: Հոգնել էր… Առավոտյան, երբ եղբորից տրանսպորտի համար 200 դրամ խնդրեց, վերջինիս ու կնոջ միջև հերթական վեճը բռնկվեց: Հարսը լավ գիտեր, որ իր ձայնը լսվում է ու հենց այդ պատճառով էլ բարձրաձայն էր խոսում. -Մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ ենք իրեն պահելու: -Լռի՛ր: -Ինչո՞ւ լռեմ, 28 տարեկան է, ինչո՞ւ չի ամուսնանում: -Երբ հարմար թեկնածու ունենա, այն ժամանակ էլ կամուսնանա: -Հարմա՞ր,- քմծիծաղեց հարսը,-չլինի՞ բանկիր կամ պատգամավոր փեսացուի եք սպասում: Կողքի շենքի Արտյոմն ինչ վատն էր, որ չուզեց: -Արտյոմը թմրամոլ էր: -Հա ի՞նչ անենք: -Ձայնդ կտրի՛ր: -Որքան եմ ատում այդ աղջկան, մի՞թե չի հասկանում, որ ինքը վաղուց ավելորդ է այս տանը: -Լռի՛ր, սա նաև իր տունն է: Չսպասեց, որ եղբայրը ննջարանից դուրս գա և 200 դրամը տա, անաղմուկ դուրս եկավ տանից: Ոտքով բավականին շատ քայլեց, մի քանի աշխատանքային գործակալություններ մտավ, որպեսզի տեսնի աշխատանք կա՞ արդյոք, սակայն բոլոր տեղերում նույն պատասխանն էր` կզանգահարենք: Ո՞վ է ասել, որ եթե խելացի ու գեղեցիկ ես, ուրեմն նաև հաջողակ ես: Ո՛չ, գեղեցկությունն ու խելքը երբեմն պատուհաս են: Շատ լավ աշխատանք ուներ, ամեն ինչ հարթ էր ու հրաշալի, մինչ այն պահը, երբ նոր տնօրեն եկավ: Սկզբում ակնարկներով, հետո արդեն շատ պարզ ասաց. «Կամ սիրուհիս կդառնաս, կամ կյանքդ դժոխք կդարձնեմ»: Այդպես էլ արեց. կյանքը դժոխքի վերածեց, որովհետև նա սիրուհի չդարձավ: Մինչ աղջիկը որոշեց աշխատանքից դուրս գալ, տնօրենը «գլխին սարքեց». բավականին մեծ գումարի պակասորդ: Մեկ տարի աշխատեց առանց աշխատավարձի՝ ամեն օր լսելով նույն նվաստացուցիչ առաջարկները: Մի օր էլ, երբ համբերությունը սպառվեց, ուղղակի երեսին շպրտեց. - Բավակա՛ն է, ես այլևս այսպես չեմ աշխատի, արե՛ք, ինչ ուզում եք: -Եթե դու այստեղից դուրս գաս, օդերդ կփակեմ: Աղջիկը սկզբում չհավատաց նրան: Մեկ այլ աշխատանք գտավ, բայց երկու օր հետո առանց պատճառի հեռացվեց աշխատանքից: Երբ նույն երևույթը կրկնվեց մի քանի անգամ, հասկացավ, որ նա իրեն հետևում է: Հետո հանդիպեց ընկերուհուն, ցանկացավ մի քիչ գումար խնդրել, բայց ամաչեց ու, մանավանդ, վիրավորվեց, երբ ընկերուհին ակնարկեց. -Լավ դե, դու էլ համաձայնեիր, հիմա շատերն են ամուսնացած տղամարդկանց սիրուհիները դառնում : Հիմա և՛ լավ աշխատանք կունենայիր, և՛տուն, և՛ մեքենա, ու այսքան խնդիրներ էլ չէիր ունենա: -Հասմի՛կ, դու հասկանու՞մ ես, թե ինչ ես ասում: -Այո՛, հիմա բոլոր աղջիկներն էլ քնում են իրենց ընկերոջ կամ սիրեկանի հետ: -Ների՛ր, բայց դու հիմարություններ ես ասում, ու քո ասածը զրպարտանք է: Չի՛ կարելի բոլոր աղջիկների մասին նման կերպ արտահայտվել: -Է՜հ ընկերուհիս, միամիտ ես: Ամոթ էլ է 28 տարեկանում կույս լինել, մանավանդ, որ հիմա տղաները դրան ուշադրություն չեն դարձնում, ավելի լավ է կյանքը վայելես: -Հասմի՛կ, ինձ համար կյանքի վայելքը դրա մեջ չէ ու չեմ ամաչում, որ կույս եմ: Ների՛ր, բայց ինձ դուր չի գալիս, որ դու այսպես ես խոսում: -Լավ, քո իրավունքն է, ինչ կուզես արա, հետո կհասկանաս, որ երիտասարդությունդ անցնում է, ու ոչ մեկին էլ պետք չես: Վերջին ժամանակներս անհաջողությունն անհաջողության հետևից բախում էր նրա դուռը: Նախ հայրն ավտովթարից մահացավ, հետո՝ մայրը` երկարատև հիվանդությունից, իր աշխատանքային խնդիրները, իսկ ամենամեծ անհաջողությունը այն էր, որ մարդիկ իրեն չէին հասկանում: Մենակ էր մնացել… Զանգեց հին աշխատակիցներից մեկին, ում հանդեպ անտարբեր չէր. « Ների՛ր, հիմա զբաղված եմ, 5 րոպեից կզանգեմ»: Հինգ րոպեն դարձավ հինգ ժամ… Արդեն երեկո էր: Տուն գնալ չէր ուզում, ոտքերը սարսափելի ցավում էին, բայց հոգ չէր, ավելի լավ է՝ ոտքերը ցավեն, քան գնա տուն, ու հոգին ցավի հերթական տեսարաններից: Նա ավելորդ է, ոչ մեկին պետք չէ, ո՞ւմ է պետք իր ապրելը: Այսպես ապրելուց մեռնելն ավելի լավ է: Քայլերն ուղղեց դեպի կամուրջ, կանգնեց ու սկսեց նայել գիշերվա մեջ ընկղմվող քաղաքին: Գլուխը պտտվում էր. ամբողջ օրը միայն մեկ բաժակ սուրճ էր խմել: Այդպես այլևս չէր կարող շարունակվել, մենակ էր, պետք չէր ոչ մեկին, ու գլխում կարծես մի ձայն անընդհատ ասում էր. «Դու պետք չես ոչ մեկին, պե՛տք չես, պե՛տք չես…»: Պայուսակը մի կողմ գցեց ու բարձրացավ կամուրջի բազրիքին: Մի պահ վարանեց, բայց հետո հասկացավ՝ մեկ է սպասող չունի: Եթե գոնե ծնողները կենդանի լինեին… Հեռվից նկատեց ոստիկաններին, պետք չէ այլևս վարանել, պետք էր արագ գործել, քանի դեռ չեն մոտեցել: Թռավ… Ամբողջ կյանքը կադր առ կադր սկսեց անցնել աչքերի առջևով. մանկությունից մինչ այժմ՝ բակ, մանկապարտեզ, դպրոց, համալսարան, ծնողներ, ընկերներ, միակ ու անփոխարինելի, բայց և անպատասխան սեր: Ապա նրա աչքին երևաց, թե ինչպես իր աջ կողմում երկինքը սպիտակեց ու տեսավ, թե ինչպես է ինքը դուրս գալիս բարձրահարկ շենքից` աշխատանքային համակարգիչը ձեռքին, իսկ դրսում իրեն սպասում են մի տղամարդ ու երկու փոքրիկ, որոնք իրեն տեսնելով, վազելով առաջ են գալիս: Հասկացավ՝ դա իր ապագան էր, իր աշխատանքը, իր ամուսինն ու երեխաները: Հենց այդ պահին հիշեց Աստծո մասին: Հասկացավ, որ Աստված իր համար այլ ծրագրեր ուներ, իսկ նա պահի ազդեցության տակ գործել էր աններելին: Ափսոսաց. «Եթե այս քայլն արած չլինեի…»: Սթափվեց իր ձախ կողմում այս ու այն կողմ գնացող սարսափելի ուրվականներից: Պարզ էր, որ վերջն է, իսկ այն, ինչ սպասվում էր, նրան ավելի սարսափելի թվաց ու շշնջաց. « Ների՜ր Աստված իմ …»: