Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Մոլորակի մարդը 
+ 21.07.2012 +
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
Մի հրապարակման առիթով 
+ 20.03.2014 +
«Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի 
+ 27.02.2014 +
Եկեք դիմանանք 
+ 30.06.2013 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Հուշեր Վազգեն Վեհափառի մասին 
+ 26.09.2013 +
Հարցազրույց Աստծո Հետ 
+ 27.08.2011 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 17 » Խենթ սիրո գիշերվա մեղեդին
22:36
Խենթ սիրո գիշերվա մեղեդին
«Եւա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին:
Ավետիք Իսահակյան

Անձրև էր, հորդառատ ու տաք անձրև: Կանգառում այնքան մարդ կար, որ նոր եկողները չէին կարողանում տեղավորվել ծածկոցի տակ: Լիլիթը անձրևանոցով էր, եւ մի փոքր հեռու էր կանգնել կանգառից, չնայած անձրևի կաթիլներն այնքան առատ ու խոշոր էին, որ անձրևանոցն էլ չէր փրկում թրջվելուց: Մի երիտասարդ մոտեցավ ու կանգնեց հենց Լիլիթի մոտ՝ շփոթված նայելով երթուղային տաքսիներին: Լիլիթը մի քանի վայրկյան նայեց նրան, ապա ասաց.
- Եկե'ք անձևանոցի տակ կանգնեք:
Երիտասարդը ժպտալով մոտեցավ:
- Շնորհակալ եմ, տաքսի եմ ուզում նստել, սակայն չեմ կարողանում:
- Ինչքան ուզեք անցնում են:
- Այո', բայց երթուղայինները խանգարում են:
- Լավ, հիմա կգտնենք:
Լիլիթը մի փոքր առաջ գնաց, ապա մոտեցող հենց առաջին մեքենային էլ ձեռքով կանգնելու նշան արեց:
-Սա էլ ձեզ տաքսի:
- Անհարմար բան ստացվեց, տղամարդը չի կարողանում տաքսի գտնել, - ասաց երիտասարդը ժպտալով, - կինն է դա անում: Դե ուրեմն եկեք միասին նստենք, ես ձեզ կճանապարհեմ, հետո կգնամ հյուրանոց:
- Կարիք չկա:
- Ես պնդում եմ:
Ապա նայեց աղջկան եւ շարունակեց.
- Մերժումներ չեմ ընդունում:
- Լավ, - ասաց Լիլիթը` նստելով տաքսին:
Երիտասարդն էլ տեղավորվեց նրա կողքին:
-Ո՞ւր ենք գնում, - հարցրեց վարորդը:
Երիտասարդը նայեց Լիլիթին:
- Նորք, - պատասխանեց աղջիկը, - իսկ դո՞ւք:
- Ես հյուրանոց պետք է գնամ:
Լիլիթը հարցական նայեց:
- Այո', տեղացի չեմ, հյուր եմ եկել, ավելի ճիշտ գործերով, արդեն տասներկու տարի է Կանադայում ենք ապրում:
- Հասկանալի է:
- Իսկ ձեր անո՞ւնը...
- Լիլիթ:
- Ուրախ եմ, Ադամ:
- Ես նույնպես ուրախ եմ:
- Ցո՞ւրտ է, թե ուղղակի ես եմ մրսում:
- Դե բնական է, որ կմրսեք, կարծես թե շատ եք թրջվել:
- Դուք էլ:
- Տաք թեյը կօգնի:
- Դե ուրեմն կարող ենք գնալ ինչ որ տեղ` թեյելու:
- Ո'չ, շնորհակալ եմ:
- Լավ:
- Մենք կարող ենք սկզբում հյուրանոց գնալ:
- Ոչ, ինչ եք ասում, ճիշտ է տաքսի չկարողացա կանգնեցնել, բայց կանանց ճանապարհել կարողանում եմ:
- Իսկ քաղաքին ծանո՞թ եք:
- Շատ բան է փոխվել, Երևանը նախկինը չէ, բայց գլուխ հանում եմ` տաքսիների օգնությամբ: Իսկ Նորքում երբևէ չեմ եղել:
- Երկա՞ր ժամանակով եք եկել:
- Վաղն առավոտյան տասին թռիչքս է:
- Թեքվե'ք աջ, հենց առաջին տան մոտ կանգնե'ք, - ասաց Լիլիթը վարորդին:
Մեքենան կանգնեց: Ադամը իջավ, բացեց դուռը, որպեսզի աղջիկը իջնի:
Լիլիթը ցտեսություն ասաց, ապա մի քանի քայլ գնալով, հետ շրջվեց.
- Կարող ենք մեր տանը թեյել, ի՞նչ կասեք:
- Սիրով, եթե…
- Դե ուրեմն գնանք:
Մտան հյուրասենյակ:
- Նստե'ք, - ասաց Լիլիթը:
- Մենա՞կ եք ապրում:
- Ոչ, պարզապես հորաքրոջս տղայի հարսանիքն է, ծնողներս մեկ շաբաթով Կիև են մեկնել: Ես կարող եմ ձեզ սրբիչ, կամ վարսահարդարիչ առաջարկել:
- Ոչինչ էլ պետք չէ, չեմ հասցրել շատ թրջվել:
- Լավ, ես հիմա կգամ, կարող եք հեռուստացույց նայել, - ասաց Լիլիթը` հեռակառավարման վահանակը տալով Ադամին:
Մի փոքր ուշ Լիլիթը թեյի սկուտեղով ներս մտավ:
- Գիտեք, - ասաց Ադամը, - այնպիսի տպավորություն է, թե ես այս տանը էլի եմ եղել:
- Իսկապե՞ս,- հարցրեց Լիլիթը զարմացած հայացքով` թեյի բաժակը երիտասարդի առջև դնելով:
- Այո', տաքուկ տուն է:
- Ջեռուցում չկա այս պահին:
- Ո'չ, դա նկատի չունեմ, մթնոլորտը տան ուղղակի ջերմ է:
- Լավ, հիմա հասկացա, դե շուտ թեյը խմե'ք, շատ չմրսեք:
- Իսկապես շատ չեմ թրջվել, հենց կանգառի ետևի շենքից դուրս եկա, մոտեցա, արդեն դուք հրավիրեցիք անձրևանոցի տակ:
- Փաստորեն Հայաստանում չեք ապրում:
- Կանադայում եմ ապրում: Հայրս որոշել էր Հայստանում ինչ-որ գործ ձեռնարկել, ինձ ուղարկեց, որ տեսնեմ` ինչ կարող ենք անել, բայց կարծում եմ, որ ոչինչ էլ չի ստացվի: Ուղղակի չցանկացա հայրիկիս միանգամից մերժել` առանց Հայաստան գալու:
- Ինչո՞ւ:
- Ես չեմ կարծում, թե կարող եմ այստեղ ապրել:
- Ինչո՞ւ:
- Դե, նշանածս աղջիկը ոչ մի կերպ չի համաձայնի:
- Ա՜խ դուք նշանվա՞ծ եք,- հարցրեց Լիլիթը եւ ակամա նայեց տղայի ձեռքին` մատանի կար աջ ձեռքի մատնեմատին:
- Այո': Արդեն յոթ ամիս է, նշանածս բժշկուհի է, անունը Եւա է:
- Եւա՞:
- Այո:
- Հետաքրքիր է, եւ ինչպե՞ս է Ադամը գտել իր Եւային:
- Մենք նույն դպրոցում ենք սովորել:
- Լավ է, խմենք թեյը:
-Լավ, - ասաց երիտասարդը` մի կում խմելով,-համեղ թեյ է:
Նա ուշադիր նայեց Լիլիթին:
- Գիտեք, բայց միայն տունը չէ, այնպիսի տպավորություն է, թե ձեզ էլ եմ շատ վաղուց ճանաչում:
Լիլիթը ժպտաց:
-Գիտեք, տարօրինակ է, որ ինձ թեյի հրավիրեցիք, ասում են հիմա Հայաստանում էլ այն ժամանակվա նման չէ, հյուր գնալուց առաջ զանգահարում, հարցնում են, հարմար է, թե՞ ոչ:
-Այո', գողություններ, աղանդավորներ, զբաղվածություն, երբեմն ապահովության համար դուռ չես բացում, նույնիսկ բարեկամիդ առջև, եւ նա ստիպված է զանգահարել, նոր գալ այցելության…
Ասեմ, որ ձեր հարցում ես էլ հետո մտածեցի ինչպես եղավ, որ անծանոթ մարդուն հրավիրեցի թեյի, բայց ինչ արած, արդեն հրավիրել էի:
- Ես հիմա թեյս կխմեմ ու շուտ կգնամ:
- Կատակում եմ:
- Իսկ դուք որտե՞ղ եք աշխատում:
- Համալսարանում դասախոս եմ, հետո էլ գիշերօթիկ դպրոցում` բարեգործական ծրագրով:
- Իսկ ընկեր ունե՞ք:
- Ընկերներ շատ ունեմ, - ասաց Լիլիթը` խորամանկորեն ժպտալով:
-Չէ', բոյֆրենդ:
-Ո'չ, բոյֆրենդ չունեմ:
- Ի՞նչ է Հայաստանի տղաները կուրացել են:
Լիլիթը լիաթոք ծիծաղեց:
- Ինչո՞ւ:
- Ինչպե՞ս է հնարավոր նման գեղեցկությունը չնկատել:
- Դե պատահում է, այսպես էլ է պատահում, զբաղվածությունս շատ մեծ է, շփումները` քիչ, իսկ դուք մասնագիտություն ունե՞ք:
- Եկեք անցնենք դու-ի, լա՞վ:
- Լավ, ի՞նչ մասնագետ եք:
- Քաղաքագետ:
- Լավ, հարգելի' քաղաքագետ, հիմա լուրերի ժամն է,-ասաց Լիլիթը պատի ժամացույցին նայելով,- խնդրեմ դուք լուրեր նայե'ք, ես ընթրիք պատրաստեմ:
Ադամը կամենում էր ասել, որ պետք չէ, որ ինքը արդեն պետք է գնա, բայց ճիշտ հակառակն արեց.
- Լավ, իսկ դու երևի շատ համեղ եք պատրաստում:
- Քիչ հետո պարզ կդառնա:
Անձրևը կրկին սկսել էր առատորեն տեղալ, բայց այս անգամ արդեն որոտի եւ քամու ուղեկցությամբ: Հոսանքը հանկարծ անջատվեց:
- Վա՜յ,- ճչաց Լիլիթը:
Ադամը, մթության մեջ խարխափելով, գտավ խոհանոցը եւ մոտեցավ Լիլիթին:
- Վախեցա՞ր:
- Ճիշտն ասաց մի քիչ, լուցկի կա՞ մոտդ:
- Ցավոք ոչ, չեմ ծխում:
- Լավ, փորձեմ լուցկի եւ մոմ գտնել:
Մթության մեջ խարխափելով` դարակներից գտավ մոմը եւ լուցկին, վառեց ու տվեց Ադամին:
- Դու սա վերցրու, լուսավորի'ր, որպեսզի ես ուտելիքը բերեմ:
- Իհարկե:
Ադամի օգնությամբ Լիլիթը սեղան պատրաստեց, ապա ժպտալով ասաց.
- Երբևէ քո մտքով կանցնե՞ր, որ մի անծանոթ աղջիկ քեզ սեղան պատրաստել կտա:
- Ճիշտն ասած ո'չ:
- Ամեն բան մայրդ է անո՞ւմ:
- Մենք տանը աշխատող ունենք:
Ամպրոպը կրկին որոտաց:
- Աստված իմ, - վախեցած բացականչեց Լիլիթը:
- Հանգստացի'ր:
- Ի՞սկ եթե խփի:
- Մի' վախեցիր, ուղղակի որոտ է, իսկ որոտը վտանգավոր չէ:
- Բայց կարծես թե ցուրտ է:
- Մի քիչ:
- Կարելի է մի բան խմել տաքանալու համար:
- Դեմ չեմ:
- Իսկ ի՞նչ, - հարցրեց աղջիկը` մոտենալով պահարանին:
- Դու ի՞նչ ես սիրում:
- Շամպայն:
-Ուրեմն շամպայն կխմենք, բայց արժե՞:
- Իսկ ինչո՞ւ ոչ, - հարցրեց աղջիկը` շամպայնի շիշը երիտասարդին պարզելով:
- Իսկ եթե հարբե՞ս:
- Չէ', շամպայնից այդքան շուտ չեմ հարբում:
- Իսկ ինչի՞ց ես շուտ հարբում, երևի սիրո՞ւց:
Նրանք նայեցին իրար: Երկուսն էլ զգացին, որ մի տարօրինակ ջերմություն պարուրեց իրենց:
- Չգիտեմ, սիրուց էլ դեռ չեմ հարբել, չեմ էլ պատկերացնում, որ նման բան լինում է:
Մոմի լույսը ընկել էր աղջկա դեմքին, աչքերը քնքշորեն փայլում էին, լույս ու ստվերի համադրությունը մի յուրահատուկ հմայք էր հաղորդել նրան:
«Իսկ դու կարծես թե այս պահին ինձ հարբեցնում ես» -, անցավ Ադամի մտքով:
-Խմե՞նք մեր հանդիպման համար,-հարցրեց Ադամը` շամպայնի բաժակը վերցնելով:
- Խմենք:
- Չգիտեմ, սա մեր վերջին հանդիպումն է լինելու թե ոչ, բայց որ անմոռաց է լինելու, դա արդեն զգում եմ:
- Ինչո՞ւ ես այդպես կարծում:
- Չգիտեմ, դե ասում են` ոչինչ հենց այնպես չի լինում:
- Լավ, մեր հանդիպման կենացը:
Խմեցին, նայեցին իրար, ժպտացին, շփոթվեցին ստեղծված անհասկանալի իրավիճակից, աղջիկը հազաց, տղան հոգոց հանեց, յուրաքանչյուրն ընկավ իր մտքերի գիրկը: Ամպերը կրկին որոտացին ու սթափեցրին նրանց:
- Աստված իմ, էլի՞:
- Հանգստացիր, մի' վախեցիր:
- Լավ, ճիշտ ես, վախենալու ոչինչ չկա: Դե' փորձիր կերակուրը:
Ադամը համտեսելով ասաց.
-Հրաշալի է…:
-Իսկապե՞ս:
-Այո:
Շամպայնի շիշը քիչ-քիչ դատարկվում էր, զրույցը` դառնում մտերմիկ, Ադամը ոգևորված հետաքրքիր միջադեպ էր պատմում, Լիլիթը զրնգուն ծիծաղում էր` այլևս ուշադրություն չդարձնելով ամպրոպին:
Շամպայնի շիշը վերցնելով` Ադամը հարցրեց.
- Այսքանը ե՞րբ խմեցինք:
- Էլ չկա՞:
- Պատկերացրու` ոչ:
- Գիտե՞ս հիմա ինչ կանենք, կիջնենք նկուղ, եւ հայրիկիս պատրաստաց գինուց կբերենք:
- Պետք չէ, այսքանը բավական էր:
- Չէ', այդ գինուց հյուրասիրում ենք մեր բոլոր հյուրերին, այնպես որ, իջնենք:
- Լավ:
- Գիտես, բայց ես զարմանում եմ, դու խոսում ես երևանցիների նման, երբեք մտքովս չէր անցնի, որ այդքան ժամանակ դրսում ես ապրում:
- Հայրս, իսկապես, իսկական երևանցի է եւ շատ է տանջվում, որ այստեղ չի ապրում մեր տանը ամեն առումով երևանյան կոլորիտ է ստեղծում:
Լիլիթը ծիծաղեց:
- Ինչո՞ւ ես ծիծաղում:
- Կոլորիտ բառը որտեղի՞ց գտար: Իսկ եթե տանջվում է, ինչո՞ւ հայրենիք չեք վերադառնում:
- Չեմ կարող բացատրել, հայրենիքից հեռու երջանկությունը իսկապես լիարժեք չէ, բայց դրսում...

Դուրս եկան բակ, անձրևը դեռ հորդում էր: Լիլիթը, ձեռքերը տարածելով կանգնեց անձրևի տակ:
- Ի՞նչ ես անում, - ասաց Ադամը,- խենթացե՞լ ես ինչ է:
- Երբեք անձրև չեմ սիրել, իսկ հիմա այնքան հաճելի, հրաշալի է անձրևը, ի՜նչ հրաշալի է, - Լիլիթը ձեռքերը տարածած պտտվում էր խենթորեն:
Ադամը մոտեցավ.
- Իսկ ես անձրև սիրում եմ, որոտից էլ չեմ վախենում: Վալս պարել կարողանո՞ւմ ես:
- Այո':
- Դե արի' պարենք:
- Անձրևի տա՞կ, առանց երաժշտությա՞ն:
- Այո', անձրևի տակ, ապա ուշադիր եղի'ր, կլսես անձրևի մեղեդին... վատ չէ, իսկ և իսկը պարային:
Սկսեցին պարել անձրևի մեղեդու տակ, խենթ ու խելառ վալս էր, որն այնքան համահունչ էր նրանց ներաշխարհին :
- Հոգնեցի, - ասաց Լիլիթը:
- Գնանք, չմրսես:
- Իսկ գինի՞ն:
- Չէ', ես արդեն հարբած եմ:
- Ի՞նչ, անգամ ես հարբած չեմ, դու ինչպես կարող էիր հարբել:
- Ես մազերիդ բույրից եմ հարբել:
Նայեցին մեկ մեկու աչքերի:
- Այդպես մի' նայիր, աղաչում եմ, հայացքդ խենթացնում է:
Լիլիթը ժպտաց.
- Գնանք տուն:
Նստեցին սեղանի մոտ:Լիլիթը, ձեռքերը ետ տանելով, հավաքեց մազերը: Թրջված վերնաշապիկը կպել էր մարմնին, իսկ անձրևի կաթիլները պարանոցից հոսում էին վերնաշապիկի բացվածքից ներս:
- Մոմը հիմա կվերջանա, - ասաց Լիլիթը,- չե՞ս մրսում, հիմա սրբիչ կբերեմ:
Լիլիթը դուրս եկավ, ապա սրբիչը ձեռքին մոտեցավ Ադամին ու սկսեց սրբիչի ծայրով չորացնել նրա թրջված մազերը: Ադամը վերցրեց սրբիչի մյուս ծայրը եւ մոտեցրեց Լիլիթի դեմքին:
- Չէ', դու այսպես թրջված շատ ավելի գեղեցիկ ու գայթակղիչ ես:
- Ինչո՞ւ ես նման բան ասում:
- Քեզ դուր չի՞ գալիս:
- Ո'չ, խնդիրը այդ չէ:
- Դու շատ գեղեցիկ ես:
Լիլիթի ձեռքից սրբիչը վերցնելով` գցեց հատակին, գլուխը մոտեցրեց աղջկա վարսերին...
- Ի՞նչ ես անում:
- Ոչինչ…
Աղջկա երկար թաց մազերը հեռացրեց եւ շրթունքները նրբորեն ու դանդաղ հպեց նրա պարանոցին: Լիլիթը Արամի շնչի ջերմությունից լարվեց, փորձեց հեռանալ...
Ադամը գրկեց նրան.
- Թող գրկիս մեջ տաքացնեմ քեզ, մրսել ես:
Լիլիթը` ձեռքերը իրար սեղմած, կուչ եկավ Ադամի գրկում:
Ադամը դանդաղ արձակեց նրա վերնաշապիկի կոճակները:
- Խե՞նթ ես, ի՞նչ ես անում:
- Թաց է, որ մնա կմրսես:
- Քոնն էլ է թաց:
Ադամն իր վերնաշապիկն էլ հանեց ու գցեց հատակին, ապա ծնկի իջավ եւ գլուխը հպեց աղջկա մերկ մարմնին... Լիլիթը գրկեց Ադամի գլուխը` ապա ինքն էլ ծնկի եկավ...
Ադամը համբուրեց նրան:
- Սա ճիշտ չէ,- ասաց Լիլիթը:
- Գիտեմ:
-Ուրեմն թո'ղ:
- Չեմ կարող, ուզում եմ սիրել քեզ, անզոր եմ ինձ զսպելու, էլ ոչինչ մի խոսի'ր, լուռ վայելիր մեր խենթ սիրո դրսից եկող մեղեդին:
- Սե՞ր, ի՞նչ սեր:
- Ես սիրում եմ քեզ, թվում է` ամբողջ կյանքում ճանաչել եմ քեզ, երազել հենց քո մասին:
Մոմի լույսը մարեց լուռ տրվեցին միմյանց …
Ադամը, խորը հոգոց հանելով, պառկեց հատակին, Լիլիթը` նրա մերկ իրանին:
- Քրտնած ես, կմրսես...
-Չէ՜, թո'ղ այսպես մնամ:
Ադամը ամուր գրկեց Լիլիթին:
- Դու իսկապե՞ս առավոտյան պիտի մեկնես:
- Այո':
- Ի՞սկ չի լինի, որ չգնաս:
- Իսկ դու ուզո՞ւմ ես, որ ես մնամ:
Լիլիթը լռեց...
- Ինչո՞ւ չես խոսում:
- Չէ' Ադամ, քո Եւան քեզ է սպասում:
- Բայց Լիլիթը ինձ գերել է, ու ես նրան եմ տենչում,- ասաց Ադամը` աղջկա դեմքը ծածկելով համբույրներով:
- Քո ապագան այնտեղ է, օվկիանոսից այն կողմ:
- Իսկ դո՞ւ:
- Իսկ ես կշարունակեմ ապրել, սովորականի նման,- մի պահ լռեց, ապա շարունակեց,- չէ', իմ կյանքն այլևս առաջվանը չի լինի, դու այն փոխեցիր:
-Ների'ր, խնդրում եմ, ների'ր, հավատա ես չէի ցանկանա քեզ ցավեցնել:
Լիլիթը համբուրեց նրա շուրթերը.
- Դու ինձ չես ցավեցրել,- ապա նայեց պատուհանին,- լույսը բացվում է, չեմ ուզում... ես ողջ կյանքում առավոտ վաղ եմ արթնացել ու միշտ զմայլվել լուսաբացով, իսկ այսօր չեմ ուզում լույսը բացվի, թող գիշերը հավերժ լինի եւ այսպես պառկած լինեմ քո գրկում:
- Իսկ ես չեմ սիրել առավոտը, որ ստիպված պետք է արթնանամ, աշխատանքի գնամ, բայց այսօր արի' միասին դիմավորենք այգաբացը:
- Լավ, դու հագնվի'ր, ես սուրճ պատրաստեմ:
Ադամը հագնվեց եւ մոտեցավ պատուհանին, բացեց այն, անձրևը դադարել էր, մեղմ քամի էր փչում: Լիլիթը սուրճը ձեռքին մոտեցավ, Ադամը վերցրեց սկուտեղը, դրեց փոքրիկ սեղանին ու թիկունքից գրկեց աղջկան` շուրթերը մոտեցնելով նրա ականջին.
- Լսու՞մ ես:
- Ի՞նչը:
- Մեղեդին:
- Ի՞նչ մեղեդի Ադամ:
- Քամին, ծառերը, երկինքը, նոր ծագող արևը, նրանք բոլորը միասին մեղեդի են նվագում, միթե՞չես լսում:
- Ոչինչ չեմ ուզում լսել, բացի քո ձայնից, ոչինչ չեմ ուզում տեսնել, բացի քո դեմքից,- նա դեմքով դեպի Ադամը շրջվեց, եւ ամուր գրկեց,- ինչո՞ւ պիտի այսպես լիներ:
- Չգիտեմ, չգիտեմ:
Լռեցին... մինչև այն պահը, երբ Ադամը նայեց ժամացույցին ու ասաց, որ պիտի գնա.
- Ես քեզ կգրեմ, կզանգեմ…
- Չէ, պետք չէ…
Երբեմն իրենք իրենց հարց էին տալիս, թե ինչո՞ւ այդպես եղավ:
- Երևի, որ այլևս չվախենամ ամպրոպից,- մտածում էր Լիլիթը:
- Երևի, որ ես սիրեմ այգաբացները,- մտածում էր Ադամը:
Ամեն անգամ անձրևի ժամանակ Լիլիթը կանգնում էր պատուհանի առջև ու թախծոտ հայացքով դուրս նայում:
-Չեմ հասկանում ի՞նչ կա այդ անձրևի մեջ, որ ամեն անգամ այդպես կանգնում նայում ես,- հարցնում էր Լիլիթի ամուսինը այդպես էլ պատասխան չստանալով,- տարօրինակ է, որ անգամ որոտի ուժեղ ձայնից չես վախենում:
Իսկ Ադամը ողջ կյանքում անհամբեր սպասում էր այգաբացին եւ բոլոր առավոտները դիմավորում լուսամուտի մոտ և ունկդրում... նրան թվում էր, թե ինչ-որ մեկը ամեն առավոտ նվագում է իր խենթ սիրո գիշերվա մեղեդին:

Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ` 1317 | | անձրև, Երևան, Հեղինե Մարգարյան, Լիլիթ, Եվա, Տաքսի, Ավետիք Իսահակյան, Խենթ սիրո գիշերվա մեղեդին, Ադամ, Կանադա | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024