Հասցեատերը ես էի , հասցեն իմն էր, հասցեի <շնիկն> էլ ասես անհանգիստ վնգստում էր: Հասցեն իմն էր, բայց ինչո՞ւ կարմիր: Հա, երևի մոդա է: Հիմա ոչ միայն մարդիկ, այլ գույներն էլ են խառնվել, ամեն ինչ խառնվել է`հասցե, հասցեատեր, ծրար: -Պա´պ, հասցեի վրա այս կոճակը սեղմում ես, ու դառնում է կապույտ, կամ սև կամ բորդո ու կարդում ես: Աղջիկս է: Նա իրեն համարում է համակարգիչների մեծ գիտակ, թեև ընդամենը առաջին դասարանում է: -Այսինքն, ինչպե՞ս թե կապույտ: Իմ երազանքների՞ նման: -Դե, լա´վ էլի, ուղղակի կապույտ, ու կկարդանք, սեղմի´ր: -Այսինքն, ինչպե՞ս թե սև: Իմ ապրած տարիների՞ նման: -Լա´վ էլի, պա´պ: Սեղմի´ր, չէ՞ որ շատ ենք սպասում, սա մեր առաջին նամակն է: Ես երբեք համակարգչով չեմ կարդացել նամակ: Ու աղջիկս թաքուն նայում է խոհանոցի կողմը, որտեղ աշխարհում եղած ու չեղած բոլոր ափսեներն ամեն անգամ համերաշխ ձայնակցում են մոր տեդադրած մեկ ափսեին: -Իմ փոքրի´կ իշխանուհի, իսկ Բորդոն դա գույն չէ, Բորդոն քաղաք է Ֆրանսիայում: -Պա´պ, միգուցե Բարդո՞: Ա´յ, սա հաստա´տ քո գործիքների արկղին փակցված բազմաթիվ նկարների` քո նախնադարյան դերասանուհու ազգանունն է, անունն էլ` կարծեմ Բրիջ... չգիտեմ ինչ: Չէ´, հաստա´տ իմ աղջիկն է` ինձ նման կծան: -Բրիջը, աղջի´կ ջան, թղթախաղ է, - ժպտում եմ, բայց զգում եմ, որ կամաց-կամաց մեջս է լցվում հիշողությանս բոլոր մասնիկները լափող սև դևը: * * * Ո՞վ էի ես, ի՞նչ իրավունքով, ո՞ր օրենքով, և մի՞թե բավարար պայման էր երիտասարդ լինելը, որ քեզ` ինձ այդքան նվիրվածին, ինձ անչափ սիրողին տարվեցի թղթախաղում: Հիմա քո կողմից գրված նամակը երևի իր մեղադրական տեսքով հառնել է աչքիս և մի անմեղի ներկայությամբ պետք է պայթի: Ու ինչպես այն ժամանակ , երբ ասացի թե իմը չես, արդեն պատկանում ես Գևորին, ինքս ինձ պետք է ատեմ, հիմա էլ` աղջկաս մոտ: Հեռախոսը զանգեց: Զոքանչս էր: Երևի զանգել է իր հազարամյա պատմության շարունակությունն աղջկա ականջին թարմացնելու: Նրա ամեն զանգից հետո մեր տան միջանցքի պատին մի նոր դեղի անուն է ավելանում: Կնոջս ցանկությունն է , որ իր մորը բուժող ամեն բան լինի աչքի առաջ: Մեր ամուսնության տասը տարիների ընթացքում փորձեցի բացատրել, որ ամբողջ աշխարհում չկա զոքանչներին բուժող դեղ, չկա և վերջ, որ զոքանչները չեն հիվանդանում, նրանք հենց իրենք են հիվանդացնում: Պատերին պետք է գրել փեսաներին բուժող դեղերի անունները: Զոքանչիս խոսքերով` իր սիրած փեսան եմ: Շատ խելացի կին է, ունի մեկ աղջիկ, մեկ փեսա, այն էլ` ամենասիրած: -Պա´պ, տատիկն էր, ասաց, որ ինձ սիրում է, բայց ես չեմ հավատում: -Ինչու՞, - անկեղծ զարմանում եմ ես: -Պա´պ, մեծ մարդ ես ու չգիտես, որ երբ սիրում են ասում են` <Բարև, սիրելիս>, բա~: * * * Ընդամենը երեք օր է անցել, երբ պատահմամբ հանդիպեցինք: Համարյա չէիր փոխվել, մի քիչ հասունացած, մի քիչ լցված, իսկ երեսիդ մանր կնճիռները չէին կարող փոխել քո առաջվա գեղեցկության փաստը: Քո` կնոջ թաքնված գեղեցկությունը կարծես ուզում էր պոռթկալ շորերիդ միջից ու ճչալ. <Այո´, ես եմ, քո կողմից անարգվածն ու ծախվածը: Դե´, փորձիր ունենալ ինչ ունեիր, և ինչը չուներ քո տարիքի ոչ մի տղա>: Նայեցինք իրար, տեղն անպատեհ էր: Ես քեզ լուռ մեկնեցի իմ այցեքարտը (իհարկե միայն աշխատանքային հեռախոսահամարներով), և մեղավոր հոգիս կրկին արթնացավ քո լռությունից: Թախծոտ աչքերդ Տիրոջը խաչող մեխերի նման մեխվել էին մատիս փայլփլող ոսկե օղակին: Մատս էլ էր ամաչում: Արյուն էր կաթում քո աչքերից: -Երեխաներ ունե՞ս,- սա քո բարևն էր` 15 տարի ուշացած: -Այո´, մի դուստր` քո անունով,- սա իմ զղջումն էր -Ո՞ւմ է նման, նրա՞ն,- իսկ սա արդեն ձեռնոց էր իմ հպարտությանը: -Ո´չ, ինձ, ինձ է նման: -Չես փոխվել: Դե լա´վ, իմ կանգառն է: Իջար: Այո´, չեմ փոխվել երևի, և համոզված եմ, որ չես զանգելու ոչ մի հեռախոսահամարով, չես գալու աշխատանքիս վայր ոչ մի պայմանով: Բայց վստահ էի, որ իմ էլեկտրոնային փոստը չի մնա դատարկ, քանի որ քո անունով է, աղջկաս անունով, իմ հիշողությունն է` ani_jan@freenet.am: * * * -Պա´պ, պապիկը ասում է, որ ես տիկնիկ եմ:Իսկ դու ի՞նչ ես եղել փոքր ժամանակ: -Ես եղել եմ Առաջինը, միշտ առաջինը, Անի´ ջան: -Բա քո առաջին նամակը իմ հասցեում չե՞նք բացելու: * * * Ես սիրում էի լինել միշտ առաջինը,և առաջինն էի: Երբ խաղ էինք խաղում թե ով, ո՞ր մուլտֆիլմի ի՞նչ հերոս է, ես միշտ լինում էի <Բրեմենյան Երաժիշտերը>-ի նվագող տղան, աղջիկը` Բեյրութից եկած Անժելի աղջիկ Մարիամիկը, աքլորը Ավետիքն էր` միշտ լպրծուն քթով, շունը`արևածաղկի սերմեր վաճառող Արևհատի թոռ Գուրգենը, ավանակը` կարի մեքենաներ վերանորոգող Երվանդի տղա Արտոն, իսկ կատուն` ապակի գցող Գառնիկի տղա Գևորը, որին էլ թղթախաղում քեզ տարվեցի, քեզ` ինձ այնքան նվիրված ու սիրող (ես հետո հասկացա) իմ լա´վ Անի: Ես միշտ առաջինն էի: Մեր թաղի տղաներից ես առաջինը վայելեցի կնոջ հաճույքը: Ճիշտ է, կարգին բան չհասկացա, բայց առաջինն էր, հաճելի էր: Թաղի ամենագեղեցիկ աղջիկն էր` 26-ամյա Քնարիկը, որին այդ օրը մեզանից մեծ տղաները չգիտեմ որտեղից ավտոմեքենայով բերել ու հարբած թողել էին տան հարևանությամբ գտնվող մարզադաշտի պատի տակ: Առաջինը ես մոտեցա նրան: Շրջազգեստը բարձրացել էր,երևում էր նախշուն ներքնազգեստը: Կրծկալ չուներ կամ երևի կորցրել էր: Դա ինձ վստահություն ներշնչեց, քանի որ այդ ժամանակ ես կրծկալ քանդելու ձևը չգիտեի: Բաց կրծքերը թղթախաղի մեկանոցների նման հպարտ ու ձիգ նայում էին ուղիղ ինձ: Վերցրեցի: Դա էր առաջին թպրտոցը մարմնի բոլոր մասերում: Դա էր այն սիրո ջերմությունը , որը ոտքերից բարձրանում է վերև` մինչև մազերը, հետո իջնում ու ավարտվում հպարտություն ու մաքրություն կոչվող ուղիներում: Քնարիկի վրայից օղու անտանելի հոտ էր գալիս, բայց հաճելի էր նրան ձեռք տալը: Անփայլ աչքերը բարձրացրեց ու ասաց. -Ինչ ուզում ես արա, միա´յն դու, տղաներին չթողնե´ս մոտենան: Այդ վիճակում էլ նա վստահ էր, որ ինձ կենթարկվեն արդեն կրքից կարմրած ու տաբատների նշանավոր տեղերը ուռեցրած տղաները: Նրա չենթարկվող ձեռքերն սկսեցին քանդել տաբատիս կոճակները.... * * * -Պա´պ, այս կոճակը սեղմում ես, որ բացվի նամակը... * * * Առավոտյան ամբողջ թաղը գիտեր: Ես ման էի գալիս հպարտ: Իսկ դու՞ ինչպիսի ատելությամբ էիր նայում ինձ: Հիմա արդեն պատկերացնում եմ, թե ինչպես էր սիրտդ ավերվել, Անի´: Գևորին հազիվ էի զսպել, որ Քնարիկին չմոտենար`կռվով: Իսկ մյուս օրը սիրտը շահելու նպատակով թղթախաղով դիտմամբ տարվեցի 12 ռուբլի: Մեծ փող էր: Հետո արդեն` էլի ու էլի, բայց ո´չ դիտմամբ: Չէի կարողանում խաղալ: Մտքումս Քնարիկի կրծքերն էին ու փոքրիկ կապույտ ծաղիկներով սպիտակ փերթիկի այդքան հեշտ տեղի տալը: Երեք ժամում պարտքս հասավ մոտ 80 ռուբլու և այդ ժամանակ էր, որ Գևորը առաջարկեց. -Պարտքի տեղը Անիից ձե´ռք քաշիր, փակվենք: Ու շրխկացին երկու աջ ձեռքեր` այնքան միամիտ, այնքան անհասկացող.. Ես հետո իմացա, որ Գևորն էր Քնարիկի պատմությունը տարածել` քո ականջին հասցնելու նպատակով,: Ես հետո իմացա, որ Գևորը քեզ խենթի պես սիրում էր ու ակամա դարձել էր իմ ախոյանը` լուռ ու դավադիր: Իսկ երբ կատարվածի մասին քեզ հայտնեցի ու ասացի, որ տարվել եմ ՔԵԶ թղթախաղում, սպասում էի, որ քո աջը կշրխկա իմ այտին... Բայց դո՞ւ: Դու լաց էիր լինում, լուռ: Շուրջդ դաժանություն էր կարմիր: Ես` դավաճանություն սև: * * * Համակարգչի աչքը թրթռաց` մի պահ ինձ կտրելով հուշերից: Զոքանչս դեռ խոսում էր: Չգիտեմ ինչու, երբ վերևի հարևանը ջուր է թափում նրանց վրա, զոքանչս իր պատմությունը սկսում է Մեծ Ջրհեղեղից, ու հիմա էլ երևի դեռ չի հասել տապանի` Արարատ սարի վրա իջնելու տեղը, որովհետև կինս անընդհատ ասում է. -Վա~յ, մա´մ ջան, մարդ չկա՞ր, հա՞: Չրխկ: -Այդ ի՞նչ արեցիր, Անի´, ինչո՞ւ բացեցիր նամակն առանց հարցնելու: -Պա´պ, այստեղ նամակ չկա, մի տող է, այն էլ` անգլերեն տառերով: Կարդա´, հա՞: Իրոք մի տող էր` «Barev sirelis.»
Ստեփան Ումառ
|