Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
Ի՞նչ են տվել Գարգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարին... 
+ 04.11.2013 +
Ժամանակների գնհատականը 
+ 15.08.2012 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Դատավճիռն իրականացրին հայորդիները 
+ 28.08.2012 +
Նորից այնտեղ` մեր տուն 
+ 27.10.2012 +
ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
+ 31.07.2013 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Մի աստղ բացակա էր երկնքում 
+ 20.08.2013 +
Դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդ... 
+ 23.08.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 7 » Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը
20:17
Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը
Հայաստանում գործող քրիստոնեական կրոնական որոշ կազմակերպություններ-եկեղեցիների ու Հայ առաքելական եկեղեցու միջեւ մկրտության վավերականության խնդիր կա, երբ մի եկեղեցին չընդունելով մյուսի կատարած մկրտությունը, իր եկեղեցում կրկնակ մկրտություն է անում: Այս խնդրին այս հարցազրույցով սկումէ անդրադառնալ «Խղճի ազատությունը»:
Հոգեշնորհ Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական բաժնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատուն է, «Խղճի ազատության» հետ հարցազրույցում նա ներկայացնում է մկրտության խորհուրդն, ինչպես նաեւ անդրադառնում կրկնամկրտությանը:
Հայր սուրբ, ի՞նչ կարեւորություն ունի մկրտության խորհուրդը մարդու կյանքում, եւ ո՞ր տարիքում պետք է մկրտվել:
Ս. Մկրտության խորհուրդը հաստատել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որը հաճախ անվանում ենք նաեւ «մուտքի» խորհուրդ, քանզի առանց մկրտվելու մարդ չի կարող մասնակցել Եկեղեցու մյուս խորհուրդներին: Մկրտությամբ մարդ սրբվում է ադամական կամ սկզբնական մեղքից՝ դառնալով քրիստոնյա, Եկեղեցու անդամ, երկնավոր Հոր որդեգիր, Քրիստոսին ժառանգակից եւ Ս. Հոգու տաճար: Քրիստոս Աստված շատ հստակ ասում է. «Եթե մեկը ջրից եւ Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ. Գ 5): Հիսուսը նաեւ իր համբարձումից առաջ առաքյալներին պատվիրեց բոլորին մկրտել Ս. Երրորդության անունով (տե՛ս Մատթ. ԻԸ 19-20): Ուստի մկրտությունն անհրաժեշտ պայման է քրիստոնյա դառնալու համար: Մկրտությունն անվանում ենք նաեւ «վերստին ծնունդ»: Եթե առաջին անգամ ծնվում ենք մեր մարմնավոր ծնողներից, ապա երկրորդ անգամ՝ աստվածային եւ հոգեւոր ծնունդով հոգեւոր ծնողներից, որի ժամանակ հայրն Աստված է, մայրը՝ Եկեղեցին, իսկ արգանդը՝ Եկեղեցու Ս. Ավազանը:
Ս. Մկրտության համար տարիքային սահմանափակում չկա: Առաքելական ժամանակից սկսյալ Եկեղեցին խրախուսել է մանկամկրտությունը, քանզի երեխան համարվում է կատարյալ մարդ, ուստի որեւէ բան չի կարող խոչընդոտել Եկեղեցուն նրա անդամագրվելու եւ քրիստոնյա դառնալու համար: Բացի այդ, հանգամանքների բերումով ոչ բոլորը կարող են հասնել չափահասության, ուստի երբեք չպետք է ուշացնել երեխայի մկրտությունը: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների՝ երեխային կարելի է մկրտել ութերորդ օրը: Եթե երեխայի կյանքին վտանգ է սպառնում, ապա ավելի շուտ:
Արդյո՞ք մկրտվելով են միայն դառնում որեւէ եկեղեցու անդամ, տվյալ դեպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցու, թե՞ նաեւ առանց մկրտության ցանակացած մեկը կարող է իրեն համարել Հայոց Եկեղեցու զավակ, եթե ինքն այդպես է զգում կամ ցանկանում:
Ինչպես վերեւում նշեցինք, առանց մկրտության մարդ չի կարող փրկվել եւ առավել եւս արժանանալ հավիտենական կյանքին: Մկրտությունն անհրաժեշտ պայման է, քանզի հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից: Ուստի մենք չենք կարող ավելորդություն կամ երկրորդական համարել այն, ինչն Աստված անհրաժեշտ է համարել մեզ համար:
Այլ խոսքով՝ այն ձեւականություն կամ մարդկանց կողմից հնարված մի բան չէ, այլ աստվածահաստատ իրողություն՝ մեղքից ազատվելու եւ փրկվելու համար: Մարդ կարող է լինել շնորհալի, բարի, առաքինի, բայց միայն մկրտությամբ կարող է դառնալ քրիստոնյա եւ Եկեղեցու անդամ: Հետեւաբար այս խորհուրդը մարդու փրկության եւ Քրիստոսով նոր արարած լինելու սկիզբն է: Դառնալով քրիստոնյա` մարդ պետք է մի կողմ դնի իր հին ընթացքը եւ այլեւս իր կյանքն իմաստավորի Տիրոջով ու ավետարանական պատգամներով:
Բնական է, որ Հայոց Եկեղեցու զավակի ընտանիքում ծնված մարդն իրեն կհամարի մեր Եկեղեցու զավակ, բայց այդ զգացողությունը պետք է ամրագրել՝ մկրտվելով եւ մեր Եկեղեցու Ավազանից ծնվելով: Այսինքն՝ միայն այդպես համարելը կամ այդ զգացողությունն անբավարար եւ թերի են:
Հայր սուրբ, արդյո՞ք ընդունելի է կրկնամկրտությունը:
Կրկնամկրտությունն աններելի մեղք է եւ անընդունելի: Պողոս առաքյալը հստակ ասում է. «Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ Մկրտություն» (Եփես. Դ 5): Նույնն ենք խոստովանում նաեւ Նիկիակոստանդնուպոլսյան հանգանակում, որը բարձրաձայն ասում ենք յուրաքանչյուր Ս. Պատարագի ժամանակ՝ իբրեւ մեր ուղղափառ հավատքի խոստովանություն: Բնականաբար, մարդ մկրտվելուց հետո էլ մեղքեր է գործում, բայց այս դեպքում տվյալ մարդը ոչ թե պետք է վերամկրտվի, այլ ապաշխարության խորհրդի միջոցով վերականգնվի Մկրտությամբ ստացած շնորհների մեջ:
Մեզ համար ընդունելի են այն Եկեղեցիների կատարած մկրտությունները, որոնք ունեն առաքելական հաջորդականություն, վավերական քահանայություն եւ եպիսկոպոսություն: Օրինակ՝ եթե Կաթոլիկ կամ Ուղղափառ Եկեղեցու հավատացյալը ցանկանում է դառնալ Հայոց Եկեղեցու անդամ, մենք նրան չենք վերամկրտում, որովհետեւ ընդունում ենք այդ Եկեղեցիների կատարած մկրտությունները: Բայց աղանդավորական կամ զանազան կրոնական կազմակերպությունների կատարած մկրտությունների դեպքում, քանի որ դրանք վավերական եւ օրինական ուժ չունեն, պարզ լվացումներ են եւ չեն կարող ապահովել մարդու փրկագործությունը, բնականաբար, նման դեպքերում անպայման մկրտում ենք, որը երբեք չպետք է շփոթել կրկնամկրտության հետ:

Աղբյուրը`
http://kron.armhels.com

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1625 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024